Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուր ազգ ապրելու եւ ապագա ունենալու իրավունք ունի

Մարտ 28,2014 14:20

Դիմում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին, Սեւրի դաշնագիրը ստորագրած պետություններին, միջազգային ընկերակցության անդամ պետություններին՝ Մերձավոր Արեւելքի եւ Սիրիայի հայության անվտանգության եւ հիմնարար իրավունքների վերաբերյալ` Քեսապի բռնազավթման ու Քեսապի հայության բռնագաղթի կապակցությամբ:

Ակնհայտ է, որ մերձավորարեւելյան տարածաշրջանում վերջին օրերին տեղի ունեցող ռազմաքաղաքական լարվածության նոր ալիքը միանգամայն իրական անվտանգության սպառնալիք է ստեղծում Մերձավոր Արեւելքում եւ Սիրիայի հյուսիսում, մասնավորապես՝ Քեսապում, ապրող հայության համար: Այս առիթով ցանկանում ենք հիշեցնել, որ.
Յուրաքանչյուր ազգ ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունք ունի: Ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունք ունի նաեւ հայությունը՝ Սիրիայում եւ Մերձավոր Արեւելքում ապրող հայությունը, ով, ի դեպ, այդ իրավունքը վաստակել է քաղաքակրթական հարուստ անցյալով, ստեղծագործ ներկայով եւ ապագայի նկատմամբ լուսավոր հավատով:
Հիշեցնենք, որ Մերձավոր Արեւելքում ապրող հայությունը, այսինքն՝ Արեւմտյան Հայաստանի հայությունը, տարածաշրջանում վերահաստատվել է 1894-1923 թթ.-ին՝ հայության նկատմամբ թուրքական երեք կառավարությունների իրականացրած ցեղասպանության ու բռնագաղթի ծրագրված հանցագործ քաղաքականության հետեւանքով, որը 1915 թվականի մայիսի 24-ին դատապարտեցին Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը եւ Ֆրանսիան՝ այն որակելով, որպես «հանցագործություն մարդկայնության դեմ»:
Նշենք, որ 1920 թվականի հունվարի 19-ին, հայութեան պահանջներին ի պատասխան, Խաղաղության Վեհաժողովի Գերագույն Խորհուրդը կայացրեց հետեւյալ որոշումը.
ա) Հայկական պետութեան կառավարությունը «դե ֆակտո» ճանաչվում է որպես կառավարություն:
բ) Սույն ճանաչումը նախապես չի որոշում տվյալ պետութեան հնարավոր սահմանների հարցը:
Նշենք, որ 1920 թվականի մայիսի 11-ին թուրքական պատվիրակությունը հրավիրվեց կոնֆերանսին՝ տեղեկացվելու «Խաղաղության պայմաններին»: Դաշնակից ուժերի մեջ էր Հայկական պետության պատվիրակությունը: «Խաղաղության պայմանների» նախաբանում, որը հետագայում դարձավ Սեւրի Դաշնագրի նախաբանը, Հայաստան պետությունը նշված է Դաշնակից տերությունների շարքում: Հայկական պետությունը ճանաչված է նաեւ «դե յուրե»:

Նշենք, որ Միջազգային ընկերակցության կողմից՝ 1920-ական թվականներին, ճանաչվել եւ հաստատվել են հայության իրավունքները Բնօրրան Հայրենիքի նկատմամբ, թեպետ դեռեւս չեն իրականացվել: Դա այդ ժամանակաշրջանում գործող Միջազգային ընկերակցության մեծ բացթողումն էր, որը հնարավոր է թելադրված էր նեղ շահադիտական ռազմաքաղաքական բնույթի ինչ-ինչ հաշվարկներով: Սակայն նույն սխալը նույն հետեւանքներով աններելի է կրկնել այսօր, տարածաշրջանի պետությունների եւ ժողովուրդների համար պատմական այս բարդ ժամանակահատվածում, նկատի առնելով այն հանգամանքը, որ կայուն խաղաղություն եւ խաղաղ համագործակցություն հաստատելու համար անհրաժեշտ է կյանքի կոչել եւ վերջնականապես հանգուցալուծել տարածաշրջանում առկա մի շարք բարդ խնդիրներ, այդ թվում՝ Հայկական Հարցը:
Հետեւաբար, Արտերկրի հայության, մասնավորապես Մերձավոր Արեւելքի եւ Սիրիայի, այսինքն՝ Արեւմտյան Հայաստանի հայության՝ հիմնախնդիրները լուծելու համար առաջարկում ենք.
-կյանքի կոչել եւ իրականացնել Արեւմտյան Հայաստանի հայության Բնօրրան Հայրենիք վերադառնալու իրավունքը՝ դրանից բխող իրավական – քաղաքական բոլոր պարտավորություններով եւ իրավունքներով հանդերձ, այդ թվում՝ անկախ պետության հաստատման, հաշվի առնելով ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ին կայացրած Իրավարար վճիռը եւ այդ վճռով Հայաստանին հատկացված տարածքը, որը բռնազավթված է մնում առ այսօր:

-կյանքի կոչել եւ իրականացնել Կիլիկիային անհապաղ անկախություն շնորհելու իրավական – քաղաքական դրույթը, հաշվի առնելով՝ 1920 թ. օգոստոսի 4-ի Կիլիկիայի Անկախության մասին հռչակագիրը եւ ՄԱԿ-ի 1968 թ. «Գաղութային երկրներին անհապաղ անկախություն շնորհելու մասին» կոնվենցիան:

-կյանքի կոչել եւ իրականացնել Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկյան Հայաստանի տարածքի ապառազմականացումը, հաշվի առնելով՝
-2011 թվականի մարտի 29-ի Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Որոշումը «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի մշտական, զինված, դրական չեզոքության քաղաքականություն ընտրելու մասին» հայտարարությունը,
-եւ 2011 թվականի սեպտեմբերի 14-ի Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ուղղված դիմումը, որտեղ առաջարկվում էր կյանքի կոչել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության չեզոքության որոշման հիման վրա ապառազմականացնել Կիլիկյան Հայաստանի եւ Արեւմտյան Հայաստանի տարածքը:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ`
Արմենակ Աբրահամյան
Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության վարչապետ՝
Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահ`
Արմեն Տեր-Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31