Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դարձյալ հող չտալու արվեստը

Մարտ 28,2014 14:50
Merujan Ter-Gulanyan

Թերեւս շատ ավելի լավ է գլուխներս բարձր ելնենք Եռաբլուր, քանզի այն մեր հաղթանակած զինվորների սրբազան հիշատակն է, քան գլխահակ, տխուր խոնարվենք Ծիծեռնակաբերդում: Ծիծեռնակաբերդը մեզ համար սրբազան շիրիմ է, եւ ես հույս ունեմ, որ մի օր՝ ի դեմս Կոմիտաս Վարդապետի, Հայոց եկեղեցին բոլոր նահատակներին կհռչակի սրբերի դասին:

Հիմա` ինձ համար լացի Քեսաբը, որովհետեւ պատիվ եմ ունեցել տեսնելու այդ հրաշալի քաղաքը, վաղը, թերեւս, Լաթաքիան. մեր Կիլիկիայի վերջին սրբազան հողը դարձյալ հայազրկվում է: Եվ մեր հայրենակիցները փոխանակ զենք վերցնեն ու պաշտպանեն սեփական քաղաքը՝ մերումանուկով ապաստանել են եկեղեցում: Տեր Աստված, զարմանալի կարճ է մեր հիշողությունը, ինչպե՞ս ենք մենք մոռանում, որ ընդամենը հարյուր տարի առաջ թուրքը այրում էր ոչ միայն եկեղեցում ապաստանածներին, այլեւ եկեղեցին նույնպես, ինչը որ մինչեւ այսօր շարունակվում է…
Մտածում էի, եթե կամավորական ջոկատներ ստեղծվեն, ես կգնամ Քեսաբը պաշտպանելու, քանի որ ասված է. Հույսդ մի դիր Աստծո վրա, որովհետեւ անարգում ես Աստծուն, չէ՞ որ Աստծո հույսը մեզ վրա է, մեր հավատի վրա…

Ասացի ու հիշեցի, թե ինչպես 1996-ի վաղ գարնանը, տամուկ ու սրսփուն օրով գնում էինք Կարս` Ազգային ժողովի պատվիրակությանը ճանապարհելու Անկարա: Ինչպես հին ու մոռացված ժամանակներում՝ Գյումրիով անցանք սահմանը, եւ մեր երթը հուզախռով էր, քանի որ բոլորս առաջին անգամ էինք անցնում այդ ճանապարհով եւ առաջին անգամ էինք տեսնելու Կարսը, որտեղ Չարենցը թողել էր Կարինե Քոթանջյանին եւ իր տունը գետափին` շինած անտաշ քարով:

Մեր ուշադրությունը այնքան սեւեռ էր տեսանելի ամեն ինչի հանդեպ, որ չնկատեցինք էլ, թե ինչպես հասանք Կարսի օդակայան, որտեղ մեզ ուղեկցող թուրքական անվտանգության եւ ոստիկանության աշխատողները հրավիրեցին օդակայանի պետի սենյակ` մի բաժակ թեյի: Թալին անունով Պոլսում ծնված թարգմանչուհին, որ Կարսում թուրք ինժեների կին էր, հրաշալի էր խոսում արեւմտահայերեն եւ փորձում էր մեզ համար տաք ու հարազատ մթնոլորտ ստեղծել: Ես թեյ չեմ սիրում, սուրճ էլ ոչ ոք չառաջարկեց, ուստի դռների մոտ նստած մեկուսի ծխում էի` հետեւելով երկուստեք քաղաքավարի զրույցին, երբ մեր վարորդներից մեկը կիսաբաց արեց դուռը եւ ինձ հրավիրեց դուրս: Նա ինձ ցույց տվեց ձեռքի մոմլաթե տոպրակը եւ շինարարությունից առաջացած սեւահողի հսկայական բլուր եւ ասաց, որ ուզում է մի բուռ հող վերցնել, տանել, շաղ տալ իր պապի գերեզմանին: Պապը ծնունդով կարսեցի է եղել, բայց ոստիկանները թույլ չեն տալիս: Ես կատակեցի` այ տղա, երեւի իրենք մեր պատմական հողերն են հասկացել, ոչ թե մի բուռը, եւ իմ հերթին դուրս հրավիրեցի Թալինին, որ բացատրվենք: Ոստիկանները ուշադիր լսեցին եւ ասացին` ո՛չ, հող չի կարելի տանել: Մի քիչ հետո կմտնեք Կարս, խանութներում ամեն ինչ կա, գնեք՝ ինչ ուզում եք: Ոստիկանը խոսում էր հանգիստ, նույնիսկ բարեկիրթ, բայց միջադեպն այնքան անսպասելի էր, որ ես ցնցված էի, ու չկար ոչ մի ասելիք…

Պատվիրակությունը ճանապարհելուց հետո մենք գնացինք Կարս, տեսանք Վարդանի կամուրջը, Առաքելոց եկեղեցին, Կարսի հին բերդը: Նույնիսկ ինչ-որ ռեստորանում խմեցինք, ու երբ շատ խնդրեցինք, մեզ թույլ տվեցին տեսնել Անին…
Եվ երբ արդեն վերադառնում էինք, սահմանի մոտ նույն ոստիկանը ժպիտով ինչ-որ բան ասաց հող ուզող վարորդին, որը թուրքերեն գիտեր: Հարցրի` ի՞նչ ասաց, վարորդը երկար լռեց, հետո ասաց. ասում է` մեքենաների անիվներին ցեխ է կպել, տար պապիդ գերեզմանին շաղ տուր: Հետո պատվիրակությամբ վերադարձանք տուն…

Եվ հիմա ի՞նչ՝ Քեսա՞բը, վաղը Լաթաքիա՞ն. սրբազան Կիլիկիայի վերջին արձագանքները դարձյալ թողնում ենք թուրքերին, ովքեր միշտ առիթից ճիշտ ժամանակին օգտվում են…
Չնայած իմ տարիքին՝ ես քո զինվորն եմ, Քեսաբ, եթե ձայնը հնչի, եթե ոչ` ես եմ ձայնը հնչեցնելու, քանզի չեմ հավատում ո՛չ եվրոպական թերթերին ո՛չ ամերիկյան հայտարարություններին, որովհետեւ նրանք նույնն էին անում 1915 թվականին, երբ մենք կորցրինք մի ամբողջ ազգ ու հայրենիք:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31