Սյունիքի առաջին մարզպետ (2005-2008թթ.) Սուրեն Աբրահամյանը Aravot.am-ին պատմեց, թե ինչպես է Կապանի քաղաքապետարանից նվեր ստացած իր երեք սենյականոց բնակարանը հիմա դարձել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանինը:
«Պատերազմի ավարտից հետո, երբ ես մնացի Սյունիքի մարզպետ, Կապանի քաղաքապետարանը Շահումյան փողոցի վրա գտնվող երեք սենյականոց բնակարանը տրամադրեց ինձ: Երբ ավարտեցի իմ առաքելությունը Սյունիքում եւ նշանակվեցի Երեւանի քաղաքապետ,իմ այդ բնակարանի կարգավիճակը փոխել տվեցի ու նվիրեցի
Սյունիքի մարզպետարանին՝ որպես ծառայողական բնակարան՝ մարզպետի, տեղակալի, դրսից եկած մարդկանց համար: Կապանը այդ հնարավորությունը չուներ՝ ամեն մարզպետին բնակարան տրամադրեր: Ինձնից հետո դա համարվեց ծառայողական բնակարան»,- պատմեց պարոն Աբրահամյանը:
Մեր հարցին, թե ունե՞ք տեղեկություններ ձեր նվերը արդյո՞ք նպատակին ծառայե՞ց եւ ինչպե՞ս դարձավ Սուրիկ Խաչատրյանի սեփականությունը, պարոն Աբրահամյանն ասաց, որ իրենից հետո նշանակված երկու մարզպետերն էլ՝ Ռոման Նավասարդյանն ու Էդիկ Բարսեղյանը չեն բնակվել այդ բնակարանում. «Որովհետեւ երկուսն էլ Կապանում բնակարան ունեին, երեւի դրա համար պետք չէր բնակարանը»:
Իսկ թե ինչպես է այդ բնակարանը դարձել Սուրիկ Խաչատրյանի սեփականությունը, պարոն Աբրահամյանն ասաց.« Տեղյակ չեմ, բացարձակապես ոչ մի տեղեկություն չունեմ: Ես մի ամբողջ կայացած մարզ եմ նվիրել, մարզի հոգսերը թողած բնակարանիս դա՞րդն էի անելու, մտքովս էլ չի անցել, դա ինչ հարց էր, որ հետաքրքրվեի»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ