Երթեւեկությունը, շատ հետիոտների եւ վարորդների կուլտուրայի բացակայությունը, ավտոմեքենաների անտեղի ազդանշանները երեւանցիների նյարդերի վրա են ազդում, սթրեսներ պատճառում: Այսօր «Հայացք» ակումբում, պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե «սթրեսայի՞ն» է մեր քաղաքը, ասաց նյարդաբան Հովհաննես Մանվելյանը: Ըստ նրա, սակայն, մեր մայրաքաղաքն ունի մի շարք առավելություններ, որոնք բարձրացնում են մարդու տրամադրությունը` վարդագույն տուֆի առկայությունը, արեւային եղանակը, բացօթյա սրճարանները: Պարոն Մանվելյանի կարծիքով, եթե ավելի շատ լողավազաններ բացվեն, ապա մարդիկ ավելի առողջ կլինեն:
Մասնագետի խոսքերով, եղանակային պայմաններն անմիջական ազդեցություն են թողնում մարդու առողջության վրա, անկախ այն բանից, որ մարդը
կենսաբանորեն պատրաստ է կլիմայի փոփոխություններին:
Երեւանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը նույնպես գտնում է, որ սրտանոթային խնդիրներ ունեցողները, եղանակով պայմանավորված, պետք է ուշադիր լինեն, սակայն առողջ սիրտ ունենալու համար պետք է առողջ ապրելակերպ վարել` չծխել, ալկոհոլը չչարաշահել, զբաղվել սպորտով, խուսափել յուղոտ, խոլեստերինով հարուստ սննդամթերքից: Ըստ բժիշկ Զելվեյանի, վերջերս Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը օդի աղտոտվածությունը նույնպես լուրջ դերակատարում է համարել սրտանոթային խնդիրների համար: Նրա տվյալներով, Երեւանում չափահաս բնակչության մոտ 200 հազարը ունի սրտանոթային խնդիրներ, ինչը, բժշկի համոզմամբ, անհանգստացնող ցուցանիշ է: Պարունակ Զելվեյանը, սակայն, վստահեցնում է, որ այս խնդիրը առկա է ամբողջ աշխարհում, նույնիսկ՝ զարգացած երկրներում, չափահաս բնակչության մոտ 30 տոկոսն ունի այդպիսի խնդիր: Նրա խոսքերով, մեզ մոտ բացակայում է դեղ ընդունելու կուլտուրան. «Մեր երկրում խնդիրներ ունեցող բնակչության, որը մոտ 30 տոկոս է կազմում, միայն 9 տոկոսն է արդյունավետ բուժում ստանում: Հատկապես քրոնիկ հիվանդները պետք է ոչ թե սպասեն հիվանդությունը գա՝ նոր բուժեն, այլ պետք է մշտապես կապի մեջ լինեն իրենց բժշկի հետ, շարունակական հսկողության տակ` անկախ նրանից՝ գարուն է, աշուն է, թե`ձմեռ: Ապահովագրական բժշկությունը նույնպես կկանխի այդ հիվանդության տարածումը: Տնտեսապես ավելի ձեռնտու է հիվանդությունը կանխարգելել, քան հետեւանքները բուժել, որը շատ ավելի թանկ է նստում թե’ քաղաքացու եւ թե’ պետության վրա»:
Նյարդաբանի ներկայացմամբ, գարնանը հոգեբանական, նյարդաբանական խնդիրները սրվում են, գլխացավեր են լինում, զարկերակային ճնշման տատանումներ եւ այլն, ինչը պայմանավորված է օրվա երկարելով:
Բժիշկները կոչ են անում զարկերակային ճնշման տատանումներ ունենալու դեպքում անպայման դիմել բժշկի, քանի որ այն տարիների հետ կարող է հանգեցնել սրտամկանի ինֆարկտի, գլխուղեղի կաթվածի:
Շուտով հանրապետությունում սկրինինգային ծրագիր կմեկնարկի, եւ հատուկ տարիքային խմբերը կհետազոտվեն շաքարային դիաբետի եւ սրտանոթային խնդիրների դեմ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ