Ինչպես երեւում է՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դարաբաղյան կլանին մաքրելու ուղղությամբ լրջագույն քայլեր է իրականացնում եւ կուլիսային խոսակցությունները կամաց-կամաց միս ու արյուն են ստանում։ Գործի են անցել ուժայինները՝ ազատամարտիկների դեմքով։
Երեկ armlur.am-ը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո) եւ Ռուստամ Գասպարյանն արդեն երկու ամիս է, ինչ «դռնեդուռ ընկած» ազատամարտիկներ են որոնում։ Նրանք նպատակ ունեն «Երկրապահ» կամավորականների միության նման մի նոր կառույց սարքել՝ Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ։
ԱԺ ազատամարտիկ պատգամավորները Գագիկ Ծառուկյանին խոստացել են միավորել բոլոր ազատամարտիկներին (նաեւ նրանց, ովքեր տարբեր պատճառներով ԵԿՄ-ում չեն) եւ իրենց շուրջ ստեղծել ուժային մի թիմ, որը պատրաստ կլինի ցանկացած զարգացման։ Ծառուկյանն էլ համաձայնել է եւ հրահանգել գործի անցնել։
Եվ այսպես, մեզ հաջողվեց որոշ մանրամասներ ճշտել ազատամարտիկ պատգամավորների գործունեությունից։ Պարզվում է՝ նրանք որպես հիմնավոր քարոզչություն, ընտրել են Սերժ Սարգսյանի «Երկրապահ» կամավորականների միության համագումարի ժամանակ ունեցած ելույթը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե «այսօր պետք է լսելի դառնա երկրապահի ձայնը, փոխարենը լսելի են առանձին անհատների նվնվոցները տարբեր հրապարակներում, թե մենք երկիր ենք պահել, արյուն ենք թափել, եւ հիմա կամ շատ բարձրացրեք մեր թոշակները, կամ էլ հեղափոխություն ենք անելու։ Մենք շատ լավ գիտենք՝ ով որտեղ եւ ինչքան արյուն է թափել, մենք նաեւ շատ լավ գիտենք այդպիսի մարդկանց խոսքի արժեքն ու նրանց գործողություն կատարելու ունակությունը»։
ԲՀԿ-ականները փորձում են կոնսոլիդացիան ապահովել հենց այս խոսքերից վիրավորվածների, Մանվել Գրիգորյանից տարբեր պատճառներով նեղացածների եւ իսկապես սոցիալապես ծայրահեղ պայմաններում ապրող ազատամարտիկների հաշվին։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ Գասպարյանն ու Գեւորգյանը ազատամարտիկներին խոստանում են ամեն ամիս թոշակ տալ, օգնել կենցաղային շատ այլ հարցերում, գրասենյակներ բացել ողջ երկրում, եւ այսպես շարունակ։
Թամարա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում