Լրահոս
Օրվա լրահոսը

Հանքարդյունաբերություն. Ճանապարհ դեպի կործանում

Մարտ 28,2014 12:50

Հայաստանում հանքարդյունաբերության պատասխանատու զարգացման հնարավորությունները քննարկելու համար մարտի 25-26-ը Երևանում տեղի ունեցավ միջազգային համաժողով՝ «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով, որին մասնակցել են նաև հանրության մի քանի ներկայացուցիչներ: Կարելի է ենթադրել, որ համաժողովը կազմակերպվել էր այն պատճառով, որ վերջին տարիներին Հայաստանում մեծ թափ է հավաքել բնապահպանական շարժումը, բարձրացել է մարդկանց էկոգիտակցության և իրազեկման մակարդակը, ինչը խնդիրներ է առաջացրել հանրության հետ երկխոսության եզրեր գտնելու ճանապարհին։

Համաժողովին որպես բանախոս հրավիրված էր նաև աշխարհագրագետ, Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանը, ով անդրադարձավ մասնավորապես Սյունիքի մարզում շահագործվող մետաղական հանքավայրերի և պոչամբարների թեմային: ՀԲՃ անդամն իր խոսքում ընդգծեց. «Ընկերությունները երկար ժամանակ պնդում էին, որ կայուն հանքարդյունաբերության դեպքում կարելի է շրջակա միջավայրին գրեթե վնաս չհասցնել: Այժմ, երբ այս պնդումը շատ բարդ է հիմնավորել, նրանք սկսել են օգտագործել «պատասխանատու հանքարդյունաբերություն» տերմինը, որի գաղափարն է՝ տնտեսական զարգացման, կորպորատիվ շահույթի և սոցիալական ծրագրերի քողի տակ թաքցնել իրական վնասն ու չեզոքացնել հանրային քննադատությունը»։

Հանքարդյունաբերության մասին խոսելիս պետք է անպայման հաշվի առնել Հայաստանի աշխարհագրական տարածքի սահմանափակությունն ու առանձնահատկությունները: Կարևորելով այս կետը՝ Լևոն Գալստյանը նշեց, որ միայն Սյունիքում այսօր գործում են 11 մետաղական հանքավայրեր և շահագործման են սպասում ևս 28 մետաղական հանքավայրեր: Գործող հանքավայրերի շահագործման արդյունքում Սյունիքում արդեն կան 12 մեծ ու փոքր պոչամբարներ: Բանախոսը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի նման փոքր երկրում նման ծավալներով հանքարդյունաբերությունն անթույլատրելի է: Ըստ նրա՝ մեր երկրում կարելի է շահագործել ընդամենը մի քանի մետաղական հանքավայր՝ այն էլ միմիայն բնապահպանական խիստ վերահսկողության ու շահույթի արդարացի բաշխման պայմաններում: Իսկ դրանից ստացվող միջոցները պետք է ուղղել գիտության, կրթության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներ:

Անդրադառնալով համաժողովի առաջին օրը «Մարիոթ» հյուրանոցում բնապահպանների իրականացրած աղմկահարույց ակցիային՝ Լ. Գալստյանը նշեց, որ երիտասարդները ներկա էին համաժողովին, քանի որ նրանք տեղյակ են ներկայացված փաստերին և հասկանում են բնապահպանական խնդիրների ողջ լրջությունը: «Բարձրաձայնելով հանքարդյունաբերության առաջ բերած խնդիրների մասին՝ բնապահպաններն անընդհատ դեմ են առել պատի, որովհետև խնդիրների մասին խոսվում է, բայց լուծումներ չեն գտնվում»,-մասնավորեցրեց բանախոսը:

Լևոն Գալստյանի ելույթն ամբողջությամբ


ՀԲՃ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31