Այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, որ նորմալ է վերաբերվում ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչի «դեմ» քվեարկելուն Ռուսաստանի՝ Ղրիմում արված գործողություններ անօրինական ճանաչելու վերաբերյալ բանաձեւին: Շեշտելով, որ դա իր անձնական կարծիքն է, նա ասաց. «Պետությունը պետք է առաջնորդվի պետական շահով»:
Ըստ նրա՝ Ռուսաստանի, Զիմբաբվեի, Հյուսիսային Կորեայի կողքին կանգնելը մեր պետական շահն է. «Ինձ չի հետաքրքրում, թե որ պետություններն են կողմ կամ դեմ քվեարկել: Ինձ հետաքրքրում է, որ այդ նույն Ուկրաինան, Եվրոպան, ԱՄՆ-ն տեսնելով, թե ինչ է կատարվում Արցախում, երկակի ստանդարտներով են առաջնորդվում: Իրենք իրենց շահով են առաջնորդվում, իսկ մենք պետք է համամարդկային արժեքներո՞վ առաջնորդվենք»: Նա նաեւ ասաց, որ Ուկրաինան ՎՈՒԱՄ-ի շրջանակներում մշտապես հակաղարաբաղյան կեցվածք է ունեցել: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչ տեսակի երկրների շրջանակում հայտնվեցինք, դա Ռ. Հակոբյանին չի հուզում. «Դա նույնն է, որ հարցնեք, թե ինչպես եմ գնահատում, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ նույն տարածքում ենք գտնվում: Լավ կլիներ, որ Եվրոպայի կենտրոնում լինեինք եւ անեինք այն, ինչ ուզում ենք: Բայց այդպես չէ»: Նա կարծում է, որ Ռուսաստանի կողմից որեւէ ճնշում չի եղել մեր դիրքորոշման արտահայտման համար:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ