Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը քայլեր է ձեռնարկում սիրիահայերին օժանդակելու ուղղությամբ

Մարտ 27,2014 14:31

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է սիրիահայերին և հատկապես Քեսաբի բնակիչներին աջակցելու քայլերին: Նշելով այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցները, մասնավորապես Ազգային Ժողովի պատգամավորների ներկայացրած հարցերը ստեղծված նոր իրավիճակի վերաբերյալ, Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ կառավարությունը նույնպես ձեռնարկում է մեր հայրենակիցների հոգսերը թեթևացնելու քայլեր: Վարչապետը հերքել է որոշ լրատվամիջոցներում տեղ գտած այն միտքը, թե իբր կառավարության ուշադրությունը կենտրոնացած չէ սիրիահայերի խնդիրների վրա: «Ես ցանկանում եմ մեր քաղաքացիներին հավաստիացնել, որ դա ամենևին այդպես չէ, հարցը մեր մշտական ուշադրության կենտրոնում է», – շեշտել է կառավարության ղեկավարը:

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում քննարկել է «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են ուժը կորցրած ճանաչել օրենքի 7-րդ հոդվածը, ըստ որի ներդրման պահից սկսած 5 տարվա ընթացքում, օտարերկրյա ներդրողի ցանկությամբ, կիրառվում է ներդրում իրականացնելու պահին գործող օրենսդրությունը: Կառավարության եզրակացության համաձայն գործադիրն առանձնակի կարևորում է օտարերկրյա ներդրողների համար անհրաժեշտ պայմանների և նախադրյալների ստեղծումը, գտնում, որ նախագծի ընդունումը բացասաբար կանդրադառնա այդ գործընթացի վրա, մանավանդ, որ ներդրումները վերջին տարիներին անկայուն բնույթ են կրում և հետճգնաժամային տարիներին կտրուկ նվազման միտում ունեն: Այս պատճառաբանությամբ գործադիրը դեմ է արտահայտվել օրենքի նախագծի ընդունմանը: Օրինագիծը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Պերուի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական անձնագիր կրողների մուտքի արտոնագրի պահանջի վերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համանման համաձայնագրեր են ստորագրվել Հարավային Ամերիկայի մի շարք պետությունների՝ Արգենտինայի, Բրազիլիայի և Ուրուգվայի հետ:

Կառավարության որոշմամբ Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի Մասդարի գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտի ուսանող Հայկ Գևորգյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել մինչև ուսումնառության ավարտը՝ 2015թ. ձմեռային զորակոչ: Հ. Գևորգյանն ավարտել է Երևանի պետհամալսարանի «Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա» մասնագիտության բակալավրիատը և մագիստրատուրան: Այժմ նա հնարավորություն է ստանում ավարտել աշխարհի առաջատար բուհերից մեկը և ստացած գիտելիքն ու հմտությունը ներդնել հայրենի երկրում:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31