Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը

Մարտ 27,2014 16:09

Մարտի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի ՆԱՏՕ-ի գործընկերության ենթահանձնաժողովի պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք՝ խորհրդարանի պաշտոնական կայքից:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը նշեց, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները եվրոպական ինտեգրման քաղաքականության կենտրոնական տարրերից են` համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ եւ մասնակցությունը Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին գնահատելով որպես Հայաստանի բազմաշերտ անվտանգության համակարգի կարեւոր բաղադրիչ: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանը մտադիր է պահպանել եւ զարգացնել համագործակցության ներկա տեմպերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացմանը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի մասնակցությամբ միջազգային խաղաղապահ գործողություններում իր ներգրավվածությանը: Խոսելով Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունների խորհրդարանական ձեւաչափի մասին` Հովիկ Աբրահամյանը կարեւորեց վեհաժողովի հետ համագործակցությունը եւ նրա աշխատանքներին ՀՀ ԱԺ պատվիրակության մասնակցությունը: Նրա խոսքով` Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ծրագրերին նպաստում է Հայաստանի ժողովրդավարական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներին:

ՆԱՏՕ-ի ԽՎ պատվիրակության ղեկավար, քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ Ժոզե Լելլոն կարեւոր համարեց պատվիրակության այցը Հայաստան եւ Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունը, ինչպես նաեւ համագործակցությունը Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում: Նա բարձր գնահատեց խորհրդարանի դերն ու նշանակությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերությունների հարցում` կարեւորելով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ակտիվ մասնակցությունը եւ խորհրդարանական դիվանագիտության դերը:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային անվտանգության հարցերին, հայ-թուրքական հարաբերություններին, ՀՀ-ԵՄ համագործակցությանը: ԱԺ նախագահը շեշտեց, որ Հայաստանը հավատարիմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: «Պատերազմը երբեք եւ ոչ մի տեղ որեւէ լավ բանի չի հանգեցրել` բերելով մարդկային ու նյութական կորուստներ: Հակառակ մեր դիրքորոշման՝ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով մշտապես հնչեցրել է ռազմատենչ հայտարարություններ, որոնք հատկապես ակտիվացել են վերջին շրջանում»,-ասաց Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ՆԱՏՕ-ի դիրքորոշումը , որ այն համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարվող բանակցությունների ոգուն: Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցին ` ԱԺ նախագահը նշեց, որ այն չի խաթարի Եվրամիության հետ մեր քաղաքական երկխոսությունը, եւ Հայաստանը շարունակելու է հանձնառու լինել մեզ միավորող ընդհանուր արժեքներին եւ շարունակելու է ջանքերը քաղաքական երկխոսության խորացման ուղղությամբ՝ հանուն ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության ապահովման եւ մարդու իրավունքների պաշտպանության:

Անդրադառնալով Սիրիայի ճգնաժամին եւ Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններին` Հովիկ Աբրայամյանը խորը մտահոգություն հայտնեց եւ դատապարտեց  հայաբնակ Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունները: «Քեսաբ կատարված ներխուժումը իրականացվել է ՆԱՏՕ-ի անդամ երկիր հանդիսացող Թուրքիայի տարածքից: Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է իր ձայնը բարձրացնի ի պաշտպանություն ազգային փոքրամասնությունների իրավունքների եւ Քեսաբի հայության ֆիզիկական անվտանգության ապահովման համար»,-ասաց ԱԺ նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31