Ազգային ժողովում քննարկվում է «Ռազմաարդյունաբերական համալիրի» մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը: Հարցը զեկուցող Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին դիմելով նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ դրական է վերաբերում օրենքի այս նախագծին:
«Իսկապես օրենքի նախագիծը բավական կարևոր է, հայեցակարգային օրենք է, նույնիսկ մի քիչ ուշացած, որովհետև եթե մենք ուզում ենք լուծել տնտեսության զարգացման, սոցիալական խնդիրները, ժողովրդավարության հետ կապված խնդիրներն, ապա առանց անվտանգության կայուն ու ուժեղ համակարգի հնարավոր չէ լուծել այս խնդիրները»,-ասաց Շարմազանովը:
Ապա նա հարցրեց. «Ամիսներ առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նշեց, որ հաշվի առնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ շրջանակներում բավական ակտիվ համագործակցում է և խորացնում է իր համագործակցությունը, նա չբացառեց Հայաստանում հինգից վեց նոր ռազմարդյունաբերական հիմնարկությունների բացումը, ի՞նչ կասեք այդ մասին, ի՞նչ փուլում են այդ գործընթացները, արդյոք այս օրենսդրական նախաձեռնության օրենքի վերածվելը չի արագացնի այդ ռազմարդյունաբերական գործարանների կամ ձեռնարկությունների շուտափույթ բացումը»:
Նազարյանը պատասխանեց, որ ըստ էության օրենքի նախագծի ընդունումը մեծապես նպաստելու է այս ոլորտի հետագա զարգացմանը: Նա նշեց, որ համապատասխան պայմանավորվածություններ կան ոչ միայն ռուսական կազմակերպության հետ, այլև համագործակցում են Բելառուսի հանրապետության ու նախատեսվում է նաև Լեհաստանի հետ: «Այսինքն՝ օրենքի ընդունումն, այո, կարագացնի, մեծապես կնպաստի հետագա համագործակցության զարգացմանը ոչ միայն ՌԴ-ի, այլև այլ պետությունների հետ»,-նշեց փոխնախարարը:
Կարդացեք նաև
Շարմազանովն արձագանքեց, որ կարելի է ամրագրել ու արձանագրել, որ այս օրենքի ընդունումն ամրագրում է ՀՀ-ի ազգային անվտանգության համակարգը: «Ամրապնդում ու ուժեղացնում է մեր պահպանողականությունը, և լրացուցիչ զսպող մեխանիզմ է տարածաշրջանային հավասարակշռությունն ապահովելու համար»: