«Թուրքիայի իշխող եւ ընտրություններում ֆավորիտ համարվող կուսակցությունը գնում է ընտրություններին պատվազրկված, հեղինակազրկված, սակայն քվեների քիչ կորստով»,- այսօր՝ մարտի 28-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:
Հիշեցնենք՝ մարտի 30-ին Թուրքիայում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ:
Ա. Իսպիրյանն ասաց, որ Թուրքիայի պատմության մեջ տեղի են ունենում դրամատիկ իրադարձություններ, քանի որ վերջերս տեղի ունեցավ ամենամեծ լրտեսական սկանդալը՝ Թուրքիայի ԱԳՆ նախարարի սենյակի գաղտնալսումը, որտեղ խոսվում է Թուրքիայի հետագա քայլերի մասին:
Այն կարծիքը, որ Էրդողանի իշխանությունը ձեռնտու է Թուրքիայի հայ համայնքի համար, թուրքագետն այնքան էլ ճիշտ չի համարում. «Մուստաֆա Սարիգյուլը, ի տարբերություն Ստամբուլի ներկայիս քաղաքապետ Թոփբաշի, հայտնի է նրանով, որ նա առաջին եւ միակ թուրք քաղաքապետն է, ով հայկական մեդալ է ստացել Պոլսո Հայոց պատրիարքարանից՝ Ստամբուլի հայ համայնքին մատուցած ծառայությունների համար: Այնպես որ, ընդդիմադիր թեկնածուի ընտրությունը հայ համայնքի համար բացասական նշանակություն չի կարող ունենալ»:
Կարդացեք նաև
Անդրանիկ Իսպիրյանը Թուրքիայի իրավիճակը զավեշտալի է համարում, քանի որ ժողովուրդը համոզվում է իշխանությունների կաշառակերության մեջ, չի տեսնում ավելի լավ այլընտրանք: Ընտրում է վատը՝ չընտրելով ավելի վատը. «Ավարտվում է Էրդողանի «փառավոր» դարաշրջանը: Մարդիկ մյուս ընտրություններում այլ կերպ են ընտրելու: Նոր սկսվեց այդ ամեն ինչը, մարդկանց մեջ դեռ չի մտել, չեն կարող ընկալել այն, ինչ տեղի է ունենում, եւ ինչ-որ տեղի է ունենում հիմա ՝ սոցկայքերի արգելափակումները՝ «Twitter», «Youtube» եւ երեկ հայտնի դարձավ, որ զբաղվում են նաեւ «Facebook»-ի արգելափակման գործով: Երբ արդեն ժողովրդի անձնական իրավունքներին են կպնում, նա արդեն իշխանությունների դեմ է տրամադրվում»:
Թուրքագետը համարում է, որ Էրդողանը փորձում է իրեն հետ պահել իշխող կուսակցության դիրքորոշումից եւ քննադատել իր կուսակցական ընկերոջը: Նա ցածր է գնահատում Էրդողանի վարկանիշը, եւ համարում է, որ նրա վարկանիշը շատ ավելի ցածր է, քան Աբդուլլահ Գյուլի վարկանիշը: Իսկ վերջին երկու ամիսների ընթացքում համացանցում հայտնված գաղտնալսումները թուրքագետը վերագրում է գյուլենական շարժման մասնակիցներին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ