Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Փրկենք հայկական երկաթուղին կործանումից»

Մարտ 28,2014 14:40

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մի խումբ աշխատակիցներ դիմել են «Առավոտ»-ին՝ իրենց նամակում բարձրացնելով աշխատակիցներին անհանգստացնող մի շարք խնդիրներ: Ըստ երկաթուղայինների՝ «Հայկական երկաթուղին» 2008 թվականին կոնցեսիոն պայմանագրով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին հանձնելուց հետո, երեք տարի անց՝ 2011 թվականին, սկսել են աշխատակիցների զանգվածային կրճատումներ։

Ներկայացնում ենք երկաթուղայինների՝ «Առավոտ»-ին ուղղված նամակը.
«Այս պահին տարբեր պատրվակներով 4300 աշխատակցից կրճատվել են մոտ 500 աշխատակից, եւ խոսակցություններ են գնում, որ մոտակա ժամանակահատվածում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցների քանակը հասցվելու է 2500-2700-ի։

Ամսվա ընթացքում աշխատակիցներին պարտադրում են իրենց հաշվին 1-3 օր տանը նստել կամ ներկայանալ աշխատանքի՝ առանց վարձատրվելու։
Երկարամյա աշխատանքի դիմաց նախկինում վճարվող աշխատավարձի մինչեւ 50 տոկոս հավելավճարը հանել են եւ չեն վճարում։ Արտաժամյա աշխատանքի դիմաց չեն վճարում, աշխատանքային պայմանները վատ են, իսկ հատկապես ներքին օղակի աշխատողների աշխատավարձերը, ռուսական երկաթուղայինների համեմատ, շատ չնչին են, իսկ բողոքելու դեպքում ծաղրում են՝ ասելով, որ ձեր կառավարության տված միջին աշխատավարձի համեմատ մեր տվածը շատ բարձր է։

Ռուսաստանից գործուղված երկաթուղայիններին գրավոր նախազգուշացրել են, որ մեզ չասեն իրենց աշխատավարձերի չափերը։

Բեռնափոխադրումների ճանապարհածախսերի եւ կատարվող ծառայությունների թանկացման պատճառներով շատ գործարարներ հրաժարվել են օգտվել երկաթուղով կատարվող արտաքին եւ ներքին բեռնափոխադրումներից եւ անցել են ավտոմոբիլային բեռնափոխադրումների։ Չեն ապահովվում վագոններով բեռների եւ ուղեւորների անվտանգ ու ժամանակին փոխադրումները։

Բարձր որակի անվան տակ Հայաստան ներկրվող փտած փայտակոճղերը (շպալները), ի դեպ, այս գործում, մեր ունեցած տեղեկություններով՝ «մեծ փողեր են» լվացվում, տեղադրելուց հետո 2-3 տարվա ընթացքում անորակության պատճառով շարքից դուրս են գալիս, որի պատճառով շարժակազմերը (վագոնները) գծերից դուրս են ընկնում, շրջվում են, չեն ապահովում բեռների անկորուստ տեղ հասցնելը։ Հարկ է նշել, որ բարձր որակի շպալների դիմացկունության իրական նորման 14-18 տարի է։
Անորակ երկաթգծերի վերանորոգումից բացի՝ նույն վիճակում են գտնվում նաեւ երկաթգծի շենք-շինությունները եւ կառամատույցները։

Գնացքներով ուղեւորափոխադրումների տոմսերի արժեքները թանկացրել են 4-5 անգամ, որի պատճառով շատերը գերադասում են երթեւեկել ավտոբուսներով, մեքենաներով։
Հայկական երկաթուղու ժամանակ այսչափ գնացքների, շարժակազմերի վթարներ, մահվան կամ դժբախտ այլ դեպքեր տեղի չեն ունեցել, որքան «ՀԿԵ» ՓԲԸ-ի գործունեության ժամանակահատվածում։ Պատճառը աշխատողների չափազանց լարված վիճակն է, վախը, որ ամենաչնչին խախտման դեպքում կհեռացվեն աշխատանքից։
Ինչ վերաբերում է երկաթուղու ղեկավարության կողմից այս կամ այն առիթով ներկայացվող հաշվետվություններում բարձր ցուցանիշներ ապահովելուն, բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների ծավալների կտրուկ աճի, ապա դրանք օբյեկտիվ իրականության հետ որեւէ կապ չունեն եւ պարզապես թվանկարչության արդյունք են։

ՀՀ նախագահը, ՀՀ կառավարությունը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը պարզապես բարձիթողի վիճակի եւ անտերության են մատնել բարի ավանդույթներ ունեցող հայկական երկաթուղու կոլեկտիվին, երկաթուղայիններին, պարզապես աշխատեցնում են ստրուկի կարգավիճակով։

Արդեն 12 երկաթուղային կայարաններ փակվել են։ Գնացքները այդ կայարաններով անցնում են առանց կանգառների, իսկ մոտ ժամանակներս այդպիսի կայարանների քանակը ավելի կշատանա։

Ցանկանում ենք անդրադառնալ նաեւ երկաթուղայինների արհմիության նախագահ Աշոտ Խլղաթյանի անձին, որը իբր կոչված է պաշտպանելու երկաթուղայինների շահերը։ Վերջինս փոխանակ պաշտպանելու երկաթուղայինների շահերը, իր «կաշին» փրկելով՝ ոտնատակ է տալիս աշխատողների իրավունքները։ Վերջերս հեռուստատեսությամբ երեւաց նրա պահվածքը, երբ «Հրազդան» երկաթուղային կայարանի կոլեկտիվը գործադուլ էր կազմակերպել իրենց կայարանապետին անհիմն աշխատանքից ազատելու համար, որտեղ կոլեկտիվի հետ հանդիպման ժամանակ Ա. Խլղաթյանը, փոխանակ աջակցի աշխատողներին՝ նախկինում հայրենքի համար մարտնչած կայարանի աշխատակցին անվանեց «շիզոֆրենիկ»։

Եթե այսպես շարունակվի, հայկական երկաթուղին ամբողջովին կրախի առաջ է կանգնելու։ Խնդրում ենք, փրկեք հայկական երկաթուղին եւ երկաթուղայիններիս կործանումից»։

Հ.Գ. Պատրաստ ենք լսել նաեւ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության պարզաբանումները:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31