Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Երբ ԲՀԿ-ն իշխող կոալիցիայի անդամ էր, Ծառուկյանին թույլատրում էին բարեգործություն անել»

Մարտ 27,2014 14:04

«Այս դահլիճում երիտասարդ, բայց ինչպես ինքը իր քաղաքական կարիերայում արտահայտվել էր՝ վաղ տարիքում իր քաղաքական կուսությունը կորցրած նախարարը, ի դեպ, պարոն Աբրահամյան, խնդրում եմ ինձ կոչ չանեք կոռեկտության, որովհետեւ ես ընդամենը հիշեցրեցի իր իսկ հրապարակային բառերը: Այդ նախարարը մի ամբողջ օր կոչ էր անում ընդունել առաջարկված նախագծերը՝ որպես բարեփոխում՝ կրթության բնագավառում»,- այսօր ԿԳ  նախարար Արմեն Աշոտյանի մասին այսպես արտահայտվեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ԱԺ-ում «Կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ:

Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «Ամեն ինչ չափ ու սահման ունի: Դուք երբեք որեւէ բարեփոխում, գործողություն չեք արել, մեկ քայլ չեք արել՝ գիտության եւ կրթության բնագավառի զարգացման համար: Ձեր որեւէ քայլ, բարեփոխում, հրաման կամ հեռախոսազանգ ուղղված է եղել մեկ նպատակի իրագործմանը՝ ուսումնական հաստատություններում ՀՀԿ-ի տոտալ վերահսկողության նպատակին»:

Լեւոն Զուրաբյանը նաեւ դիտողություն արեց, որ օրենսդրական փաթեթի հիմնավորումը «շատ փնթի» է. «Այնքան փնթի եք գտնվել, որ ինքներդ էլ չեք նկատել, որ ներկայացված փաստերով ակամա մատնել եք փոփոխությունների իրական նպատակը: Բոլոր երեք հիմնավորումների մեջ կա այս նախադասությունը՝ ակադեմիական ազատության եւ ինքնակառավարման իրավունքի պայմաններում շատ հաճախ գործադիր օղակը դժվարանում է արձագանքել կամ ինքնուրույն հաղթահարել աշխատաշուկայի արագ փոփոխություններին: Ահա որտեղ է թաղված շունը, կամ այն մեծագույն չարիքը, որի դեմ պատերազմ է հայտարարել ԿԳ նախարարությունը: Դա է ակադեմիական ազատությունը եւ ինքնակառավարման իրավունքը: ՀՀԿ-ականները հասկանում են, որ հենց ազատությունն ու ինքնակառավարումն են գլխավոր խոչընդոտը՝ տոտալ վերահսկողության  հաստատման ճանապարհին»:

Նա նաեւ ասաց, որ երկրի 1400 դպրոցների տնօրենների մոտ 80 տոկոսը՝ 1100-ը, ՀՀԿ-ական են: Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց, որ Արմեն Աշոտյանը հեռացրել է ռեկտորի պաշտոնից իրեն անհնազանդ Սուրեն Զոլյանին, որ բոլոր ռեկտորներին հանրապետականացնում է. «Այն  ժամանակ, երբ ԲՀԿ-ն իշխող կոալիցիայի անդամ էր, «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին թույլ էր տրվում բարեգործություն անել՝ վճարել կրթաթոշակները եւ ուսանողների ուղեւորավարձը: Երբ ԲՀԿ-ն ընդդիմություն դարձավ այս իշխանություններին, դա անմիջապես խոչընդոտվեց, եւ այդ գործառույթը տրվեց մի մեծահարուստի, որն այնքան հեռու է կրթությունից, որքան Աշոտյանը՝ բալետից: Բայց նա ունի հավատարմություն ՀՀԿ-ի առաջնորդին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    ԲՀԿ-ին դուր գալու համար ինչքան է իջնում էս մարդը: ԲՀԿ-ն ասում է ընդիմություն չենք ինքը ասում է ընդիմություն է:
    Ծառուկյանը և կրթությունն էլ մոտ չեն, այդ ինչու էս մեկը տեսնում իսկ մյուսը ոչ, թե էլի ԲՀԿ գովերգելու գործառույթն էս իրականացնում…

Պատասխանել Artur

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31