Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Հակոբ Հակոբյանի՝ ՍԴ դիմած ուժերի փաստարկները հիմնավոր չեն (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 28,2014 15:27

«Ամոթ», «Բա պետությունն ո՞ւր մնաց», «Երեսուն տարի հետո դու որտե՞ղ ես լինելու, որ քեզնից փողերը պահանջենք», «Գողեր, ավազակներ». ՍԴ-ի դիմաց «Լուռ ակցիայի» մասնակից քաղաքացիներն այս կոչերով դիմավորեցին ՍԴ նիստերի դահլիճից դուրս եկող ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին: Ինչպես տեղեկացրել ենք,  ՍԴ-ում ընթանում է ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների  36 պատգամավորների դիմումի հիման վրա գործի քննությունը, որով վիճարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի` կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականությունը: 

Հակոբ Հակոբյանին տեսնելով՝ ՀՀ քաղաքացիները վրդովվեցին` ասելով, «դու ես, չէ,՞ օրենքի «ավտորը»: Այնուհետև երկխոսություն ծավալվեց նրանց միջև: Քաղաքացիները վրդովված ասացին, թե «կենսաթոշակների փողերը քաղաքացիներից վերցնում եք ձեր շահերի համար, այդպես արեցիք ավանդների հետ, զոռով ջահելների փողերը վերցնում եք»: Հակոբ Հակոբյանն էլ պատասխանեց` «Հիմա եկամտահարկ զոռով չե՞ք վճարում»:

Aravot.am-ի հարցին` հիմնավո՞ր էին հայցվոր կողմի ներկայացրած փաստարկները, պարոն Հակոբյանը պատասխանեց. «Իհարկե, հիմնավոր չէին…ես հասկացա, որ  մեր 50 օրենքները, բոլոր մայր օրենքները, որ մենք ընդունել ենք, հակասում են ՀՀ և Վրաստանի սահմանադրությանը»: Մասնավորապես Հակոբ Հակոբյանի համար հիմնավոր չէին խտրականության առումով` հայցվոր կողմի դիտարկումները: Նա նշեց. «Իսկ խտրականության արդյունքը ի՞նչ է լինում, խտրականությունն այն է, որ փայտը դնում, ասում են 1.20-ն այստեղից անցի, մյուսներին թույլ չեն տալիս: Այսինքն` մարդու ազատ մուտքը տարածք արգելում են»: Մեր այն հակադարձմանը` հայցվոր կողմը բազմաթիվ վճիռների օրինակներ է բերում միջազգային փորձից, մի՞թե դրանք հիմնավոր չեն: Նա պատասխանեց. «Ես էլ կարող եմ օրինակներ բերել»:

Dem-em_SD_11 Dem-em_SD_10 Dem-em_SD_8 Dem-em_SD_7 Dem-em_SD_12

Հարցին` դատարանի դահլիճում հնչեցվելիք տեքստը ի՞նքն է գրել, պարոն Հակոբյանն ասաց. «Ի տարբերություն հայցվոր կողմի, ես բանավոր եմ ելույթ ունենալու»:

Aravot.am-ը Հակոբ Հակոբյանի դիտարկումները փոխանցեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին, ով ՍԴ դահլիճում հայցվոր կողմի ներկայացուցիչն է: Այն պնդումներին, թե նրա դիտարկումները հիմնավոր չեն, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Հակոբ Հակոբյանն ունի բոլոր հնարավորությունները հիմա հակափաստարկներով հանդես գալու ու մեր անհիմն հաստատումները հերքել»: Խտրականության մասին  պարոն Հակոբյանի դիտարկումները պարոն Մինասյանը «ծիծաղելի» համարեց ու նշեց. «Ակնհայտ է բոլորին, որ խտրականություն է կիրառվում: Հիմա, թե ինչի հիման վրա է ասում, որ խտրական չէ, ես չգիտեմ»:

Կապված հայցվոր կողմի գրավոր ելույթի դիտարկման հետ` պարոն Մինասյանն արձագանքեց. «Եթե ինքը որպես առավելություն է դա դիտում, իր իրավունքն է, բայց ՍԴ պիտի ներկայացվի  գրավոր տեքստ, ուստի Հակոբյանը ստիպված է լինելու գրավոր տեքստ փոխանցել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31