Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Երեւի թե Ճիշտ էր…» (տեսանյութ)

Մարտ 28,2014 15:44

Ինչպես «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի, այնպես էլ ՀԱԿ-ի ներկայացուցիչն այսօր Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց, որ ՄԱԿ-ի բանաձեւին՝ ընդդեմ Ռուսաստանի, Հայաստանի չմիանալը ճիշտ էր: Բայց, ի տարբերություն ՀՅԴ-ի եւ «Ժառանգության», ՀԱԿ-ը՝ հանձին խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի, ուղիղ տեքստով չէր ասում դա, այլ կոչ էր անում հիշել, թե ինչ վիճակում է Հայաստանը հայտնվել հիմա, ինչպիսի սխալներ են եղել նախկինում եւ այլն, ու այդ համատեքստում նոր ասել, որ «երեւի թե ճիշտ էր» այդ «դեմը»:

Ըստ ՀԱԿ խմբակցության քարտուղարի՝ Հայաստանն այնպիսի խեղճ վիճակում է հայտնվել, որ այլընտրանք չուներ, քան այդ «դեմ»-ը: Նա, ինչպես միշտ, հիշեց, թե ինչպիսին էր իրենց՝ տեր-պետրոսյանական թիմը, որը ե՛ւ Ռուսաստանի հետ էր լավ հարաբերությունների մեջ, ե՛ւ Եվրոպայի ե՛ւ անգամ Թուրքիայի, որի տարածքով հաց ու վառելիք էինք ստանում: «Առավոտի» հարցին, եթե դուք դա պայմանավորում եք անձի գործոնով՝ Տեր-Պետրոսյանով, ապա այսօրվա Ռուսաստանի քաղաքականությունը պետք չի՞ պայմանավորել անձի գործոնով՝ կայսերապաշտական հակումներ ունեցող Պուտինն ու ժողովրդավար Ելցինը լրիվ այլ մոտեցումներ ունեն, Արամ Մանուկյանը պատասխանեց, որ պայմանավորում է ոչ միայն անձի գործոնով, այլեւ թիմով՝ «քաղաքական թիմ էր, ոչ թե օլիգարխների եւ քրեական անցյալ ունեցող հեղինակությունների թիմ»:

Երբ այդուհանդերձ, մի քանի լրագրողների ջանքերի արդյունքում հնարավոր եղավ Արամ Մանուկյանից պատասխան կորզել այն մասին, թե Հայաստանի շահերի՞ց էր արդյոք բխում ՄԱԿ-ում ՌԴ-ի կողքին կանգնելը, թե ոչ (պատասխանը, ինչպես վերը նշվեց՝ «երեւի թե ճիշտ էր»-ն էր), նա վերջում ավելացրեց՝ «դա չարյաց փոքրագույնն էր, հանկարծ դա չներկայացնեք որպես առաջընթաց»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31