Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց «ժառանգություն» կուսակցության հրավիրած հավաքը: Իր մասնակցությամբ հավաքին աջակցություն է հայտնում «Ժողովրդավարական հայրենիք» ղեկավար Պետրոս Մաքեյանը:
Մինչ հանրահավաքը սկսելը Եվրամիության եւ Հայաստանի դրոշներով հրապարակ մտավ «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանն՝ իր աջակիցների հետ: Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է եկել, ասաց, որովհետեւ «Րաֆֆին է այստեղ»:
Լրագրողների հետ զրույցում Պարույր Հայրիկյանն ասաց, որ երեկ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Հայաստանի քվեարկությունը, որով նա «դեմ» արտահայտվեց Ռուսաստանի գործողությունները Ղրիմում անօրինական ճանաչելուն, ցույց տվեցին, որ Հայաստանը վերջնականապես կորցրել է ինքնիշխանությունը, ստրուկ է դարձել: «Առավոտ»-ի հարցին՝ այլընտրանք ունե՞ր Հայաստանը՝ այլ կերպ քվեարկելու, ԱԻՄ ղեկավարն ասաց՝ մի՞թե այն 100 երկրները, որոնք «կողմ» քվեարկեցին, այլընտրանք ունեին:
Կարդացեք նաև
Հայրիկյանն իր խմբով մի փոքր շրջեց հրապարակում, բայց անձրեւի սկսելուն պես՝ հեռացան:
Իր ելույթում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը անդրադարձավ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Հայաստանի քվեարկությանը եւ բացասական գնահատական տվեց դրան: Հետաքրքիր է, որ այսօր առավոտյան Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ճիշտ հակառակ դիրքորոշում արտահայտեց այդ կապակցությամբ, ասելով, որ այդպես էր պահանջում մեր պետական շահը:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ հրապարակի այս հավաքը պետք է դառնա ազգահավաք, նա ողջունեց ներկաներին, իսկ բացականերին կոչ արեց միանալ: Նա ասաց, որ մենք այլընտրանք չունենք, պետք է գնանք արտահերթ իշխանափոխության, քանի որ դա է թելադրում երկրի շահը եւ Սահմանադրության 2-րդ հոդվածը: Նաեւ ասաց, որ անցել է ճառերի, ծրագրերի ժամանակաշրջանը, եկել է գործի անցնելու ժամանակը:
Մանրամասներները` տեսանյութում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ