Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԳԻՆ ՄԱՐԴԿԱՆՑՈՎ

Մարտ 28,2014 10:41

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ քառասունվեցերորդ

ԿԱՐԳԻՆ ՄԱՐԴԿԱՆՑՈՎ

Եվ Բարդուղն ասաց՝ «Լիպոն քայլող հանրագիտարան ա, ճիշտ ա, բայց ամենակարեւոր հարցերից լրիվ անտեղյակ ա», եւ Ջավախյանը փռթկացնելով Բարդուղին հարցրեց՝ «ազգի փրկությա՞ն» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «թե՞ աշխարհի հզորների», եւ Բարդուղը զարմացած նայեց Ջավախյանին ու հարցրեց՝ «բայց ինչի՞ ես ծիծաղում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ծիծաղը զսպելով Բարդուղին ասաց՝ «որովհետեւ ես էլ եմ էդ զադերից անտեղյակ», եւ Բարդուղն արհամարհական նայեց Ջավախյանին ու ասաց՝ «դու շատ ուրիշ զադերից էլ ես անտեղյակ», եւ Անանիան ժպտալով Բարդուղին ասաց՝ «բայց ինքը անտեղյակ ա, որ անտեղյակ ա», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Անանիային ու քամահրանքով հարցրեց՝ «որ ինձ կպնում են, հաճույք ես ստանում, չէ՞», եւ Անանիան մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «ես էդ տեսակ մանրմունր բաներից հաճույք չեմ ստանում», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Անանիային ու քմծիծաղով հարցրեց՝ «բա ի՞նչ թավուր զադերից ես հաճույք ստանում», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ կարգին մարդկանցով ըսենց իրար գլխի ենք հավաքվում, շատ մեծ հաճույք եմ ստանում», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Անանիային ու քամահրանքով հարցրեց՝ «դու քեզ էլ ե՞ս կարգին մարդ համարում», եւ Անանիան մի քիչ մտածեց ու փռթկացնելով Ջավախյանին ասաց՝ «ես նույնիսկ քեզ եմ կարգին մարդ համարում, Լեւոն Ջավախյան», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Անանիային ասաց՝ «հազիվ մի հետ կարգին բան ասեցիր, ադա», եւ Անանիան ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «ասածս դուրդ էկա՞վ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Անանիային ասաց՝ «էդ նույնիսկ բառը որ չասեիր, երեւի ավելի ճիշտ կըլներ», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով Ջավախյանին ասաց՝ «չմանրանանք», եւ Ջավախյանն Անանիային ասաց՝ «էդ ուղղությամբ մտածի», եւ Անանիան ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «ո՞ր ուղղությամբ», եւ Ջավախյանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էդ նույնիսկի», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով Ջավախյանին ասաց՝ «կմտածեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մտածելը քեզ էլ առանձնապես չէր խանգարի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով Ջավախյանին ասաց՝ «դու էլ պիտի մտածես», եւ Ջավախյանը ժպտալով Անանիային հարցրեց՝ «ինչի՞ մասին պիտի մտածեմ», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամեն ինչի», եւ Արիկը ժպտալով ասաց՝ «որ կարում եք իրար հետ ըսենց մարդավարի ու նորմալ խոսաք, ինչի՞ եք կռվում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Արիկին ասաց՝ «չենք կռվում», եւ Արիկը հարցրեց՝ «բա ի՞նչ եք անում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ուղղակի՝ որ իմ Նոբելից խոսում են, իրա սիրտը մի քիչ նեղվում ա», եւ Արիկը ժպտալով հարցրեց՝ «ո՞ւմ սիրտն ա նեղվում», եւ Ջավախյանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Անանիայի», եւ Անանիան մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «որ քեզ իսկականից Նոբելյան մրցանակ տան, նույնիսկ էդ դեպքում սիրտս չի նեղվի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կասկածում եմ», եւ Հայկունին Ջավախյանին ասաց՝ «որ չեք կարում իրար հետ մարդավարի խոսաք, ուրեմն՝ մի խոսացեք» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ոչ մեկը չի ստիպում, որ իրար հետ խոսաք», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Հայկունուն ասաց՝ «որ ըտենց ա, դուք խոսացեք՝ մենք լսենք», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես մի հատ կենաց եմ ուզում ասեմ», եւ Օրթախը Հայկունուն ասաց՝ «կենացի հարցով պիտի թամադային դիմես», եւ Հայկունին Ալեքսին հարցրեց՝ «կարելի՞ ա մի հատ կենաց ասել, պարոն թամադա», եւ Ալեքսը Հայկունուն ասաց՝ «ասա», եւ Հայկունին ժպտալով ասաց՝ «ուզում եմ Արմենի կենացը խմենք», եւ ես Հայկունուն հարցրի՝ «ի՞նչ Արմեն», եւ Հայկունին ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Շեկոյան», եւ ես զարմացած հարցրի՝ «ե՞ս ինչ կապ ունեմ», եւ Հայկունին ժպտալով ինձ ասաց՝ «քո շնորհիվ ա, որ էսքան կարգին մարդկանցով իրար գլխի ենք հավաքվել», եւ Ջավախյանն ասաց՝ «շատ լավ կենաց ես առաջարկում, Հայկուն ջան», եւ Անանիան քմծիծաղով Ջավախյանին հարցրեց՝ «սիրտդ չի նեղվո՞ւմ, որ Արմենի կենացն ա առաջարկում», եւ Ջավախյանը զարմացած նայեց Անանիային ու հարցրեց՝ «Արմոյի կենացից իմ սիրտն ինչի՞ պիտի նեղվի», եւ Անանիան քմծիծաղով Ջավախյանին հարցրեց՝ «բա իմ սի՞րտն ինչի պիտի քո Նոբելյանից նեղվի», եւ Հայկունին թարս նայեց Ջավախյանին ու հանդիմանանքով ասաց՝ «էլի չսկսեք», եւ Ջավախյանն արդարանալով Հայկունուն ասաց՝ «ինքն ա սկսում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով Հայկունուն հարցրեց՝ «կենացդ չես ասո՞ւմ», եւ Հայկունին մի քիչ մտածեց, բաժակը բարձրացրեց ու ինձ նայելով ասաց՝ «Արմենը որ չըլներ, էս տարի էլ պիտի ժամը ութին հավաքվեինք» եւ ժամացույցին նայելով ավելացրեց՝ «էսքան անկապ խոսում ենք, բայց հըլը յոթն ա», եւ Օրթախ Աբոն ժպտալով ասաց՝ «Արմենը որ չըլներ, էսօր դժվար էլ հավաքվեինք» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ամեն տարի էլ ես ու Արմենն ենք զոռում, որ նոր տարուց առաջ իրար գլխի հավաքվենք», եւ Հայկունին ասաց՝ «մանավանդ՝ Արմենն ա զոռում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ինքը սաղ տարին էսօրվա էս հավաքից ա խոսում», եւ Արիկն ասաց՝ «ժամը չորսին հավաքվելը շատ ճիշտ էր», եւ Հայկունին ժամացույցին նայելով ասաց՝ «արդեն յոթն ա, բայց ընդամենը մի բաժակ բան ենք խմել», եւ Արիկն ասաց՝ «կարեւորը ոչ թե խմելն ա, այլ՝ տարվա վերջին օրն ըսենց իրար գլխի հավաքվելը», եւ Աբոն ծիծաղելով ասաց՝ «Արշակի կուսակցության էս գրասենյակը տարվա մեջ գոնե մի անգամ պետք ա գալիս», եւ Ջավախյանն ասաց՝ «էս երեսունմեկի օրով տունը նստելը հեչ իմաստ չունի», եւ Արիկն ասաց՝ «պիտի տնեցիների շնչին նստեինք» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «թող հանգիստ իրանց տոլմեն փաթաթեն», եւ Աբոն հանդիմանանքով Արիկին ասաց՝ «գոնե դու մի խոսա. քեզ հազիվ ենք տնից դուրս հանում», եւ Անանիան ասաց՝ «որ Արմենը չըլներ, դժվար թե էսօր ըսենց իրար գլխի հավաքվեինք», եւ Բարդուղն ասաց՝ «բայց կազմակերպողն Աբոն ա», եւ Ջավախյանն ասաց՝ «ամեն ինչի կազմակերպողն էլ Աբոն ա», եւ ես ասացի՝ «Աբոն որ չըլնի, վաբշե իրար էրես չենք տենա», եւ Աբոն ինձ ասաց՝ «բայց դու պնդեցիր, որ էսօր չորսին հավաքվենք», եւԱրշակն ասաց՝ «երեւի Արմենն զգացել ա, որ վերջին անգամ ենք էստեղ հավաքվում», եւ Ջոնն ապշահար նայեց Արշակին ու հարցրեց՝ «այսինքն», եւ Արշակը թախծոտ ժպտալով ասաց՝ «այսինքն, վերջին անգամ ենք էստեղ ըսենց միասին նոր տարին դիմավորում», եւ Հայկունին գոռաց՝ «բերանդ խերով բաց, այ Արշակ»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31