Քիչ առաջ ՍԴ-ում մեկնարկեց ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների պատգամավորների դիմումի հիման վրա գործի քննությունը, որով վիճարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի` կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականությունը: Զեկուցողը՝ ՍԴ անդամ Վոլոդյա Հովհաննիսյանը նշեց, որ հաշվի առնելով գործի հանրային հնչեղությունը, իրենք որոշել են դատաքննությունը կազմակերպել բանավոր ընթացակարգով: Նա նաև տեղեկացրեց, որ ուսումնասիրվել է 50 երկրների փորձը, շուրջ 22 նորմատիվ փաստաթղթեր տարբեր գերատեսչություններից, ՀՀ կառավարության տարբեր քաղաքացիների և շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների ներկայացրած փաստաթղթեր:
Նիստին ներկա են ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ տաբեր խմբակցությունների պատգամավորներ: Դիմող կողմի ներկայացուցիչներն են դատարանում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը և Մերի Խաչատրյանը: Պատասխանող կողմից ներկա են ԱԺ-ի ներկայացուցիչ, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, հարակից պատասխանողներ Կենտրոնական բանկի ներկայացուցիչ, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը և ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային վարչության պետ Սմբատ Սաիյանը: Նշենք, որ նիստին ներկա չէ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ