ԱՄՆ-ի պաշտոնյաների համաձայն, որ դեռևս հստակ հայտնի չէ, թե ինչպես է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում օգտագործել Ուկրաինայի հետ սահմանի մոտակայքում տեղակայված ստորաբաժանումները, սակայն իրավիճակի զարգացումը կարող է բավականին վտանգավոր լինել
Ամերիկյան և եվրոպական հատուկ ծառայությունների գնահատականների համաձայն, Արևելյան Ուկրաինայի սահմանների մոտակայքում Ռուսաստանը կուտակել է ռազմական և ռազմականացված միավորումների ավելի քան 30 հազար ծառայող:
Այս մասին հաղորդել է «Ռոյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական տվյալների հետ ծանոթ ԱՄՆ-ի և Եվրոպայի աղբյուրները, որոնք նշում են, որ 30 հազար զինծառայողների մասին տվյալները ճշգրիտ չեն, և որոշ գնահատականների համաձայն, խոսքը գնում է 25-ից 35 հազար զինծառայողների մասին:
«Ռոյթերս»-ի աղբյուրների համաձայն, ԱՄՆ-ի և Եվրոպայի կառավարությունների փորձագետները վստահ են, որ խոսքը գնում է Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններում Ռուսաստանի զորքերի թվաքանակի անդադար և զգալի աճի մասին՝ չնայած այն հանգամանքի, որ որոշ ստորաբաժանումներ այնտեղ ժամանում են և հեռանում ռոտացիոն կարգով:
Ամերիկյան և եվրոպական հետախուզական ծառայությունների աղբյուրները, ըստ գործակալության, պնդում են, որ Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում կուտակված են հետևակային և զրահատանկային ստորաբաժանումներ, ինչպես նաև որոշ քանակությամբ օդային ուժեր: Նույն շրջանում կուտակված են առանց նշանների համազգեստ կրող հատուկ ծառայությունների կամ ռազմականացված ստորաբաժանումների ծառայողներ, որոնք օգտագործվել են Ռուսաստանի կողմից՝ Ղրիմի վերջերս իրականացված բռնակցման ընթացքում:
Մանրամասները կարող եք կարդալ` «Ամերիկայի ձայն»-ի կայքում