«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակն այսօր «Կոնգրես» հյուրանոցում ներկայացրեց «Ուսուցիչների մասնագիտական զարգացման եւ կրթության բովանդակության գնահատումը՝ Հայաստանում հանրակրթության բարեփոխումների համատեքստում» հետազոտության հաշվետվությունը: Հետազոտությունն իրականացրել է «Բարև» գիտակրթական հասարակական կազմակերպությունը՝ 2013 թվականի փետրվար – հունիս ամիսների ընթացքում: «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը նշեց, որ իրենց հիմնադրամը նպատակ ունի ստեղծել մի միջավայր, որտեղ կրթության ոլորտով մտահոգ անձինք կկարողանան կարծիք հայտնել, հասնեն երկխոսության՝ կրթության ոլորտի քաղաքականությունը մշակողների հետ: «Չունենք այլ տարբերակ, քան բաց եւ անկաշկանդ քննարկումը»,-հայտնեց նա՝ հավելելով, որ իրենց ձեռնարկները հաճախ միանշանակ չեն ընդունվում կրթության ոլորտի քաղաքականություն մշակողների կողմից: «Այսպես շարունակվելու դեպքում, եթե կրթության ոլորտն էլ կորցնենք, դա կտանի կործանման»,-ասաց պարոն Ամիրյանը: Նա առաջարկեց ոչ թե ըմբոստանալ իրենց ներկայացրած տվյալների դեմ, այլ այն կապել իրականության հետ ու գործել՝ մարտահրավերները հաշվի առնելով:
«Բարեւ» հ/կ-ի ղեկավար Սերոբ Խաչատրյանը ներկայացրեց հետազոտությունը: Նա ասաց, որ ուսումնասիրությունն իրականացնելիս հիմնականում կենտրոնացել են ուսուցիչների մասնագիտական զարգացման եւ բովանդակային բարեփոխումների վրա: Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են Երևան քաղաքի և ՀՀ հինգ մարզերի 25 դպրոցներ: Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են ուսուցիչների մասնագիտական զարգացման (վերապատրաստումների) և կրթության բովանդակության հիմնախնդիրները։ Նրա խոսքով, հետազոտության մեջ վերհանված են հիմնախնդիրներին առնչվող ենթահարցերը, և ներկայացված է դրանց վերաբերյալ Հայաստանում առկա իրավիճակը՝ նորմատիվային դաշտի, աշակերտների, ուսուցիչների, դպրոցների տնօրենների, փորձագետների տեսանկյունից։
Ըստ ուսումնասիրության արդյունքների, ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված Կրթության զարգացման 2011-2015 թթ. պետական ծրագրի որոշ դրույթներ չեն կատարվում. «Մասնավորապես նախատեսվում է 2015 թ. պետբյուջեից կրթությանը հատկացվող միջոցները հասցնել 4 %-ի, մինչդեռ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված 2014-2016 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի կանխատեսումների համաձայն, Հայաստանում առաջիկա տարիներին էական դրական տեղաշարժեր չեն կանխատեսվում: 2014-2016 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով կրթության ոլորտին պետական բյուջեով նախատեսված ծախսերը 2014-ին կկազմեն ՀՆԱ-ի 2,56%-ը, 2015 թ.՝ 2,50%-ը, 2016-ին` 2,53 %-ը»:
Ըստ ուսումնասիրության, Հայաստանի ցուցանիշները նվազել են տարբեր տեղական եւ միջազգային զեկույցներում: Մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հրապարակվող «Կրթություն բոլորի համար» տարեկան զեկույցում հրապարակվող Կրթության զարգացման ինդեքսով 2007-ին Հայաստանն աշխարհում զբաղեցնում էր 29-րդ տեղը, 2009-ին` 43-րդ, 2012-ին՝ 52-րդ տեղը: Գիտելիքների ստուգման TIMSS միջազգային ստուգատեսում էլ Հայաստանը 2003-ի համեմատ էական նահանջ է գրանցել:
Կարդացեք նաև
Հետազոտության արդյունքներով, կրթական քաղաքականություն մշակողների, ուսուցիչների եւ հասարակության միջեւ համագործակցության բացակայություն կա:
Գյուղական վայրերում ապրող երեխաների ցուցանիշներն ավելի ցածր են, քան քաղաքաբնակ աշակերտներինը: Տղաների ցուցանիշներն էլ զիջում են աղջիկների ցուցանիշներին: Հայ աշակերտները հատկապես վատ ցուցանիշներ ունեն գիտելիքներ կիրառելու եւ տրամաբանելու առումով, մինչդեռ վերջին տասը տարիներին հենց այդ հմտությունների զարգացմանն են նպատակաուղղված եղել կրթական բարեփոխումները:
Սերոբ Խաչատրյանը փաստեց, որ գործընթացները տանում են նրան, որ հարուստ ընտանիքների երեխաները հավաքվում են մասնավոր կամ պետական, այսպես կոչված, էլիտար դպրոցներում, իսկ ոչ ապահոված ընտանիքների զավակները՝ սովորական դպրոցներում: «Եթե այդպես շարունակվի, Հայաստանի նման փոքր երկիրը չի կարողանալու դիմագրավել այդ խնդրին»,-ասաց պարոն Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ