Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական պատգամավոր. «Թույլ չեմ տա, որ իմ ու քաղաքապետի արանքը որևէ մեկը տեղավորվի»

Մարտ 28,2014 17:38

Մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանի ու մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Մուշեղ Պետոյանի հարաբերությունները խիստ լարվել են: Այս պատճառով տապալվում են նաև Արթիկի ավագանու նիստերը. ավագանու անդամ է նաև պատգամավորի հայրը` Թուրինջ Պետոյանը: Եվ բանը հասել է նրան, որ Պետոյանները որոշել են պաշտոնանկ անել քաղաքապետին, որին և սատարել էին ՏԻՄ ընտրությունների ժամանակ: 

Իսկ Արթիկում տարածված խոսակցությունների համաձայն, պատգամավորի ընտանիքը Արսեն Աբրահամյանից հաշիվ է պահանջում ամեն մի քայլի համար, նույնիսկ կադրեր նշանակելիս, անգամ քաղաքապետը որոշել է «փոխհատուցել» ընտրությունների ժամանակ իրեն մատուցած ծառայությունները, միայն թե հանգիստ թողնեն իրեն` որպես քաղաքապետ:
Aravot.am-ը այս թեմայի շուրջ զրուցեց պատգամավորի հետ, ով կտրականապես հերքեց իր ու Արթիկի քաղաքապետի հարաբերությունների վատացումը` փոխանցելով հետևյալը. «Բոլորն էլ գիտեն, որ կա 3-րդ կողմ, որը սրտատրոփ սպասում է, թե երբ պիտի վատանան մեր հարաբերությունները: Բայց հիասթափեցնեմ նրանց` ասելով, որ մեր հարաբերությունները Արթիկի քաղաքապետի հետ շատ ջերմ են, և մենք երկուսս էլ համագործակցում ենք` ի օգուտ մեր քաղաքի: Ավագանու նիստերի հետ կապված ասեմ. եղել է առաջարկ գերեզմանոցից որոշակի տարածք անվճար հատկացնելու, մնացածը վճարովի դարձնելու: Ավագանու 8, թե 9 անդամ, այդ թվում և իմ հայրը, ով ավագանու ամենատարեց անդամն է, դեմ են քվեարկել այս առաջարկին: Ասեմ, որ Արթիկի ավագանու անդամները ակտիվ, ինքնուրույն մարդիկ են, դեմ են քվեարկել, բա ավագանին ինչի՞ համար է, որ քաղաքապետին չվերահսկի: Քաղաքապետը մարդ է, կարող է մի հարցում սխալվի, ավագանին նրան չսթափեցնի՞:

Ես ուրախ եմ, որ մեր ավագանու անդամները գլուխները կախ ամեն հարցին կողմ չեն քվեարկում , բայց սա աշխատանքային պրոցես է, և ի՞նչ կապ ունի պատգամավորի ու քաղաքապետի հարաբերությունների հետ, որ մամուլը էսպես գրում ու հա գրում է:
Երկրորդ ավագանու նիստն էլ չի կայացել քվորում չապահովվելու պատճառով: Ես երբեք թույլ չեմ տա, որ մեր արանքը ինչ-որ մեկը տեղավորվի: Ես ու քաղաքապետը ընկերներ չենք, բարեկամներ չենք, նույն կուսակցությունից չենք, ես ԲՀԿ-ական եմ, նա՝ ՀՀԿ-ական, բայց հավատացեք, կուսակցական պատկանելությունը ոչ մի կապ չունի քաղաքի շահերի հետ: Մենք երկուսս էլ գիտակից մարդիկ ենք, յուրաքանչյուր ընտանիքում էլ տարաձայնություններ լինում են, ուր մնաց քաղաքապետարանում, բայց նորից եմ կրկնում, դա կապ չունի իմ ու քաղաքապետի հարաբերությունների հետ:

Մի խոսքով, պղտոր ջրում թույլ չենք տա ձուկ որսան, իսկ Արթիկի ավագանու անդամներով իրոք պիտի հպարտանանք, նրանցից յուրաքանչյուրը իր տեղը, դիրքն ունի քաղաքում, մեր քաղաքին, ժողովրդին նվիրված մարդիկ են»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31