ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ է, իր գործընկեր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի նման կարծում, որ Հայաստանը ճիշտ է վարվել՝ ՄԱԿ-ում «դեմ» քվեարկելով՝ Ռուսաստանի գործողություններն անօրինական ճանաչելու բանաձեւին: Ավելին, նա կարծում է, որ ավելի լավ է բացահայտ «դեմ» քվեարկեինք, քան մյուս 58 երկրների նման «ձեռնպահ» լինեինք, որը նույն «ոչ կողմ»-ն է:
Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ Արմեն Ռուստամյանը ասաց, որ Հայաստանը չէր կարող այլ կերպ քվեարկել, չէր կարող կասկածի տակ դնել ժողովրդի կամարտահայտության փաստը. «Խնդիրը ժողովրդի կամքի հետ հաշվի նստելն էր: Այն երկրները, որ «կողմ» են քվեարկել Ռուսաստանի գործողություններն անօրինական ճանաչելուն, ինչպե՞ս են օրինական ճանաչել Կոսովոյի հանրաքվեն: Այդ ինչպես է, որ մի տեղ հանրաքվեն ժողովրդի կամքն արտահայտում է, մեկ այլ տեղ, եթե իրենց շահերից չի բխում, ժողովրդի կամքը չի՞ արտահայտում»:
Նա նաեւ ասաց, որ այն հարյուր երկրները, որոնք «կողմ» են քվեարկել բանաձեւին, վաղ թե ուշ կփոխեն իրենց կարծիքը, քանի որ այս կոնֆլիկտները, որ կան տարածաշրջանում, ԽՍՀՄ թողած ժառանգությունն են. «Ինչպես Լեռնային Ղարաբաղը Ստալինի կամային որոշմամբ տրվեց Ադրբեջանին, այնպես էլ Ղրիմը Խրուշչովի կամային որոշմամբ տրվեց Ուկրաինային»:
Աշխարհաքաղաքական հավասարկշռությունը, ըստ Արմեն Ռուստամյանի, երկու հիմք ունի՝ կամ միաստանդարտ արդարության սկզբունք, որը, ցավոք, չի գործում, հակառակը՝ մշտապես երկակի ստանդարտներ են գործում, կամ՝ աշխարհաքաղաքական ուժերի բալանսը:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ