Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների 36 պատգամավորների դիմումի հիման վրա գործի քննությունը, որով վիճարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի` կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականությունը:
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, խոսելով հայցվոր կողմի ներկայացրած փաստարկների հիմնավորվածության մասին, ասաց. «Երեսունվեց պատգամավորների լիազոր ներկայացուցիչները հրաշալի ու փայլուն ներկայացրին հայցադիմումը բարձրագույն սահմանադրական դատարանին: Հղում կատարվեց ՍԴ բազմաթիվ որոշումներին, միջազգային դատարանների նախադեպային որոշումներին: Ուստի ուզում էի պատկերացնել, թե հակընդդեմ կողմը ի՞նչ հակափաստարկներ պիտի ներկայացնի, որ հարցը հակառակ գնահատականի արժանանա»:
Նաիրա Զոհրաբյանը հորդորեց լինել լավատես ու ասաց. «Հույս ունենք, որ գոնե մեկ անգամ այս բարձրագույն դատարանը հավատարիմ կմնա իր առաքելությանը՝ սպասարկել ոչ թե գործող թիմին՝ տվյալ պահին գործող իշխանություններին, այլ հասարակության շահին»:
Հարցին՝ արդյոք ՍԴ-ի այս որոշումը և՞ս ուղղորդված կլինի մեկ կետից, տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Այս դատարանի նախադեպային գործողությունները հաշվի առնելով՝ ես էլ մտավախություն ու մտահոգություն ունեմ: Բայց եկեք այս պահին կանխակալ գնահատական չհնչեցնենք»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ սպասելիքներ ունի ՍԴ որոշումից: Նա պատասխանեց. «Կախված նրանից, թե քաղաքական ինչպիսի նպատակահարմարություն կլինի, նմանատիպ որոշում էլ կկայացնի ՍԴ-ն: Մեզ մոտ ՍԴ-ն, ինչպես նաև մյուս դատարանները, անկախ չեն և իրենց որոշումները անկախ չեն, այլ միայն իշխանության հրահանգներին համապատասխան, ուստի կախված իշխանության քաղաքականության նպատակահարմարությունից, ինչպես կորոշի՝ այնպիսի որոշում էլ կկայացվի»:
Արդյոք ՍԴ որոշումը ուղղորդված կլինի՞ մեկ կետից, պարոն Մարտիրոսյանը նշեց. «Մեկ անգամ չէ, որ նման որոշումներ ենք տեսել»:
Հարցին՝ այդ դեպքում ո՞րն էր ՍԴ դիմելու նպատակը, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Քաղաքացիական դաշտից նման անհրաժեշտություն էին տեսել և նաև, ըստ էության, իրավական բազան փակելու անհրաժեշտություն են տեսել: Քաղաքական ճնշման արդյունքում հնարավոր է, որ ՍԴ-ն այլ որոշում կայացնի: Իշխանությունը՝ որպես ետնահանջի դուռ, գուցե օգտագործի ՍԴ-ն: Նաև ֆեյսիֆինգի հարցը կա, ուստի, չբացառելով այդ հանգամանքը, որ իրենց հաշվարկներով կարող է այնպես լինել, որ ավելի լավ է հիմա ՍԴ-ն ինչ-որ կիսաքայլ որոշում կայացնի, կամ ամբողջական որոշում կայացնի, քան հասարակության ներսում գոյություն ունեցող պրոցեսները ավելի խորանան հասնեն մինչև իշխանափոխության պահանջի: Տեսանք, թե ինչպես շատ քաղաքացիներ, որոնք աշխատում էին իրենք քաղաքական պրոցեսից հեռու պահել, ևս ընդգրկվեցին պրոցեսի մեջ: Ուստի իշխանությունը հնարավոր է փորձի ետնահանջի քայլ ապահովել: Ուստի խնդիրն այն է, թե իշխանությունը քաղաքական ինչպիսի հաշվարկ կիրականացնի և որ որոշումն է իրենց ավելի ձեռնտու»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ