Լրահոս
Օրվա լրահոսը

Գունավոր հեղափոխությունները և մենք

Մարտ 28,2014 11:00

Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված մեզանում անընդհատ հնչեցվում էր հետևյալ հարցը` ինչո՞ւ՞ Հայաստանում մայդան չի ձևավորվում: Հիմա էլ է ժամանակ առ ժամանակ նույն հարցը հնչում, և այդ է պատճառը, որ որոշեցինք ևս մեկ անգամ այդ հարցին անդրադառնալ:

Ով ով, բայց հայերս «մայդաններին» խանդով ու կարոտով վերաբերվելու իրավունք չունենք, որովհետև մենք մայդան ունեցել ենք դեռևս 1988-ին, այնուհետև` 1996-ին, դրանից հետո էլ` 2008-ին: Այլ հարց է, թե դրանք ինչ արդյունքներ են տվել: Ուկրաինական առաջին նարնջագույն հեղափոխությունը հաղթեց, ճիշտ է, բայց մեծ հաշվով առանձնապես լուրջ արդյունք չտվեց, այլապես Յանուկովիչին դժվար թե հաջողվեր իշխանության գալ:
Վրացական վարդերի հեղափոխությունն էլ էր, ըստ էության, նարնջագույն, և եթե վրացի ժողովուրդը վարդերի հեղափոխության առաջնորդից գոհ լիներ, հետագայում Իվանիշվիլին դժվար թե էական հաջողությունների հասներ:

Այդուհանդերձ, իմ կարծիքով, Սահակաշվիլին Վրաստանում շատ ավելին արեց, քան Յուշչենկոն` Ուկրաինայում: Հենց թեկուզ կոռուպցիայի դեմ պայքարի առումով, չնայած վրացիներից շատերը հենց կոռուպցիայի դեմ պայքարի պատճառով են Սահակաշվիլուն ատում:

Ինքս զրուցել եմ վրացիների հետ և կարող եմ ձեզ հավաստիացնել, որ Վրաստանում Սահակաշվիլին էլ քիչ համակիրներ չունի: Յուշչենկոյի առումով նույնը դժվար է ասել: Յուշչենկոյի առումով վստահաբար կարող ենք ասել, որ նա իշխանություն վերադառնալու ոչ մի շանս չունի, և եթե Ուկրաինայում ընդդիմության միանգամայն նոր առաջնորդներ չհայտնվեին, Ուկրաինայում դժվար թե « մայդանը» լցվեր, որովհետև բողոքավոր ժողովուրդը նոր առաջնորդների պահանջ է զգում, և նոր առաջնորդներն Ուկրաինայում մեկի փոխարեն երկուսն էին` ի դեմս ինտելեկտուալ Յացենյուկի և առողջ մարմնում առողջ հոգի ամբարած Կլիչկոյի:

Բայց վերադառնանք մեզ: Ի տարբերություն Ուկրաինայի, 2008-ին Հայաստանի մայդանի առաջնորդը ոչ թե նոր դեմք էր, այլ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, այսինքն` լավ մոռացված հինը, և 1996-ի մեր մայդանի առաջնորդ Վազգեն Մանուկյանն էլ էր լավ մոռացված հին, քանի որ վերջինս էլ Հայաստանի առաջին վարչապետն էր եղել:

Այսինքն, մենք ոչ միայն երես չենք թեքում մեր նախկիններից, այլև ժամանակ առ ժամանակ կարոտում ենք նրանց, ու երևի նաև դա է պատճառը, որ Հայաստանի երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտքով էլ է արքայություն անցնում, և չնայած շատերն են քամահրանքով վերաբերվում Քոչարյանի վերադարձի թեմային, այդուհանդերձ, թեման արդեն բացված է, և տվյալ թեմայով ոգևորվողներ էլ կան:

Տվյալ թեմայով ոգևորվողներն ու տվյալ թեմային քամահրանքով վերաբերվողները մոտավորապես հավասար են սխալվում, որովհետև կյանքն արդեն մի քանի անգամ ցույց է տվել, որ Հայաստանում ամեն ինչ է հնարավոր, ընդ որում, կյանքը մեզ մի քանի անգամ արդեն ցույց է տվել, որ Հայաստանում հեղափոխությամբ իշխանափոխություն տեղի չի ունենում, և ոչ էլ` ընտրությունների միջոցով, այլ միայն հեղաշրջմամբ, բայց սովորաբար հեղաշրջումները գունավոր չեն լինում, և կյանքը նաև ցույց է տվել ( ընդ որում` ոչ միայն Հայաստանում), որ սովորաբար հեղաշրջողները հեղաշրջվողներից անհաջող են լինում, և եթե նույնիսկ հակառակն էլ լիներ, էդ ուղղությամբ չարժե հույսեր փայփայել, որովհետև կյանքը նաև ցույց է տվել, որ էն ընդդիմադիրները, որոնք հույսները դնում են իշխանության ներսի հակասությունների վրա, հետո իրենք են ծիծաղելի վիճակում ու «բորդյուրին» հայտնվում:

Այսինքն, եթե ընդդիմադիր քաղաքական ուժ ես և ժողովրդի ու երկրի կյանքը բարեփոխելու ռեալ ծրագիր ունես, պիտի իշխանության հասնելու ուղիներն ինքնուրույն փնտրես ու գտնես` իհարկե, ո´չ առանց ժողովրդի ու կրիտիկական մասսայի աջակցության:
Ընդ որում, ոչ թե ժողովուրդը պիտի քեզ ստիպի առաջ գնալ` ինչպես «Ժառանգության» դեպքում եղավ, այլ պիտի ինքդ ժողովրդին առաջ տանես ու առաջնորդես` ողջ պատասխանատվությունը սկզբից մինչև վերջ ստանձնելով:
Իհարկե, նոր առաջնորդների գոյությունը ցանկալի է: Բայց եթե նորերն ի հայտ չգան, ստիպված ենք հներով առաջ գնալ, բայց` միայն առաջ, մանավանդ որ` հետ գնալու տեղ այլևս չունենք:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31