Ընթերցողի սեղանին է դրվել ճանաչված հայագետ-նախիջեւանագետ Արգամ Այվազյանի «Աժդանական կամ Վիշապասար» պատկերազարդ պատմախոհական էսսե-գրքույկը: Հեղինակը ընթերցողին հայտնի է Նախիջեւանի եւ առհասարակ հայոց պատմամշակութային արժեքներին նվիրված 40-ից ավելի գրքերով:
«Նախ նշեմ, որ գեղարվեստական ստեղծագործությանը՝ մասնավորապես էսսեի ու ակնարկների ժանրին դիմելն ու ստեղծագործելն ինձ համար սիրելի է: Նախիջեւանյան պատմական ու մշակութային անցուդարձերը իմ գիտական աշխատություններով ներկայացնելուց բացի, գեղարվեստական այդ ժանրով են ներկայացված նաեւ «Նախիջեւան. գրական էսսեներ, հետազոտման ուղեգրություններ» ծավալուն՝ 800 էջ կազմող իմ հատորը, որը լույս է տեսել 2007 թ.: Այդ հատորի տեքստային մասն էլ (առանց հավելվածի եւ լուսանկարների) կազմում է 604 էջ, ուր ներկայացված է 25 էսսե: Վերոնշյալ հատորը ամբողջովին (չնչին բացառությամբ) 2002-2003 թթ. շարադրել եմ Կիպրոսում եւ Հունաստանում: Այս տարի առանձին գրքույկով հրատարակված «Աժդանական կամ Վիշապասար»-ն էլ, որը շարադրել եմ Կիպրոսում, առնված է հենց այդ հատորից: Այն 2013 թ. վերամշակելով՝ համալրել եմ այդ հիասքանչ լեռան ավելի քան 70 եւ նրա փեշերին ու մերձակայքում հիմնադրված հայոց Խոշակունիք, Գաղ, Շոռոթ, Աբրակունիս, Շահկերտ, Նորաշեն, Բիստ բնակավայրերի եւ նրանց հուշարձանների 30-ից ավելի գունավոր լուսանկարներով: Աժդանականը կամ Վիշապասարը (Օձասարը) իրավամբ կարելի է համարել նախիջեւանյան Մասիս, որն իր գեղաշուք տեսքով տեսանելի է գրեթե նախիջեւանյան բոլոր բնակավայրերից: Նպատակս այն է եղել, որ գրական խոսքով ներկայացնեմ ինչպես այս վեհաշուք լեռն, այնպես էլ նրա հետ կապված եւ հին-հին դարերից ավանդված ու պատմագրված պատմավկայաբանական փաստերը, իմ խոհերը Քրիստոսից առաջ եւ հետագա դարերի նախիջեւանյան անցուդարձերի վերաբերյալ: Եվ այս ամենը կապված է 1972 թ. այդ լեռան գագաթը իմ բարձրանալու հետ, եւ ինչպես նշեցի, համեմված է գեղարվեստական պատկերներով ու խոհական վերլուծություններով: Թե այս ամենն ինչքանով է ինձ հաջողվել, ապա դա կարող է ասել միմիայն ընթերցողը»,- ասաց նախիջեւանագետը:
Նա ընդգծեց. «Աժդանականը կամ Վիշապասարը լինելով մեր լեռնաշխարհի գեղեցկատես լեռներից մեկը, հնուց անդին՝ դեռեւս Ք. ա. III-II հազարամյակներից, իր խութ ու խոռոչներով, իր երկճյուղ գագաթնամասով գերել է մարդուն եւ մագնիսի պես ձգել դեպի իրեն: Նշեմ միայն մի փաստ: Ընդամենը վերջերս՝ 1989 թ. Վիշապասարը վերստին գիտության, մասնավորապես ուրարտագիտության ուշադրությունը գրավեց նրա վրա քանդակված ուրարտական սեպագրով: Վերջինս 1988-89 թթ.` այդ խառնակ տարիներին, հայտնաբերեց եւ փաստագրեց ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմոքիմիայի եւ անալիտիկ կենտրոնի տնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու Վ. Իգումնովը: Հինգ տողից կազմված այդ սեպագիրը, որն Անդրկովկասում առայժմ հայտնաբերված ուրարատական սեպագրերից ամենահնագույնն է, լեռան վրա քանդակված է 1 մ երկարությամբ եւ 13-15 սմ լայնությամբ: Տեղ-տեղ հողմահարված այդ սեպագիրը՝ ուրարտագետ Հ. Կարագյոզյանի վերծանությամբ, կազմված է Արարատյան թագավոր Իշպուինե թագավորի անունից եւ լեռան վրա Ք. ա. 820-ական թվականներին փորագրվել է Մենուա թագավորի (Ք. ա. 810-788 թթ.) հրամանով:
Այս սեպագիրը, ինչպեսեւ Նախիջեւանի այլ բնակավայրերից (Խրամ, Ալիշար) հայտնաբերված հնագիտական իրերն ու գունազարդ խեցեղենը, վաղ շրջանի բերդերի շինարվեստն ակնհայտորեն ապացուցում են, որ նախիջեւանյան գավառները մինչ Էրեբունի-Երեւան բերդաքաղաքի հիմնադրումը Արարատյան թագավորության մաս են կազմել եւ հարուստ են տվյալ ժամանակաշրջանին վերաբերող հուշարձաններով (սեպագիր, դամբարան, բերդ, քաղաքատեղի), որոնք, ցավոք, անաչառ պեղող-ներկայացնողների, հետազոտողների կարիք են զգում»:
Կարդացեք նաև
Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Ադրբեջանի հնագետների ու պատմաբանների կողմից նախիջեւանյան հնաշխարհից ի հայտ եկած ամեն մի իրն ու վկայությունն իրենց վերագրելուն: «Մեզ հեշտ չի լինելու ժամանակին տեր լինել մեր արժեքներին: Երկու տարի առաջ, օրինակ, Նախիջեւան քաղաքում տեղացիները՝ իբր թե վերականգնում են Նոյ նահապետին վերագրվող դամբարանը, այն 100%-ով աղավաղել են եւ կառուցել նոր` մահմեդական շինություն, որը ոչ մի կապ չունի պատմական՝ Նոյի միջնադարյան հայկական դամբարան-եկեղեցու հետ: Էլ չեմ խոսում այն մասին, որ 1998-2005 թթ. Ադրբեջանի եւ Նախիջեւանի իշխանությունները պետականորեն գետնի երեսից իսպառ վերացրեցին նախիջեւանյան հայկական ողջ ժառանգությունը եւ մնացին անպատիժ: Միով բանիվ, այսօր արդեն անիմաստ է խոսել այդ մասին, քանզի մենք թե՛ պետականորեն եւ թե՛ ազգովին անհաղորդ ու լուռումունջ գտնվեցինք մշակութային այդ եղեռնի հանդեպ, որի ընթացքում հիմնահատակ ավերվեցին շուրջ 27 հազարի հասնող հայոց մեծ ու փոքր հուշարձանները: Այս ցավն ու կսկիծը մեր հետնորդները կզգան դեռեւս գալիք ժամանակներում եւ մեր այսօրինակ բացաչք անտարբերության ու պատմաքաղաքական կուրության վերաբերյալ, կարծում եմ, ամենեւին էլ դրականորեն չեն արտահայտվի: Ցավոք, մենք, կարծեք թե մեր ավանդական համախտանիշով պատմականորեն դատապարտված ենք մեր թշնամիներին չճանաչելու, ովքեր գիշեր ու ցերեկ արթուն են եւ քայլ առ քայլ հետամուտ են լինում իրենց ազգային շահերին (օրերս` քեսապահայության տեղահանությունը վկա), իսկ մենք կամ հորանջում ենք, կամ բաժակաճառերով ենք զբաղված»,- նեղսրտեց հայագետը:
ՍՅՈՒԶԻ ԹՈՐՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ