«Քանկոր» սրտանոթային բուժկենտրոնի ղեկավար Շահեն Խաչատրյանի կարծիքով՝ սրտաբանությունը այն հազվադեպ բնագավառներից է Հայաստանում, որը միշտ առաջնակարգ դիրքերում է՝ հարեւան երկրների համեմատ: Սակայն, նրա խոսքերով, օր օրի մասնագետներից շատերի մոտ երկիրը լքելու եւ արտերկրում աշխատանք գտնելու մտադրությունները շատանում են. «Հայաստանում լավ սրտաբանական դպրոց կա, եւ այդ դպրոցի ներկայացուցիչները ճանաչված մասնագետներ են: Ցավով եմ նշում, բայց բժշկությամբ զբաղվելը Հայաստանում եկամտաբեր աշխատանք չէ»:
Շ. Խաչատրյանն այս հանգամանքը բացատրում է նրանով, որ այն գումարները, որոնք վճարվում են վիրահատության դիմաց, չեն բավականացնում վիրահատություններ անցկացնելու համար. «Մենք վիրահատելու համար բոլոր գործիքները եւ նյութերը ներկրում ենք արտերկրից, այն էլ՝ եվրոպական լավագույն երկրներից: Դա բավականին թանկ է: Մենք նյութերի վրա ենք գումարը ծախսում: Սակայն Միացյալ Նահանգներում նույն թելերով, նույն գործիքներով վիրահատության գինը տատանվում է 50.000-60.000 դոլարի սահմաններում, իսկ Հայաստանում վիրահատությունը 5000 դոլար է: Այստեղ հարց է առաջանում. կամ մենք ենք խաբում, կամ ամերիկացիները: Մեզ մոտ վիրահատության 95 տոկոսը ինքնարժեքն է՝վիրահատության ծախսը, ընդամենը 5 տոկոսից էլ տալիս ենք աշխատավարձ: Այս է պատճառը, որ մեր բժիշկներն ու քույրերը լավ չեն ապրում, եւ բժիշկների շրջանում մեծանում է արտագաղթի միտումը»:
Բուժկենտրոնի ղեկավարը, խոսելով պետպատվերով վիրահատվող հիվանդներից, ասաց, որ նրանց համար տրված գումարը նույնպես չի բավականացնում վիրահատությունն իրականացնելու համար. «Ինչպե՞ս կարող է բժիշկը մտնել վիրահատարան, վիրահատել հիվանդին՝ չիմանալով կփրկի՞ նրան, թե՞ չէ եւ կստանա՞ դրա դիմաց գումար, թե՞ չէ: Այնպես է ստացվել, որ կոռուպցիոն դաշտի կենտրոնում հայտնվել են հենց բժիշկները: Շատերը հարցնում են, բա ո՞նց եք վիրահատում: Մեկին կարողանում ենք համոզել՝ վճարներ կատարել, մեկը չի կատարում: Էսքան է մեր պետությունը կարողանում տալ, մենք էլ ստիպված վիրահատում ենք»:
Շ. Խաչատրյանն ասաց, որ ինքը վստահաբար կարող է ասել, որ Հայաստանում բժշկությամբ զբաղվելը ոչ եկամտաբեր բնագավառ է. «Բացարձակ տանջանք: Այսօր շատ դժվար է երիտասարդ, նոր ավարտած մասնագետներին համոզել, որ դառնան վիրաբույժ: 10-12 ժամ վիրահատարանում մնալ եւ դրա դիմաց ոչինչ չստանալ ՝ դժվար է պատկերացնելը»:
Կարդացեք նաև
Սրտաբանը, այս բացասական կողմերից բացի, հայտնեց նաեւ, որ սրտաբանական ծառայությունների եւ սրտաբանների որակը Հայաստանում բավականին բարձր է. «Եթե 90-ականների սկզբներին Հայաստանում սիրտ-անոթային հիվանդություններից մահանում էին 64-65 տարեկանում, ապա այսօր՝ 70-72 տարեկանում»:
Այս փաստը սրտաբանը պայմանավորում է ոչ թե լավ ապրելով, այլ բժշկության որակի բարձրացմամբ.«Հայաստանում արդեն մոտ 30.000 մարդ է վիրահատվել, որոնցից շատերը պետք է մահացած լինեին, սակայն ապրում են վիրահատությունների շնորհիվ»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ