Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանը՝ Նորատ Տեր-Գրիգորյանցին. «Ով չի կարողանում` թող չխանգարի»

Մարտ 28,2014 15:31

Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը օրերս հայտարարություն էր արել, որ համաձայն է Ժիրինովսկու հետ, որ Ղարաբաղը պետք է մտցնել ՌԴ կազմի մեջ: Նա 1in.am-ին ասել է, որ «ընդհանրապես, ես կարծում եմ, որ ողջ Հայաստանը Արցախի հետ միասին պետք է հանրաքվե անցկացնի ու մտնի ՌԴ կազմի մեջ: Չպետք է այդտեղ ինքնուրույնությամբ զբաղվել»:

Այս առնչությամբ Aravot.am-ը «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում գեներալի այդ հայտարարությունը: Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Մեր իրական ներքին թշնամին մեր անվստահությունն է սեփական ուժերի նկատմամբ, ազատ լինելու վախը, անկախ լինելու հնարավորության կասկածը: Մենք Արցախում տեսել ենք շատ ու շատ հայազգի սովետական սպաներ, որոնք արտաքին թշնամու դեմ կռվելիս օգտակար էին ու զորեղ, բայց դառնում են թուլակամ ու անօգուտ՝ ներքին թշնամու` կայսերական ստրկամտության դեմ հանդիման: Նորատ Տեր-Գրիգորյանցն արել է իր գործը` շնորհակալ ենք: Մենք բոլորս արել ենք մեր գործը, լավ թե վատ:  Բայց մեր գործն այսօր նոր սերունդը հին շղթաներից ազատելն է, հայ ժողովրդի վրայից ծառայամտությունը թոթափելն է։ Ով չի կարողանում` թող չխանգարի: Հազարավոր  հայ զինվորներ իրենց գլուխը դրեցին Արցախում ոչ նրա համար, որ 20 տարի անց պղծենք նրանց հիշատակն ու գերեզմանները` Մարտակերտից ու Մարտունուց մինչեւ Եռաբլուր: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը հասունացել է։ Խոսքը որակական փոփոխությանն է վերաբերում եւ ոչ տարիքային։ Այսինքն՝ մեր երկրում անհրաժեշտ է ռազմաքաղաքական նոր խավ ձեւավորել, որն առաջին հերթին, ի տարբերություն իր նախորդից, պետք է ձերբազատված լինի ստրկամտությունից։ Ինձ համար, այս իմաստով, ցավալի է գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի այդ արտահայտությունը։ Մենք նրան համարել ենք, ի տարբերություն այլ «գեներալների», լուրջ ռազմական գործիչ»։

Ժիրայր Սեֆիլյանը կոչ արեց  երիտասարդ սերնդին, որ Նորատ Տեր-Գրիգորյանցի եւ նմանատիպ հայտարարությունները նրանց չշփոթեցնեն. « Նոր սերունդը համակված է անկախ ապրելու խանդավառությամբ։ Նոր սերունդը տոգորված է ինքնիշխան երկրի ստեղծմամբ ու պահպանմամբ, այլ ոչ թե այս կամ այն կայսրությանը հանձնվելու մոլար գայթակղությամբ։ Մնացեք այդ դիրքերում եւ համարձակ պաշտպանեք ձեր համոզմունքները։ Կարծում եմ, որ Հայաստանում եւ Արցախում ապրող ժողովրդի գերակշռիռ մասը ցավագին են ընդունել այդ հայտարարությունը։ Միաժամանակ համոզված եմ, որ վտանգի դեպքում բավարար քանակով հայորդիներ պատրաստ են պաշտպանելու իրենց երկրի ինքնիշխանությունն ու թույլ չեն տա անցյալ դարասկզբի դեպքերի կրկնությունը»։

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. surhandak says:

    Կեցցես Ժիրայր, մենք Պատերազմի դաշտում թուրքի գնդակների տակ իզուր չենք օրեր անցկացել, իզուր չէ որ մեր ընկերները նահատակվեցին, և ոչ մեկ իրավունք չունի մեր արյամբ ազատագրած հողի մասին որոշումներ կամ առաջարկություններ անելու, Արցախը արդեն մերն է, եւ թող ոչ մեկ չսակարկի ինչպես և որքան:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31