Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մենեջեր Տիգրան Վիրաբյանը Aravot.am-ին հայտնեց, որ քիչ առաջ ավարտված «Արտավազդ» մրցանակաբաշխությանը Գյումրու թատրոնի նորանշանակ գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը արժանացել է «Արտավազդ» մրցանակի` որպես տարվա լավագույն ռեժիսոր, իսկ նույն ներկայացման նկարչական ձևավորող Սեդրակ Վելեկոդնին դարձյալ արժանացել է «Արտավազդ»-ի` որպես տարվա լավագույն նկարչական ձևավորող:
Մի խոսքով, «Առնետներ» ներկայացումը երկու «Արտավազդ» մրցանակ բերեց Գյումրու թատրոնին: Այս պահին համացանցը ողողված է գյումրեցիների շնորհավորանքներով ու հրճվանքով լի մեկնաբանություններով:
Գյումրեցիները հատկապես ոգևորվել են աճեմյանցիների` թատրոնի միջազգային օրվան նվիրված երեկվա միջոցառմանը մասնակցելուց հետո: Թատերասեր գյումրեցիները զգացին, որ նորանշանակ ռեժիսորը նոր շունչ ու ոճ էր հաղորդել թատրոնին: Հասարակական ցավոտ խնդիրները, օրինակ` որևէ մեկի ունեցվածքին փայատեր դառնալը, Գյումրու ցեխոտ փողոցները, համատարած աղքատությունը, պարտադիր կուտակային համակարգը, ժամանակակից հաշվարկային ամուսնությունները ներկայացվեցին գյումրեցու յուրօրինակ հումորով, որը և բարձրացրեց այս քաղաքի խստապահանջ հանդիսատեսի տրամադրությունը: Աճեմյանցիները յուրատեսակ էին կերտել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, Վարդուհի Վարդերեսյանի ու հանգուցյալ Գոհար Գասպարյանի կերպարները:
Թատրոնի երեկվա միջոցառումը այսօր ողջ Գյումրին էր քննարկում, անգամ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որն այսօր իր կառույցում ընդունել էր Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանին, կիսեց իր հիացմունքը ոստիկանապետի հետ`փորձելով ներկայացնել ինչ են ցուցադրել երեկ թատրոնում: Ի պատասխան քաղաքապետի, ոստիկանապետն ասաց՝ «Ես գիտեմ»` ցույց տալով, որ ինքը թատրոնի կյանքից մշտապես տեղյակ է, ևս մասնակցել է: Նշենք, որ աճեմյանցիները երեկ թատրոն էին բերել թե քաղաքի երիտասարդներին, թե բոլոր կառույցների պաշտոնյաներին ու նրանց տիկնանց: Այս բոլորի ներկայությամբ երեկ Նիկոլայ Ծատուրյանը համոզմունք հայտնեց, որ աճեմյանցիները «Արտավազդ» մրցանակաբաշխությունից ձեռնունայն չեն վերադառնա, ու փաստորեն այդպես էլ եղավ:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ