Լրահոս
Օրվա լրահոսը

Կհնչի «հինը եւ տարօրինակը»՝ Ռամոյի տարվա առիթով

Մարտ 27,2014 14:36

Ֆրանկոֆոնիայի  օրերի շրջանակներում այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կայացած ասուլիսը «Ռամոյից մինչեւ ժամանակակից պարարվեստ. Ֆրանսիական արտիստիկ առաջարկություններ՝ Ֆրանկոֆոնիա 2014-ի շրջանակներում» թեմայով էր: Այն նվիրված էր հայ-ֆրանսիական համագործակցությանը՝  պարարվեստի եւ բարոկկո երաժշտության բնագավառում:

Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ  Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտն ու ֆրանսիական «Հելիոտրոպիոն» ընկերությունը համագործակցում են, եւ ֆրանսիացի պարուսույց Կլոտիլդ Տրիադրիտտին եւ կոմպոզիտոր Պատրիկ Մատոյանը վարպետաց դասեր են անցկացնում:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն  նշեց. «Այս տարի Ֆրանսիայում հռչակված է Ժան Ֆիլիպ Ռամոյի տարի, նրա ծննդյան 250 –ամյակն է: Ռամոյի  անունը ասոցացվում է  մասնավորապես բարոկկոյի հետ, իսկ բարոկկոն էլ  կապված է երաժշտության եւ պարի հետ»:

Կլոտիլդ Տրիադրիտտին պատմեց, որ երկրորդ անգամ է Հայաստանում: Նրա խոսքով՝ «Հելիոտրոպիոն» ընկերությունը մասնագիտացած է ժամանակակից պարերի գծով, չնայած բազմաբնույթ ուղղվածություն ունի՝ ռեժիսորներից մինչեւ կրկեսային արտիստներ:  Այն  տարբեր երկրների արտիստների հանդիպման եւ փոխանակման վայր է:  Ըստ պարուսույցի՝ Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի հետ «Հելիոտրոպիոն» համագործակցության նպատակն էր ուսանողների համար բացահայտել Ռամոյին: Նա նշեց, որ իր եւ Պատրիկ Մատոյանի համատեղ աշխատանքի արդյունքը անցյալ տարի ներկայացվել է «ՀայՖեստ» փառատոնում: Ի դեպ, «Հելիոտրոպիոն» այս տարվա հոկտեմբերին կրկին կվերադառնա Հայաստան՝ նոր նախագծերի ակնկալիքով:

Երևանի կինոյի  եւ թատրոնի ինստիտուտի բեմական շարժման եւ վոկալի ամբիոնի ղեկավար   Արմեն Մելիքսեթյանը նշեց, որ Ռամոյին նոր չէ, որ պետք է ծանոթանան Հայաստանում: «Ճիշտ է, մեզանում ավելի շատ բացահայտված էր Բիզեն, «Կարմենի» համերգային տարբերակն էլ  պարոն դեսպանը դիտել է: Նպատակ ունենք բեմադրել Ռամոյի «Նրբակիրթ Հնդկաստանը», եւ եթե ֆրանսիական կողմն աջակցի, մեր ձեռնարկը իրականություն կդառնա»,-նշեց պարոն Մելիքսեթյանը: Նա ասաց, որ ուրախ է «Հելիոտրոպիոնի»  հետ համագործակցությամբ,  մանավանդ՝ ուսանողները հաճույքով են հաճախում վարպետաց դասերին. «Բայց այստեղ մի խնդիր էլ կա՝  նյութատեխնիկական բազայի բարելավման խնդիրը»:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հայտնեց, որ  դեսպանատունը  բաց է համագործակցության առաջարկների եւ հետաքրքիր նախագծերի համար:

Քանի որ  Հայաստանում ֆրանկոֆոնիական օրերն են, «Օշական» համույթի ղեկավար, կոմպոզիտոր Գրիգոր Առաքելյանը պատրաստել է Ֆրանսիական բարոկկոյի ծրագիր, որը կներկայացվի ապրիլի 8-ին Ազգային օպերային թատրոնում՝ «Համերգ ճեմասրահում» նախագծի շրջանակներում:  Կհնչեն  Մառլէի, Լյուլլի, Կուպերենի, Ռամոյի՝ երբեւէ չկատարված գործեր:

Դեսպանի խոսքով, Գրիգոր Առաքելյանի ղեկավարությամբ համերգը  բարոկկոյի հանրայնացման լավագույն օրինակը կլինի, այն կլրացնի Ռամոյի տարին:

«Ես, լինելով ՀՀ քաղաքացի, ավելի շատ համերգներ եմ ունենում Ֆրանսիայում, որովհետեւ  ֆրանսիացի իմպրեսարիո ունեմ: Հայաստանից դուրս հիմնականում ներկայացնում ենք հայ միջնադարյան երաժշտություն, մշակութային յուրատեսակ դեսպան ենք հանդիսանում «դրսում»: Հնչեցնում ենք Նարեկացի, Մաշտոց, Կոմիտաս: Քանի որ ինքս եվրոպական երաժշտության վրա եմ դաստիարակված, տեսնում եմ, որ հայերս սիրում ենք դասական երաժշտությունը, սակայն այդ համատեքստում դատարկ է բարոկկո երաժշտության հատվածը, որը հիմքն է դասական երաժշտության: Մանավանդ ֆրանսիական բարոկկոն մեզ համար ամենաբարդն է եւ ինքնատիպը, այն  Հայաստանում ներկայացնելը հաճույք է եւ պատիվ»,- ասաց «Օշական» համույթի ղեկավարը: Իսկ  բարոկկոն ստուգաբանեց որպես  հինը եւ տարօրինակը. «Բարոկկոն կարող է մոդեռն լինել, բայց հիմնված՝ նորի վրա: Նույնն էլ հայկական երաժշտության մեջ է»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հրաչ Պետրոսյան says:

    Յանի ինչ? Նախ ամբողջ Հայաստանում, բացի Քրիստիան Տեր-Ստեփանյանից, քանի հոգի են ֆրանսերեն չրթում, որ Հայաստանն էլ ֆրանկոֆոնիայի մաս կազմի? Այս ինչ ինքնախաբեություն է? Հետո ով ում է խաբում? Դավութօղլուն որ գալիս է, իրար են անցնում… թող այստեղ էլ իրար անցնեն ու առիթից օգտվեն Ֆրանսիայի կառավարության դեմ բողոքեն Սիրիայում հակաքրիստոնյա ջիհադիստներին օգնելու հարցում… Դա էլ մշակույթի հետ կապ ունի… Վերջ!

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31