Լրահոս
Օրվա լրահոսը

Օրինագիծ՝ ոչ թե ընդդեմ, այլ հանո՛ւն «ֆեյքագրության»

Մարտ 27,2014 14:55

Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ են լինելու «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի (որ առավել «ընդդեմ ֆեյքերի» անվամբ է հայտնի) շուրջ: Ես հայտ չեմ ներկայացրել եւ չեմ մասնակցելու այդ լսումներին: Պատճառը շատ պարզ է. 2013 թվականի դեկտեմբերյան «գազպրոմային» դավաճանությունից հետո հայոց խորհրդարանի յոթանասունչգիտեմքանի պատգամավորներից յուրաքանչյուրի ճակատն ինձ համար խարանված է: Իսկ խարանվածների հետ ես քննարկելիք չունեմ: Չեմ էլ ակնկալում, թե խորհրդարանում պիտի դարդ անեն համեստ փորձագետիս բացակայության պատճառով: Եվ այսուհանդերձ, իբրեւ մարդ, ով վերջին 15 տարում ակտիվորեն մասնակցել է մեդիայի ոլորտը կարգավորող օրենսդրության բոլոր մշակումներին ու քննարկումներին, չեմ կարող անտարբեր մնալ, երբ այսպիսի, մեղմ ասած, անհեթեթ օրինագիծ է ներկայացվում: Եվ որպեսզի որակումս մերկապարանոց չհնչի՝ նախագիծը կվերլուծեմ կետ առ կետ:

Եվ այսպես, սույն նախագծի առաջին կետն առաջարկում է (նախագծից բոլոր մեջբերումները կատարված են ըստ ՀՀ ԱԺ կայքում հրապարակված տեքստի, (տե՛ս ) «… քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածում՝ 9-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասությունով. «Տեղեկատվության հեղինակը համարվում է անհայտ, եթե շահագրգիռ անձը, գործադրելով ողջամիտ ջանքեր, չի կարող նույնականացնել հեղինակին՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է տեղ գտել վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը»: Եվ հաջորդը, որ բխում է սրանից. «9.1. Լրատվական գործունեություն իրականացնողը ազատվում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը վերարտադրելու համար պատասխանատվությունից, եթե ներկայացնում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվության հեղինակին նույնականացնող տվյալներ»: Այս ձեւակերպումները ուղղակիորեն խթանելու են «ֆեյքագրության» ավելացմանը, որովհետեւ պարկեշտ լրատվամիջոցները, որոնք չեն օգտագործում անանուն հեղինակների կամ նամակագիրների գրառումները, շարունակելու են նույն կերպ վարվել, իսկ նրանք, ովքեր առատորեն օգտագործում են «ֆեյքերին»՝ իբրեւ տեղեկատվության աղբյուր, պատասխանատվությունից խուսափելու լծակ են ստանում:

Օրինակ՝ ֆեյսբուքյան որեւէ գրառում օգտագործելուց առաջ գրառման տակ երեք անգամ կգրեն. «հարգելի օգտատեր, մենք ուզում ենք ձեր գրառումը օգտագործել, խնդրում ենք ներկայացեք ձեր իսկական անունով…»: Օգտատերը, բնականաբար, չի ներկայանա: Նույնը կանեն որեւէ նյութի մեկնաբանության տակ: Կնկարեն այդ մասը, եւ պաշտպանությունն ապահովված է՝ ողջամիտ ջանքեր են գործադրել… Սույն լրացումն ավելորդ է, որովհետեւ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածն արդեն ամեն ինչ ասել է ԶԼՄ-ների պատասխանատվության մասին, այն դեպքում, երբ օգտվելով իրենց իրավունքից՝ չեն բացահայտում տեղեկատվության աղբյուրը: Իրեն հարգող լրատվամիջոցը չի սպասի մինչեւ հարց առաջանա՝ նոր ներկայացնի նույնականացնող տվյալներ, նա դա արած կլինի հրապարակման մեջ կամ չի օգտագործի անանուն աղբյուր, իսկ օգտագործելիս էլ պաշտպանված է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 5-րդ հոդվածով:

Հաջորդ կետը իրոք «գլուխգործոց» է եւ մանրամասն մեկնաբանության կարիք ունի: Ահա այն՝ «9.2. Զրպարտության կամ վիրավորանքի դեպքում անձը կարող է հրապարակային էլեկտրոնային կայքի իրավատիրոջից պահանջել հեռացնել իրավատիրոջ կայքում տեղ գտած զրպարտություն կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունը: Իրավատերը պարտավոր է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը հեռացնել պահանջը ներկայացնելուց հետո՝ անհապաղ, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում»: Հեղինակները հաշվի չեն առել մի տարրական բան՝ թե ինչն է զրպարտություն կամ ինչն է վիրավորանք, կարող է որոշել միայն դատարանը: Սա, կարծում եմ, սովորեցնում են իրավաբանականի առաջին կուրսում: Կարող եմ միայն ենթադրել, որ սույն օրինագծի հեղինակը(ուհին) փախել է այդ դասից: Մեջբերված ձեւակերպմամբ ցանկացած մարդու հնարավորություն է տրվում պահանջելու, որ իր, միայն ի՛ր սուբյեկտիվ կարծիքով կամ ընկալմամբ վիրավորանք կամ զրպարտություն համարվող հրապարակումը հեռացվի, իսկ կայքն էլ պարտավոր է կատարել այդ պահանջը: Սա այնքան աբսուրդ է, որ ստիպված եմ օրինակ բերել: Ես կարող եմ այս օրինագծի հեղինակ պատգամավորուհուն (որ մեյդան է ընկել ու աջ ու ձախ հարցազրույցներ է տալիս), ասել՝ «Սիրուն աղջիկ, ուրիշ գործով զբաղվիր»: Եվ նա կարող է «սիրուն աղջիկ» բառակապակցությունը համարել զրպարտություն, իսկ «մեյդան է ընկնելն» էլ՝ վիրավորանք, եւ պահանջել հեռացնել… Է, հետո՞, լրատվամիջոցը հո կրակը չի՞ ընկել, որ դուք ամեն բառից կամ քննադատությունից կարող եք վիրավորվել կամ ձեզ զրպարտված համարել «սիրուն աղջիկ» արտահայտությամբ… Ունեք պաշտպանության մի քանի ձեւեր՝ պատասխան կամ հերքում հրապարակելու պահանջ ներկայացնել («Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդված, ընդսմին՝ շատ հետաքրքիր կլիներ ստանալ պահանջ. «Ես սիրուն աղջիկ չեմ, խնդրում եմ հերքել») կամ դիմել դատարան: Ընդ որում, «Զանգվածային լրատվության մասին» օրենքը վերապահում ունի՝ հերքումը հրապարակվում է, եթե լրատվամիջոցը չի ապացուցում, որ փաստերը համապատասխանում են իրականությանը: Իսկ էս նոր օրինագծում՝ ոչ մի ապացույց, ոչ մի բան, իմպերատիվ՝ պահանջում է եւ վերջ, պարտավոր ես հանել: Օրինագծի այս ձեւակերպումը ոչ այլ ինչ է, քան իրենց հասցեին հնչող քննադատություններից պաշտպանվելու եւս մի միջոց, լրատվամիջոցներին (տվյալ դեպքում՝ ցանցային լրատվամիջոցներին) լռեցնելու կամ ինքնագրաքննության մղելու ցանկություն: Եվ վերջապես՝ ի՞նչ է նշանակում պահանջել հեռացնել հրապարակումը: Ե՞րբ եք հասկանալու, որ ցանցայինը դա նույն լրատվամիջոցն է, միայն թե կրիչն է փոխված: Հեռացնել պահանջելը նույնն է, թե՝ որեւէ թերթի հրապարակած ընթերցողի նամակ համարես զրպարտչական կամ վիրավորական եւ պահանջես, որ ողջ տպաքանակը հավաքեն ու վառեն: Ի դեպ, չեմ բացառում, որ այսպիսի մտածողությամբ պատգամավորը վաղը նման օրինագիծ էլ կներկայացնի:

Հաջորդը՝ «9.3. Սույն հոդվածի իմաստով հրապարակային էլեկտրոնային կայք է համարվում այն կայքը, որը համացանցի միջոցով հասանելի է անսահմանափակ թվով անձանց, ունի որոշակի հասցե, պարունակում է լրատվական կամ այլ բնույթի տեղեկատվություն` անկախ տեղեկատվության թարմացման պարբերականությունից, պահման ժամանակի տեւողությունից եւ այլ չափանիշներից»: Սա ավելորդություն է, որովհետեւ «ցանցային լրատվության միջոց» հասկացությունը սահմանված է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում, եւ վերոբերյալ ձեւակերպումը հենց այդտեղից են «թխել» ու, չգիտես ինչու, լրատվամիջոց հասկացությունը փոխարինել նոր մի տերմինով, երբ դրա կարիքը չկա:

Եվ վերջապես՝ պատասխանատվությունները, որ նախատեսել են.
«9.5. Համապատասխան լրատվության միջոցը պատասխանատվություն է կրում էլեկտրոնային կայքում տեղ գտած վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունների համար, եթե վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը հեռացնելու վերաբերյալ պահանջ ներկայացնելուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում չի հեռացնում մեկնաբանությունը կամ հրաժարվում է հեռացնել այն»:

Արդեն ասացի՝ հեռացնելու պահանջը՝ միայն այն պատճառով, որ դու վիրավորվել ես, որեւէ ողջամիտ բացատրություն չունի: Էլ չասեմ, որ հեղինակները մինչեւ հիմա չգիտեն, որ պատասխանատվություն կրում է լրատվական գործունեություն իրականացնողը, ոչ թե լրատվության միջոցը, որն իրավաբանական անձ չէ:

«9.6. Հրապարակային էլեկտրոնային կայքի իրավատիրոջ կողմից վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը հեռացնելու վերաբերյալ պահանջը չկատարելու դեպքում տուժողը իրավունք ունի դատական կարգով հրապարակային էլեկտրոնային կայքի իրավատիրոջից պահանջել հետեւյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը` հրապարակային ներողություն խնդրել, հեռացնել վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը եւ վճարել վիրավորանքի կամ զրպարտության սույն հոդվածով նախատեսված չափի փոխհատուցում` անկախ մեկնաբանության հեղինակին պահանջ ներկայացնելու հանգամանքից»: Սա իրենց տրամաբանության շարունակությունն է, սակայն նույնպես ավելորդ է, որովհետեւ ցանկացած դեպքում դատարան դիմելը արդեն կարգավորված է: Միայն ցանցային լրատվության միջոցների հիմնադիր լրատվական գործունեություն իրականացնողների համար նոր՝ մեկնաբանությունները հեռացնելու միջոց նախատեսելու աբսուրդի մասին արդեն վերը ասացի: Իսկ այն, որ արդեն լրատվամիջոցին են դրամական փոխհատուցում պարտադրելու՝ անկախ մեկնաբանության հեղինակին պահանջ ներկայացնելուց, արդեն վեր է բոլոր պատկերացումներից: Որովհետեւ մնացած բոլոր դեպքերում փոխհատուցման պահանջ ներկայացվում է անձին: Ու հենց այստեղ է թաղված շան գլուխը, եւ հենց սա է ապացուցում, որ սույն մեռելածին օրինագիծը հեղինակողի պայքարը ոչ թե «ֆեյքերի», այլ լրատվամիջոցների՛ դեմ է:

Կարծում եմ՝ կարողացա գոնե նախագծի տակ ստորագրած ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչ պատգամավորներին (արդեն ասել եմ, որ խարանվածների հետ ես գործ չունեմ) խորհելու նյութ տալ:

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31