«Այո, շտապողական էր, իշխանության նման կեցվածքն ինձ համար վիրավորական է, ստրուկի հոգեբանություն ունեցող մարդկանց կեցվածք է»,- «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից Ժիրայր Սեֆիլյանը Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Ղրիմի հանրաքվեի հետ կապված մեր իշխանությունների մոտեցումը:
Ղրիմի եւ Ղարաբաղի խնդրի միջեւ շատերը զուգահեռներ են անցկացնում եւ համեմատություններ անում՝ հույս կապելով, որ Ղրիմի հանրաքվեից հետո Ղարաբաղում իրավիճակ է փոխվելու: Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով՝ «Համոզված եմ, որ Ղրիմի եւ Արցախի նմանությունները շատ ավելի քիչ են, քան հակասությունները, ուստի այսօր դրանք նույնացնելը ճիշտ չէ: Պետք է իրերն իրենց անուններով կոչել և չշրջանցել այն պահը, որ հանրաքվեն տեղի ունեցավ հայտնի երկրի զինյալ ուժերի բռնի ներկայությամբ: Այս հանգամանքն արդեն իսկ շատ բան է ասում։ Պետք չէ մտածել, թե ռազմավարական մեր գործընկերները մեզնից կնեղանան: Մենք Արցախի հարցում բազմիցս նեղացել ենք աշխարհաքաղաքական տարբեր ուժերից՝ երկակի խաղերի պատճառով: Որքան շատ կարողանանք քաղաքականության մեջ բարոյականություն ու ճշմարտախոսություն մտցնել, այնքան լավ կլինի»:
Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն անվավեր ճանաչելու բանաձեւի նախագծին «դեմ» քվեարկեց: Թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ մեզ համար Ղրիմի հանրաքվեի հարցում ՀՀ իշխանությունների պահվածքը, Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը, ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ «Երկար ժամանակ է, ինչ աշխարհաքաղաքական կենտրոնները դիտարկում են մեզ իբրեւ գործիք, ուստի նմանատիպ հայտարարությունները մեկ անգամ եւս գալիս են հաստատելու, որ մենք մեր մեջ դեռ այն ներուժը չունենք, որ վերածվենք գործոնի։ Այս իմաստով, իհարկե, վնաս կրում ենք»։
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Իմաստուն մտքեր,՝ ինչպես միշտ։