Լրահոս
Օրվա լրահոսը

Զավեշտալի միջադեպ՝ ՍԴ-ում. «կուտակային հայրը», քաղաքացուն ձեռք «քցելն» ու Հակոբ Հակոբյանի՝ հարցից շեղվելը

Մարտ 28,2014 18:09

«Դուք քաղաքացուն հարցրե՞լ եք, նա ուզու՞մ է, որ դուք իրեն ձեռք մեկնեք (Հակոբ Հակոբյանն իր խոսքում նշեց քաղաքացուն ձեռք «քցելու» մասին)»,-ՍԴ նիստերի դահլիճում ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին այսպիսի հարց հղեցին:

Նշենք, որ ՍԴ-ն դեռ շարունակում է քննել ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների 36 պատգամավորների դիմումի հիման վրա գործը, որով վիճարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի` կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականությունը:

Գործի քննությունը սկսել է այսօր առավոտից. ՍԴ-ում նախ հայցվոր կողմի ներկայացուցիչները ներկայացրին իրավիճակը՝ հիմնավորելով, թե ինչու են օրենքի համապատասխան դրույթներ հակասահմանադրական, այնուհետև պատասխանող կողմի ներկայացուցիչ Հակոբ Հակոբյանը հանդես եկավ ելույթով:

Նշենք, որ Հակոբ Հակոբյանն իր խոսքում անընդհատ շեղվում էր բուն պահանջի՝ պարտադիր բաղադրիչի վերաբերյալ հակափաստարկների ներկայացումից: Բանը հասավ նրան, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը Հակոբ Հակոբյանին զգուշացրեց. «Խնդիրը ռեֆորմի անհրաժեշտությանը չի վերաբերում: Հակափաստարկներ բերեք ու հիմնավորեք, արդյոք այդ ռեֆորմի իրականացման ճանապարհին գնացե՞լ ենք սահմանադրական ճանապարհով»:

ՍԴ նիստերի դահլիճում զավեշտալի միջադեպ տեղի ունեցավ: Հակոբ Հակոբյանը ամեն կերպ փորձում էր համոզել, թե պարտադիր կուտակայինի ներդրումը արդարացված է ու թվարկելով, թե քանի երկրի փորձ են հաշվի առել, ոգևորված ասաց. «Նույնիսկ կուտակայինի հայրն է եկել Հայաստան»: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հոգնած տոնով հարցրեց՝ «Եվ ի՞նչ է ասել այդ կուտակայինը…»:

Հայցվոր կողմի դիտարկումներն ու փաստարկները հիմնականում վերաբերում էին պարտադիր բաղադրիչին: Այս առիթով Հակոբ Հակոբյանը պատճառաբանեց. « Եթե անցնենք կամավոր սկզբունքին, ապա առաջիկա երեսուն տարիների դեպքում այնպիսի արդյունք չենք ունենա, ինչ մեկ տարում՝ պարտադիրի ներդրման պարագայում»: «Մեր նպատակն է արագացնել պրոցեսը, քանի որ մենք ուշանում ենք»,-հավելեց Հակոբ Հակոբյանը:

Հակոբ Հակոբյանը, դիմելով հայցվոր կողմի ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին, հարցրեց, թե ինչու իրենց առաջարկություններն ու դիտարկումները չեն ներկայացրել օրենսդրական նախաձեռնությամբ: Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Երբ ներկայացրինք այդ նախագիծը, քաղաքական մեծամասնությունը, այդ թվում նաև Դուք, պարզապես բոյկոտեց ԱԺ նիստը, և արդյունքում հնարավորություն չընձեռվեց խորհրդարանին քննության առարկա դարձնել այն խնդիրները, որոնք հիմա պարտավոր ենք ստանալ ՍԴ-ում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31