Հայաստանը դեմ քվեարկեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցող բանաձեւին
Քիչ առաջ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում ընդունվեց «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» անվանմամբ բանաձեւը: Բանաձեւը չի ճանաչում Ղրիմի թերակղզում մարտի 16-ին անցկացված հանրաքվեի օրինականությունը:
Հայաստանի ներկայացուցիչը դեմ քվեարկեց բանաձեւին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, թե Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու բանաձեւին:
Այսպիսով, Հայաստանը վերահաստատեց Ղրիմի հանրաքվեի արդյունքները ճանաչելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը:
Այնուհանդերձ, բանաձեւը ընդունվեց: Դրան կողմ արտահայտվեց 100 երկիր, 58-ը ձեռնպահ մնացին, Հայաստանից բացի, դեմ քվեարկեցին եւս 10 երկրներ: Կողմ քվեարկողների թվում են Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը եւ տարածաշրջանի մի շարք այլ երկրներ: Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը եւ մի շարք այլ երկրներ դեմ քվեարկեցին:
Քվեարկությունից առաջ մի շարք երկրների ներկայացուցիչներ հանդես եկան իրենց երկրի տեսակետը բացատրող ելույթներով: Ելույթ ունեցան, մասնավորապես, Նիկարագուայի, Սենթ Վինսենթ եւ Գրենադինայի, Ուրուգվայի, Սալվադորի, Նիգերիայի, Վրաստանի, Թուրքիայի ներկայացուցիչները: Հայաստանի անունից ելույթ չհնչեց:
Մանրամասները կարող եք կարդալ` ilur.am-ի կայքում