Այսօր ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն իր հանրապետական ընկերոջ՝ Արմեն Աշոտյանին ուղղված վիրավորանքներից ու քննադատություններից հետո մոտեցավ ԱԺ ամբիոնին՝ պատասխանելու Նիկոլ Փաշինյանի, Լեւոն Զուրաբյանի եւ Նաիրա Զոհրաբյանի ,իր խոսքերով, «լիրիկական շեղումներին»:
«Ես հասկանում եմ, որ թատրոնի միջագային օրն է, եւ բեմի վրա ներկայանալու եւ գայթակղվելու որոշակի առիթ ունեին, ուստի պետք է անդրադառնամ այդ 3 ելույթներին»,- ասաց Հովհաննես Սահակյանը:
Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Արմեն Աշոտյանին վերեւից կիջեցնի «պարկետի վրա»: Հովհաննես Սահակյանի խոսքերով՝ «Կարծում եմ, արդեն խնդիր կա որոշներին պարկետի ներքեւից բարձրացնելու, որովհետեւ սա ԱԺ է, սա թատերական բեմահարթակ չէ»:
Անդրադառնալով Լեւոն Զուրաբյանի ելույթին՝ Հովհաննես Սահակյանն ասաց. «Դեռեւս պատանեկության տարիքում գտնվող այդ պատգամավորը, որը որոշ ժամանակահատվածներում փորձում է այս կամ այն գործչին նմանվել, նախ՝ մեր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապա ԱԺ պատգամավոր դարձած ժամանակահատվածում՝ Նիկոլ Փաշինյանին, հիմա էլ փորձում է ցիտել Նաիրա Զոհրաբյանին կամ իր ոճով ելույթ ունենալ: Ուստի չեմ անդրադառնում ավելի խորքային եւ ավելի բովանդակային: Դեռ 3 տարի ունի: Երբ որ մի փոքր ավելի կկայանա, այն ժամանակ մենք դրա առիթը կունենանք»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանի ելույթին, ՀՀԿ պատգամավորն ասաց. «Այլընտրանք ներկայացնող իմ գործընկերը խոսում է լկտիության, ցինիզմի մասին՝ հերթական թատերական դրսեւորմամբ: Երբ որ ինքը լրագրող էր աշխատում, կարծում եմ, այդ լկտիության եւ ցինիզմի վառ դրսեւորումն ինքն իր մաշկի վրա լավ զգացել է: Թե ում մասին է խոսքը, թող դրա մասին ինքը խոսի»:
Հովհաննես Սահակյանը ներողություն խնդրեց հանրությունից՝ կարեւորագույն օրենսդրական նախաձեռնության քննարկումը շեղելու համար: ԱԺ-ում քննարկվում էր Կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենսդրական փաթեթը:
Վերջում Հովհաննես Սահակյանն արձանագրեց, որ այնուամենայնիվ, հայ բեմը կորցրել է շատ տաղանդաշատ դերասաններ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Գալուստի հոգեգալստականներից ավելին սպասել պետք չէ, քան աշխատելու փոխարեն ` ջղագրգիռ լեզվավարժանքները…