Այսօր Ազգային ժողովում կայացած ճեպազրույցների ժամանակ, խոսելով Հայաստանի «խեղճ» վիճակից, երբ այնքան ենք թուլացել, որ չենք կարող մեր դիրքորոշումը հանգիստ ներկայացնել՝ որ կողմն ուժեղ է ճնշում, նրա կողմն ենք բռնում, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, որ կա այս վիճակից դուրս գալու «հիմնարար լուծում». «Պետք է ունենաս երկիրդ ներկայացնող բանակցող, որն ուժեղ է, որը կարող է ձեռքը սեղանին խփել»:
«Առավոտը» Արամ Մանուկյանից հետաքրքրվեց՝ արդյոք ասելով «ուժեղ եւ ձեռքը սեղանին խփող» ՝ պատահաբար Ռոբերտ Քոչարյանին նկատի չունե՞ր: Հիշեցնենք, որ որքան էլ ոչ իշխանական ուժերը խուսափում են տալ երկրորդ նախագահի անունը, այն մշտապես կապվում է այդ ոչ իշխանականների մեջ ամենամեծ կշիռն ունեցողի՝ ԲՀԿ-ի հետ: Նկատենք նաեւ, որ այդ ոչ իշխանականներից ՀԱԿ-ի առաջնորդն էլ ԲՀԿ առաջնորդին «ոչ պակաս Իվանիշվիլի» է համարում, իսկ ԲՀԿ վարչության անդամ Վարդան Բոստանջյանը ուղղակի բաց տեքստով էր տվել Ռոբերտ Քոչարյանի անունը, շեշտելով նրա «ուժեղ» լինելը եւ չբացառելով նրա վերադարձը: Այս ամենը նկատի ունենալով՝ բավականին տարօրինակ էր Արամ Մանուկյանի արձագանքը մեր հարցին: Նա սկզբում հարցրեց՝ «Դուք ինձ ձե՞ռ եք առնում», երբ ճշտեցի, որ ուղղակի հարց եմ տալիս, հայտարարեց. «Դուք անպատասխանատու հայտարարություն եք անում, պրովակացիա եք անում», եւ ասաց, որ ինքը վաղուց մոռացել է այդ անունը` «չկա ինձ համար այդպիսի անուն» եւ վիրավորված հեռացավ՝ չլսելով հաջորդ հարցերը, թե այդ դեպքում ո՞ւմ նկատի ունի «ուժեղ եւ ձեռքը սեղանին խփող» ասելով, եւ եթե ոչ իշխանական մյուս ուժերը, մասնավորապես, նույն ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն իրենց «ստավկան» դնեն Ռոբերտ Քոչարյանի վրա՝ ՀԱԿ-ը կվերհիշի՞ այդ անունը, թե ոչ:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ