Կարեն Մաթևոսյանի և Սոնա Գրիգորյանի կողմից՝ Երևանի քաղաքապետարանի ՙԹիվ 5 բուժսանմաս՚ առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունում կատարված յուրացումների փաստի առթիվ, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ Ժ.Թովմասյանի 2011 թ. հունվարի 24-ի որոշմամբ հարուցել էր քրեական գործ: Գործն ուղարկվել էր դատարան:
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի դատավճռով արդարացվել էր Սոնա Գրիգորյանը:
Իսկ քրեական գործի վարույթը Կարեն Մաթևոսյանի մասով մինչ այդ դատարանի որոշմամբ կարճվել էր. ամբաստանյալ Կարեն Մաթևոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով քրեական հետապնդումը դադարեցվել էր վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Մեղադրող Հրանտ Չախոյանը Վերաքննիչ բողոք է բերել Սոնա Գրիգորյանի արդարացման դատավճռի դեմ:
Վերաքննիչ դատարանում Արշակ Խաչատրյանի նախագահությամբ, դատավորներ Արմեն Դանիելյանի եւ Լիլիթ Թադեւոսյանի մասնակցությամբ շարունակվում է բողոքի քննությունը:
Սոնա Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով : Նա Երևանի քաղաքապետարանի ՙԹիվ 5 բուժսանմասի՚ տնօրենն է եղել: Ըստ գործի նյութերի, նա, պաշտոնեական դիրքն օգտագործելով, բուժսանմասի նախկին թերապևտ Արմեն Մկրտչյանի անվամբ` վերջինս 2008 թվականի հունիսի 1-ից սկսած աշխատանքի չգալու պայմաններում, հաշվապահական փաստաթղթերում ձևակերպել է իբրև Արմեն Մկրտչյանն աշխատանքից ազատվել է 2008 թ. դեկտեմբերի 28-ին:Մեղադրանքի կողմի եզրակացության համաձայն, ընկերության դրամարկղից 2008 թվականի հունիսից մինչև 2009 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակաշրջանի համար ելքագրվել է 473,47 հազար դրամ գումար` 2007 թ.օգոստոսի 31-ի թիվ 42/35 հրամանով Արմեն Միշայի Մկրտչյանին վճարել է 30 000 դրամ ` որպես վերջնահաշվարկ, իսկ 167 670 ՀՀ դրամը վատնել է` այն տրամադրելով Արմեն Մկրտչյանին փաստացի չաշխատած ժամանակահատվածի համար` որպես աշխատավարձ: 2008 թ, նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսների համար հաշվարկված` 275,8 (473,47-197,67) հազար ՀՀ դրամը յուրացրել է` պետությանը պատճառելով զգալի չափերով` 443, 470 դրամի գույքային վնաս:
Դատարանը արձանագրել էր, որ «տվյալ դեպքում չի բացառում այն հնարավորությունը, որ փաստացի աշխատանքի չհաճախելու պայմաններում, սակայն ֆորմալ առումով աշխատող հանդիսացող անձին փաստացի չաշխատած ժամանակահատվածի համար աշխատավարձ վճարելը կարող է տեսականորեն իր մեջ պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված արարքի տարրեր, սակայն տվյալ դեպքում այս գործի փաստական հանգամանքներից միանշանակ հետևում է, որ Սոնա Գրիգորյանի այդ արարքը յուրացում չի հանդիսացել և վերջինս չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել: Եթե նույնիսկ Դատարանը հիմք ընդունի, որ Սոնա Գրիգորյանը, տեղեկացված լինելով, որ Արմեն Մկրտչյանը մեկ այլ անձի գործողություններով իր տնօրեն չհանդիսացած ժամանակաշրջանում` 2008 թ. ձևակերպված է եղել որպես աշխատող և չի աշխատել, ու այդ պայմաններում հետագայում` 2009 թ. ելքագրեր նրա անվամբ 275 800 ՀՀ դրամ աշխատավարձի գումարն ու այն տնօրիներ իր հայեցողությամբ, ապա դա չէր կարող դիտվել հանցագործություն, քանի որ նման գործողությունը կարող էր իր մեջ զուտ տեսականորեն պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված հատկանիշներ, եթե պատճառված վնասն իր հերթին գերազանցեր նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը»:
Կարդացեք նաև
Դատարանն արձանագրել էր , որ Սոնա Գրիգորյանին քրեական հետապնդման մարմնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հիման վրա առաջադրված մեղադրանքում բացակայում են տվյալ հանցակազմով անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ տարրերը, քանի որ «քրեական գործի քննության ողջ ընթացքում ձեռք չի բերվել որևէ ապացույց, որը կհիմնավորեր, որ Սոնա Գրիգորյանը դիտավորությամբ, շահադիտական դրդումներով ու նպատակով, անհատույց ու ապօրինի կերպով վատնել և յուրացրել է ՙԹիվ 5 բուժսանմաս՚ ՓԲ ընկերությանը պատկանող` իրեն վստահված գույքը»: Ընդհակառակը, գնահատելով ապացույցները, դատարանը հանգել էր նրան, որ Սոնա Գրիգորյանին ՙԹիվ 5 բուժսանմաս՚ ՓԲ ընկերության գույքը վստահվել է միայն 2009 թ. հունվարի 19-ից, հետևաբար, նախքան այդ պահը նա չէր կարող վատնել ընկերության գույքը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ