Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյան. «Եղվարդի ջրամբարի կառուցումը իշխանության նախընտրական ծրագրի խոստումներից է եղել»

Մարտ 27,2014 19:21

Այսօր ԱԺ-ում քննարկվում էր կառավարության ներկայացրած նոր օրինագիծը, որով առաջարկվում է Սեւանա լճից տարեկան բաց թողնել ոչ թե 170 մլն խորանարդ մետր ջուր, այլ՝ 240 մլն մգյուղատնտեսական մշակաբույսերը ոռոգելու նպատակով: Ընդ որում, առաջարկվում է դա ուժի մեջ պահել 5 տարի՝ մինչեւ 2019-ը:

Խոսքը «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրինագծի մասին է:

Ջրտնտպետկոմի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը բացատրեց, որ  շուրջ 29 բնակավայրերում ոռոգման ջրաղբյուրների դեֆիցիտ կա եւ այլընտրանք չունեն, ստիպված են Սեւանա լճից ջուր վերցնել:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հետաքրքրվեց՝ 2014-ի բյուջեով ոչ մի ջրամբար չի՞ կառուցվում. «Քանի տարի կառավարությանը հայտնի է եղել, որ այս խնդիրը ծագելու է, մենք չէի՞նք կարող բյուջեում գոնե 2-3 տարվա կտրվածքով միջոցներ հայթայթվել գոնե 1 ջրամբար կառուցեինք: Ինչքան գիտեմ, Եղվարդի ջրամբարի կառուցումը իշխանության նախընտրական ծրագրի խոստումներից է եղել»:

Անդրանիկ Անդրեասյանը պատասխանեց, որ ջրամբարաշինությունը շատ ռեսուրսատար է. «Խոսքը 100 միլիոնավոր դոլարների մասին է: Մասնավոր հատվածը, ցավոք, ջրամբարաշինական ծրագրերի մեջ երբեք չի մտնում, որովհետեւ բիզնեսի տեսանկյունից հետաքրքիր չեն»:

Գագիկ Ջհանգիրյանը շվարեց. «Ես այդպես էլ չհասկացա, փաստորեն մենք այդպես էլ ոչ մի ջրամբար չե՞նք կառուցում 2014-ին: Մենք ձեզ այս նախագծով տալիս ենք փաստորեն 5 տարի սահմանված քվոտայով ջուր վերցնելու իրավունք: Վախենամ մենք հենց քվեարկենք, 5 տարի էլի ոչ մի ջրամբար չի կառուցվելու, հետո վերջում գալու ենք ասենք՝ բա, ջրամբարները չենք կառուցել, փող չունենք, քվոտան էլի պիտի ավելացնենք: Ինչի՞ ենք մենք  5 տարով ավելացնում, կարող է եկող տարի տեղումները շատ են լինում, եկեք  1 տարով ավելացնենք»:

Անդրանիկ Անդրեասյանը վստահեցրեց, որ ջրամբարների կառուցման նախագծային աշխատանքներն արդեն սկսված են. «Եղվարդի ջրամբարի նախանախագծային աշխատանքներ են իրականացվում»:

ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը հետաքրքրվեց՝ «Վերջին տարիներին ոլորտում շատ մեծ ներդրումներ են կատարվել ե՛ւ վարկային միջոցներով, ե՛ւ բյուջետային, ե՛ւ Հազարամյակի մարտահրավերներով: Ուզում եմ ձեր գնահատականը՝ արդյունավե՞տ են այդ միջոցները ծախսվել, որովհետեւ մենք էլի նույն վիճակում ենք: Մենք տեղում դոփում ենք»: Ջրտնտպետկոմի նախագահը նորից վստահեցրեց, որ ջրամբարաշինությունը թանկ հաճույք է եւ իսկապես լուրջ գումարներ են անհրաժեշտ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31