Նրանց փաստաբանը հույս ունի, որ քննության ընթացքում նոր հանգամանքներ ի հայտ կգան, որոնցով անդրադարձ կկատարվի նաեւ դատապարտված եղբոր արարքի որակմանը:
Խուլիգանության մեջ մեղադրվող սպիտակցի երեք եղբայրների փաստաբաններից Ռուբեն Հակոբյանը մասնակի է գոհ ՀՀ վճռաբեկ դատարանի կայացրած որոշումից:
Դատարանը բեկանել է մեղադրյալներ Մացակ և Արմեն Բադալյանների նկատմամբ առաջին ատյանի դատարանի կայացրած մեղադրական դատավճիռն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը` գործն ուղարկելով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության։
Կարդացեք նաև
ՀՀ վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել եղբայրներից Արթուր Բադալյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի`առաջին ատյանի դատարանի կայացրած մեղադրական դատավճիռը օրինական ուժի մեջ թողնելու մասին որոշումը:
«Քանի որ բողոքը բավարարվել է մասնակի, ես կոնկրետ մասնակի եմ գոհ վճռաբեկ դատարանից, որովհետեւ բողոքի հիմնաքարը եղել է Արթուր Բադալյանի մասով:Իսկ մյուս ամբաստանյալների մասով, միեւնույն է, համաներման ակտ կա ընդունված: Մասնակի եմ գոհ, նաեւ գտնում եմ, որ վճռաբեկ դատարանի դիրքորոշումը Արթուր Բադալյանի մասով սխալ է, քանի որ դա նյութական իրավունքի հարց է, ոչ թե փաստի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Ռուբեն Հակոբյանը:
Նա տեղեկացնում է, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Մացակ եւ Արմեն Բադալյանների գործը:
«Մենք նաեւ հույս ունենք, որ նոր քննության ընթացքում այնպիսի հանգամանքներ ի հայտ կբերենք, որ նորից անդրադառնանք Արթուր Բադալյանի արարքի որակմանը»,-եզրափակում է Ռուբեն Հակոբյանը` նկատելով, որ Մացակ եւ Արմեն Բադալյանների գործողություններում խուլիգանության հանցակազմ չկա, նրանց պետք է արդարացնել:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ