Լրահոս
Օրվա լրահոսը

«Պրակտիկայի ղեկավարը պոտենցիալ գործատու է». (Ֆոտոշարք, տեսանյութ)

Մարտ 27,2014 21:03

Այսօր՝ մարտի 27-ին, Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի Միջազգային Լրագրություն գիտաուսումնական կենտրոնի ուսանողները ներկայացրեցին իրենց արտադրական փորձաշրջանի հաշվետվությունը:

4-րդ կուրսի ուսանողները իրենց վեցշաբաթյա փորձաշրջանը սկսել էին փետրվարի 10-ին եւ ավարտել մարտի 21-ին: Մոտ 50 ուսանող իր առաջին քայլերը կատարեց «Առավոտի», «168 ժամի», News.am-ի, «Ազատություն» ռադիոկայանի, «Երկիր Մեդիայի», «Հանրային ռադիոյի», «Մեդիա կենտրոնի», «Մեդիա գրուպի»-ի խմբագրություններում:

PrevPhoto
NextPhoto

Միջազգային լրագրություն գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Տատյանա Հովհաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք կարողացան կոտրել այն կարծրատիպը, որ լրագրության ոլորտում համալսարանական կրթությունը որակյալ չէ, եւ որ լրագրության ֆակուլտետը ավարտած լրագրողները դժվարությամբ են սկսում աշխատել մասնագիտական ոլորտում.

«Մեդիաընկերությունների ղեկավարների այսօրվա հնչեցրած գնահատականները փաստում են այն մասին, որ մեր ուսանողները (վաղվա շրջանավարտները) ունեն մասնագիտական բարձր պատրաստվածություն եւ մրցունակ են աշխատաշուկայում: Այս ամենը թույլ է տալիս ասելու, որ լրագրողական կրթությունը մեր համալսարանում դրված է ամուր հիմքերի վրա, եւ որ լրատվամիջոցների հետ մեր համագործակցությունը տալիս է իր դրական արդյունքները եւ կարող է բերել մեդիաոլորտում որակական փոփոխությունների»:

Տատյանա Հովհաննիսյանի խոսքերով՝ պրակտիկան ուսանողներին հնարավորություն է տալիս մի կողմից զարգացնել ստացած գիտելիքները եւ հմտությունները, գնահատել իրենց մասնագիտական կարողությունները, եւ մյուս կողմից նրանց համար հիանալի հնարավորություն է ներկայանալու գործատուներին.«Պրակտիկայի ղեկավարը պոտենցիալ գործատու է»:

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ առաջին օրը չէ, որ հեռուստաընկերությունը համագործակցում է Լեզվաբանական համալսարանի հետ, եւ արդյունավետ է համարում բուհի աշխատաոճը. «Իրոք կազմակերպված, իրոք ուսանելու ձգտող ուսանողուհիներ էին, հատկապես՝ կուզեմ առանձնացնել նոր բան սովորելու ամենօրյա ճիգը»:

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանն էլ նշեց, որ ռադիոկայանում փորձաշրջան անցած ուսանողները բավականին լավ պատրաստված էին եւ բավականին հեշտ էր աշխատել նրանց հետ. «Փորձաշրջանը շատ լավ բան է թե՛ մեդիայի համար, թե՛ ուսանողների համար, թե՛ բուհի համար: Այդպիսով մենք մոտենում ենք իրար,ավելի լավ ենք հասկանում միմյանց կարիքները. բուհը հասկանում է, թե ի՞նչ է պետք մեզ, մենք էլ հասկանում ենք, թե ի վերջո ի՞նչ հնարավորություններ ունեն մեր բուհերը»:

«Առավոտ» օրաթերթի սոցիալ-տնտեսական ոլորտի պատասխանատու Լուսինե Բուդաղյանը կարծում է, որ այս փորձաշրջանից հետո ուսանողները ոչ թե ապագա, այլ գործող լրագրողներ են: Նա այդ հարցում կարեւորեց նաեւ մեդիափորձագետ, ԵՊԼՀ դասախոս Մեսրոպ Հարությունյանի դերը. «Չթերագնահատելով մյուս դասախոսներին՝ ուզում եմ առանձնացնել պարոն Հարությունյանի աշխատանքը, քանի որ ուսանողները մեծ պատասխանատվությամբ էին վերաբերվում աշխատանքին՝ նախ եւ առաջ Մեսրոպ Հարությունյանի կարծիքի մասին մտածելով»:

Ինքը՝ Մեսրոպ Հարությունյանը, իր ուսանողներին բնութագրեց որպես «փայլուն սերունդ»: Դասավանդելով ուսանողներին 3 տարի՝ պարոն Հարությունյանը Aravot.am-ին հայտնեց, որ այդ երեք տարիների ընթացքում մեծ աճ է նկատել. «Եթե նայում ենք, երբ նոր-նոր սկսել էին երկրորդ կուրսում, եւ նայում ենք հիմա՝ տարբերությունը շատ-շատ է, իսկ փորձաշրջանից հետո նկատվում է, որ իրենք շատ լավ փորձաշրջան են անցել եւ ավելի ու ավելի մասնագիտական աճ են ունեցել»:

4-րդ կուրսի ուսանողուհի Զառա Իսրաելյանը իր վեցշաբաթյա փորձաշրջանը անցել է «Ազատություն» ռադիոկայանում, նա խոստովանեց, որ իր անցկացրած փորձաշրջանից հետո կարող է աշխատել ցանկացած խմբագրությունում. «Ես հնարավորություն ունեցա փորձաշրջանս անցկացնել Հայաստանի լավագույն մեդիա հարթակներից մեկում, որտեղ պրակտիկ կիրառեցի բոլոր այն տեսական գիտելիքները, որոնք որ ստացել էի համալսարանում: Կարծում եմ, այս փորձից հետո կարող եմ աշխատել յուրաքանչյուր ձեւաչափի խմբագրությունում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31