Աջափնյակ-Դավիթաշեն ընդհանուր իրավասության դատարանում այսօր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի գործով դատական նիստն էր: Այն հետաձգվեց` կողմերին հնարավորություն տալու ծանոթանալ նիստի ընթացքում ներկայացված լրացուցիչ փաստերին:
Հիշեցնենք, որ նախկին մարզպետը իրեն վիրավորելու եւ զրպարտելու համար հայց է ներկայացրել դատարան` Սամվել Հարությունյանից պահանջելով 1,5 միլիոն դրամ փոխհատուցում:
Հիշեցնենք նաեւ, որ Սուրիկ Խաչատրյանը վիրավորանք եւ զրպարտություն է համարում Գորիսի նախկին քաղաքապետի այն հրապարակումը, թե Սուրիկ Խաչատրյանը կրակել իր սիրուհու` Արեւիկ Միրզոյանի վրա , սպանել չծնված երեխային:
Սուրիկ Խաչատրյանի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանը այս անգամ էլ միջնորդեց գործով տուժող Արևիկ Միրզոյանին ներգրավել որպես երրորդ անձ, ինչը մերժվեց՝ պատճառաբանելով, որ միջնորդությունը հիմնավորված չէ և ենթակա է մերժման:
Կարդացեք նաև
Պարոն Զիլֆուղարյանը նաեւ միջնորդեց որպես վկաներ հրավիրել Սուրիկ Խաչատրյանի մասին պատասխանողի ներկայացված տեղեկությունների հետ առնչվող Արագած Ղևոնդյանին, Սուրեն Բաղդասարյանին, Վլադիմիր Վարդանյանին, Անուշավան Առուշանյանին, Համլետ Զաքարյանին եւ չհամաձայնեց դատարանի` Արեւիկ Միրզոյանին գործով վկա հրավիրելու իր միջնորդությունը մերժելու որոշման հետ, ասաց. «Ամենաճիշտը այն կլինի, որ Արեւիկը գա ու ասի` ինչ է եղել»:
Սամվել Հարությունյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ ներկայացրեց իրենց ներկայացրած փաստերի մասին այլ հրապարակումներ եւս, մասնավորապես «Շրջան» թերթում հրապարակված մի հոդված, «Առավոտ» օրաթերթում հրապարակված «Նոր մանրամասներ. Սուրիկ Խաչատրյանը կրակել է իր սիրուհու վրա չերգելու համար» վերնագրով նյութը և այդ դեպքի մասին «Հայոց աշխարհ» թերթում հրապարակված եւս մեկ նյութ:
Շուշանյանի նշած հրապարակումներին ի պատասխան` պարոն Զիլֆուղարյանը դատարանին ներկայացրեց պետռեգիստրից վերցրած տվյալներ, թե քանի Սուրեն Խաչատրյան անուն, ազգանունով մարդ կա Հայաստանում` նշելով, թե դեռ պետք է ապացուցվի, որ Սուրեն Խաչատրյանի մասին է խոսքը. «Թերթում գրված է Սուրեն Խաչատրյան, ես պետռեգիստրից ցուցակ եմ ներկայացրել, թե Հայաստանում քանի Սուրեն Խաչատրյաններ կա»: Նա նաեւ պնդեց իրենց պահանջը` նշված տեղեկությունները Սուրիկ Խաչատրյանի մասին համարել զրպարտություն:
Հաջորդ դատական նիստը նշանակեց ապրիլի 14-ին, ժամը 13:00-ին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հայաստանում մի 30 հոգի Սերժ Սարգսյան կա, մի այդքան էլ` Սաշիկ Սարգսյան, բայց հո բոլորը ՍԱՇԻԿ չեն,…..