Մարտի 27-ին Կանանց պատմության միամսյակը նշանավորելու նպատակով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը հյուրընկալեց 2013թ. Կանանց մենթորական ծրագրի մասնակիցներին: Ուսանողուհիների ու կին առաջնորդների մասնակցությամբ իրականացվող այս ծրագիրը համակարգվում է ԱՄՆ դեսպանատան, Երևանի պետական համալսարանի, Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի և «Հուսո այգի» երիտասարդ կանանց բարեգործական հիմնադրամի կողմից:
Ամերիկյան կանանց պատմության միամսյակը նշվում է մարտ ամսին՝ տուրք տալու համար կանանց՝ հասարակության մեջ ունեցած ներդրումներին: Նախագահ Օբաման վերջերս ելույթ է ունեցել հետևյալ խոսքերով. «Կանանց պատմության միամսյակի ընթացքում մենք նշանավորում ենք այն կանանց հաղթանակները, պայքարը և պատմությունները, ովքեր դարձրել են մեր երկիրն այնպիսին, ինչպիսին այն այսօր է: Մենք ուզում ենք խրախուսել ավելի շատ աղջիկների՝ բացահայտելու իրենց սերը գիտության, տեխնոլոգիաների, ճարտարապետության և մաթեմատիկայի հանդեպ, ինչպես նաև գործողություններ ենք ձեռնարկում՝ ապահովելու տնտեսական հնարավորություններ ամբողջ աշխարհի կանանց համար»:
Կանանց մենթորական ծրագիրը մեկնարկել է 2010թ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից: Մենթորները, լինելով կայացած գործիչներ և մասնագիտական հաջողությունների հասած անձինք, օրինակ են ծառայում և իրենց խորհուրդներով օգնում են երիտասարդ խոստումնալից ուսանողուհիներին: 2013թ. ծրագրում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների տեր 66 մենթորներ ու մագիստրատուրայի 66 ուսանողուհիներ Հայաստանի Ամերիկյան համալսարանից, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանից և «Հուսո այգի» երիտասարդ կանանց բարեգործական հիմնադրամից:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն