Այսօր «Ֆորում» ակումբում բնապահպանները, անդրադառնալով Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտին, եւս մեկ անգամ ահազանգեցին` մենք շուտով կորցնելու ենք մաքուր գյուղատնտեսություն ունենալու հնարավորությունը:
Ասուլիսի մասնակից, Էկոլոգիական դաշինքի անդամ Գրետա Գաբրիելյանի ներկայացրած օրինակով` Մելիք գյուղում Թուխմանուկի ոսկու հանքավայրը տեղադրված է այնպիսի գոտում, որտեղ ջրագոյացման տարածք է, այստեղի ջրերով սնվում են Քասախ գետն ու նրա վտակները. «Որոնցով գոյանում են Հալավարի եւ Ապարանի ջրամբարները:Այս ջրամբարների ջրերը հոսում են դեպի Արարատյան դաշտավայր, եւ մեր հիմնական, մեր պիտանի հողերը ջրվում են այն ջրերով, որոնք հոսում են բաց հանքի միջով: Մինչդեռ այդ հանքը` Թուխմանուկի, պետք է, ըստ թույլտվության, 2008-ից փակ եւ ստորգետնյա եղանակի անցներ, բայց ապօրինաբար մինչեւ այսօր այդ հանքը բաց է, այդ լցակույտերը տեղադրված են ամեն տեղ, 2 պոչամբարները լցված են, հիմա էլ հանքօգտագործողը 3-րդ պոչամբարի տեղադրման թույլտվություն է ուզում ստանալ: Այդտեղ Ապարանի սարահարթն է, շատ բերրի հողեր են, այսպիսի բերրի հողեր ամեն տեղ չէ, որ ունենք: Այդ տարածքները վտանգված են, քանի որ թունավոր ծանր տարրերը չեն ոչնչանում. հողից անցնում են բույսին, բույսից` կենդանուն, հետո մարդու օրգանիզմում կուտակվում: Շատ շուտով Հայաստանից արտահանվող գյուղմթերքները կարգելվեն, քանի որ դրանց պարունակության մեջ կլինեն թունավոր, ծանր մետաղների պարունակության թույլատրելի սահմանի գերազանցում եւ մեր պտուղ-բանջարեղենը, որը հիմա արժեքավոր է, շուտով կարժեզրկվի»:
Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ բնապահպան Սիլվա Ադամյանն էլ նկատեց, որ հնարավոր չէ ունենալ մաքուր հանքարդյունաբերություն, բայց կարելի է գոնե նվազեցնել եղած հանքերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա. «Այն, ինչ ունենք, մի հատ եկեք մոնիտորինգ անենք, ստուգենք իրավիճակն այդ ոլորտի, բայց չեն անում: Բնապահպանության նախարարությունից եկել էին հանդիպման, ներկայացուցիչները տեղյակ չէին որեւէ խնդրից: Միայն տգետ, անգրագետ մարդը կարող է նման վերաբերմունք ցույց տալ իր հայրենիքի հանդեպ, որովեհետեւ դրսից մարդիկ գալիս են, փորձում են շահույթներ ստանալ, տարբեր փորձագետների ելույթներ լսեցինք` այսպես արեք, որ շահույթ ստանաք, այնպես արեք, որ հանքարդյունաբերությունը լավ լինի, բայց չէ որ մենք պետք է շահագրգռված լինենք: Քաղաքացիները շահագրգռված են, բայց մենք լծակներ չունենք, դրանք նախարարության ձեռքում են: Մենք նախարարություն չունենք, սա նախարարի երեսին էլ եմ ասել` դուք տնտեսագետ եք, շինարար եք, դուք ամեն ինչ եք, բայց դուք բնապահպանության նախարար չեք, որովհետեւ դուք չեք հասկանում բնապահպանությունն ինչ է, դուք հոգով պատրաստ չեք հայրենիքը պահպանելու»:
Սիլվա Ադամյանն ու Գրետա Գաբրիելյանը վստահեցրին, որ բնապահպանության տեսչությունն էլ չի աշխատում. «Եթե տեսուչը մտնում է տարածք, գումարը տալիս են ու ճանապարհում են: Ոչ մի տեսուչ պատրաստ չէ հակամարտության մեջ մտնել հանքարդյունաբերողի հետ, գալիս են համաձայնության: Մեր կառավարությունը, նախագահը, չգիտեմ, ինչ պիտի անեն, որ այս իրավիճակը շտկվի, այլապես մեր բոլոր նախաձեռնությունները իզուր կլինեն»:
Գրետա Գաբրելյանն ասաց, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ մի քանի տարի առաջ հանդիպել են, ներկայացրել է փաստեր եւ հաշվարկներ. «Թեղուտի նախագծի հետ կապված ներկայացրել եմ բոլոր ստերն ու կեղծիքները, դրանք բոլորը հաշվարկել էի: Պարոն Սարգսյանի աշխատասենյակում էինք, ասացի՝ թուղթն ու մատիտը վերցրեք հաշվենք: Ներկայացրեցի ամեն ինչ, բայց վարչապետը ոչինչ չնախաձեռնեց»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ