Հարցազրույց ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանի հետ
– Վերջին շրջանում դատարանների նկատմամբ նկատվեց միանգամից երկու գործարարի քննադատություն: Խոսքը ռուս գործարար Ալեքսեյ Կորեպանովի և «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի մասին է: Վերջիններս, ինչպես գիտենք, Հայաստանի դատարաններում ունեցան դատական գործեր և պարտվեցին: Երկու դեպքում էլ գործարարներն իրենց պարտությունը կապում են դատարանների կողմնակալության հետ: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
– Իմ հրապարակային ելույթներում բազմիցս եմ խոսել դատարանների գլխավոր առանձնահատկության մասին: Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դատարաններում մշտապես բախվում են երկու կողմերի շահեր: Երկու կողմերն էլ դատարանում փորձում են պաշտպանել իրենց իրավունքները, իսկ այդ ընթացքում կողմերը գրեթե մշտապես դուրս են գալիս օբյեկտիվության սահմաններից: Գուցե դա էլ մարդկային մի առանձնահատկություն է, քանի որ մենք կամ չենք հաշտվում մեր «թերության» հետ, կամ պարզապես դրա մասին խուսափում ենք բարձրաձայնել: Դուք նշեցիք միայն երկու գործարարի մասին, բայց անհրաժեշտ է նկատել, որ դատական վեճը ոչ թե երկու պարտված գործարարի մեջ է, այլ առնվազն չորս գործարարի, քանի որ Ձեր նշած երկու գործարարներն էլ կոնկրետ դեպքում իրավական վեճ են ունեցել այլ երկու կամ ավելի գործարարների հետ: Դիտարկենք պարոն Կորեպանովի դատական վեճը: Ինչպես գիտեք, վեճի առարկան բիզնես շահերն էին. նախկին փայատերերն ունեն բիզնես շահերի բախում: Բնական է, որ կողմերից մեկը ճիշտ է, իսկ մյուսը` սխալ: Հենց այդ ճիշտն ու սխալը որոշելու համար էլ դիմել են դատարան, որպեսզի դատարանին հանձնված իրենց վեճի համար ստանան վերջնական գնահատական: Կոնկրետ Կորեպանովի դեպքում Հայաստանի դատարաններում քննվել է իր մասնակցությամբ այդպիսի 20 վեճ: Այսինքն՝ դեպքերի մի մասում պարոն Կորեպանովն է հայց ներկայացրել, իսկ մյուս մասում՝ իր նախկին գործընկերը (փայատերը): Այս դեպքում ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ պարոն Կորեպանովի մասնակցությամբ դատական վեճերի շուրջ 90 տոկոսը եղել է ընդդեմ Կորեպանովի, այսինքն՝ իր նախկին գործընկերն է դիմել դատարան` հայտնելով, որ հենց պարոն Կորեպանովի կամ իր ղեկավարած ընկերության կողմից է խախտվել գործընկերոջ իրավունքները: Ուսումնասիրելով բոլոր 20 դատական գործերը, տեսնում ենք հետաքրքիր պատկեր. առկա 20 դատական գործերից, որոնցում մի կողմը եղել է Ալեքսեյ Կորեպանովը կամ իր ղեկավարած կազմակերպությունը, 17-ի դեպքում հենց պարոն Կորեպանովն է հաղթել, 1 գործ դեռևս ընթացքում է: Պատկերացնում եք չէ՞ ինչի մասին է խոսքը. այսինքն` Հայաստանի դատարաններից դժգոհող պարոն Կորեպանովը 20-ից 17-ի դեպքում կամ հաղթել է, կամ դատարանները կայացրել են այնպիսի որոշում, որը շահեկան է եղել հենց Կորեպանովի համար: Ընդ որում` այս 17 գործերի գերակշռող մեծամասնության դեպքում դատական վեճն անցել է երեք դատական ատյաններում: Անգամ մի գործով առաջին ատյանը մասնակի էր բավարարել Կորեպանովի հայցը, որի պահանջը շուրջ 7 միլիոն դրամ էր, իսկ վերաքննիչ դատարանը բեկանել էր առաջին ատյանի դատական ակտն ու Կորեպանովի հայցը բավարարել ամբողջությամբ: Մեկ այլ գործով Կորեպանովը հաղթել է շուրջ 60 միլիոն դրամի պահանջով դատական գործ, ընդ որում` նույն անձից, ում իբր հովանավորում է Հայաստանի դատական համակարգը: Եթե հովանավորում է, ապա ինչպե՞ս է ստացվել, որ այդ իբր հովանավորյալի դատական 17 հայցերը կամ մերժվել են, կամ վերադարձվել, կամ կարճվել: Հավանաբար, տեղին է կատակելը՝ դեռ հարց է, թե Հայաստանի դատարաններն ում են ավելի շատ «հովանավորել»: Մյուս կողմից էլ, համեմատելով այն երկու գործերը, որոնցում Կորեպանովն ունեցել է պարտություն, վստահ կարող ենք ասել, որ վերջինիս կողմից դատական գործերին տրվող հանրային հնչեղությունը, եթե ոչ միակողմանի, ապա խիստ սուբյեկտիվ մոտեցման արդյունք է:
– Այնուամենայնիվ, նույն Կորեպանովը գտնում է, որ հենց իր պարտված գործով դատարանը թույլ է տվել ապօրինություն, և ինքը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Կարդացեք նաև
– Արդեն նշեցի, որ դա իր սուբյեկտիվ ընկալումն է կամ իրական ընկալման սուբյեկտիվ ներկայացումը: Իմ հավաստի տեղեկություններով պարոն Կորեպանովը վեճի նույն առարկայով նույն անձի նկատմամբ դատական հայց է ներկայացրել նաև Ռուսաստանի Դաշնությունում: Պարզվում է, որ պարտություն է կրել նաև իր հայրենիքում: Ի՞նչ է ստացվում, որ անգամ Ռուսաստանի Դաշնության դատական իշխանությո՞ւնն է քավոր-սանիկական հարաբերությունների մեջ Կորեպանովի դատական հակառակորդի հետ: Ի դեպ, քավոր-սանիկական հարաբերությունների շուրջ էլ պարոն Կորեպանովը զերծ չմնաց ապատեղեկատվություն տարածելուց: Հայկական մամուլում հնչեցրեց ակնհայտ սուտ տեղեկություն այն մասին, թե իբր Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախագահը քավոր-սանիկ հարաբերություններ ունի իր դատական հակառակորդի հետ: Սա ակնհայտ սուտ է, կեղտոտ սուտ, ինչը խոսում է սուտը տարածողի անազնվության մասին: Այսպիսով, ի՞նչ է ստացվում, վեճի մյուս կողմը, ով հաղթել է դատական գործը, քանի որ հենց իր իրավունքներն են եղել խախտված, շնորհակալ է Հայաստանի դատական իշխանությունից, որի մասին, բնականաբար, չի բարձրաձայնում: Հենց այստեղ է այն հիմնական խնդիրը, որ աղմուկ բարձրացնողները ոչ միշտ են ազնիվ, արդար, անգամ իրենք իրենց խղճի առաջ:
– Պարոն Բաբայան, երեւի թե կհամաձայնեք, որ անարդար ճանապարհով դատական գործ շահողն էլ զերծ կմնա բարձրաձայնելուց իր հաղթանակի մասին: Արդյո՞ք սա հենց այդ դեպքը չէ՞:
– Անշուշտ, ճիշտ եք չբարձրաձայնելու առումով, բայց միաժամանակ ինքներդ դատեք, եթե անձինք պարոն Կորեպանովի հետ ունեցած 20 դատական գործով պարտվել են 17-ի դեպքում, այդ պարտությամբ հատուցել են ավելի քան 60 միլիոն դրամ, արդյո՞ք կարող է խոսք լինել որևէ ապօրինի երևույթի մասին:
– Իսկ ի՞նչ կասեք «Հին էրիվան»-ի սեփականատիրոջ գործից: Արդյո՞ք նույն վիճակն էլ այս դեպքում է:
– Մեծ հաշվով նման են դեպքերը. «Հին էրիվանի» սեփականատերն էլ վեճ ունի բիզնես ոլորտում: Ռեստորանային համալիրի և բանկի միջև առկա է վեճ, որում հաղթող կողմը բանկն է, և, ինչպես տեսնում եք, բանկի ղեկավարությունը աղմուկ չի բարձրացնում: Ինչպես և հաղթանակի դեպքում աղմուկ չեն բարձրացրել Կորեպանովի հակառակորդ կողմը և գրեթե բոլոր հաղթող կողմերը: Բանկը գտել է, որ խախտվել էին իր իրավունքները, ինչի համար դիմել էր դատարան: Դատարանն էլ հաստատեց, որ տվյալ դեպքում, իսկապես, խախտվել են հենց բանկի օրինական շահերն ու իրավունքները: Ի դեպ, «Հին էրիվանի» սեփականատերն էլ Կորեպանովի նման փորձեր է անում տարածել սուտ տեղեկություններ, դատական իշխանության հասցեին հնչեցնել վիրավորական հայտարարություններ:
Հարցազրույցը՝ Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ
Манвел Тер-Аракелян подчеркнул, что не видит смысла давать комментарий “ввиду тотальной некомпетентности Арсена Бабаяна”. “Вы просите меня прокомментировать утверждения человека, который абсолютно некомпетентен в своих словах. Если бы вместо Бабаяна с такими заявлениями выступила более весомая фигура, ответ однозначно бы последовал – полновесный и весьма жесткий”, – сказал Манвел Тер-Аракелян, процитировав известные слова Александра Пушкина: “Да не оспаривай глупца”.
Подробности: https://www.regnum.ru/news/fd-abroad/1784212.html#ixzz2xHLnCa29
Любое использование материалов допускается только при наличии гиперссылки на ИА REGNUM