Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի երեք պառակտումները

Մարտ 27,2014 14:18

Նարինե Մկրտչյան 

Վերջին քսանհինգ տարիների ընթացքում երկրորդ անգամ Արեւմուտք-Ռուսաստան հակադրությունը նախկին Խորհրդային Միության տարածքում աշխարհաքաղաքական նոր իրավիճակ է ստեղծել՝ նոր աշխարհակարգի ձեւավորման սպառնալիքով՝ առանձնակի սրություն հաղորդելով նախկին ԽՍՀՄ հանրապետությունները վերստին գրավելու՝ Մոսկվայի խելահեղ ձգտմանը: «Չարիքի կայսրությունը» վերակենդանացնելու մոսկովյան ցնորքը ռուս-ուկրաինական հարաբերություններում առկա եւ խորացող ճգնաժամով պարուրել է նաեւ միջազգային հարաբերությունները՝ ի ցույց դնելով լարվածությունը պահպանելու եւ վերահսկելու, պատերազմի սպառնալիքներով արտաքին քաղաքականություն իրականացնելու՝ ռուսական միլիտարիզմի աննահանջ կամքը:
Քսանհինգ տարի անց Արեւմուտք-Ռուսաստան հակադրությունը վերստին համաշխարհային փոփոխությունների բաց ծով է նետել համամարդկային արժեքների, արեւմտյան ժողովրդավարության սկզբունքների ու գաղափարների մակույկը, որը կամ պետք է կարողանա նավարկել եւ ափ հասնել, կամ մասնատվելով՝ տաշեղի վերածվել:
Վերջին քսանհինգ տարիների ընթացքում երկրորդ անգամ Արեւմուտք-Ռուսաստան հակադրության մեջ նախկին ԽՍՀՄ երկրները ստիպված են դիմագրավել վերահաս փոթորկին:

Քսանհինգ տարի առաջ 29 հազ. քառ. կմ տարածք ունեցող Խորհրդային Հայաստանը համաշխարհային փոփոխությունների հորձանուտում էր հայտնվել հանրության կամքով եւ այնտեղից դուրս եկավ հաղթանակած՝ որպես նորաստեղծ անկախ պետություն՝ նոր աշխարհակարգի եւ քաղաքական քարտեզի ստեղծման մեջ իր գործուն մասնակցությամբ, մի քանի տարի անց Ադրբեջանից ազատագրելով 13 հազ. քառ. կմ հայկական տարածք եւ փաստացի վերամիավորելով այն Հայաստանի հետ:

Քսանհինգ տարի անց քաղաքական այս փոթորկում Հայաստանի Հանրապետության մակույկը պարան է գցել ռուսական նավախելին եւ ռուսական ռազմաքաղաքական նավի հետ ուժգին տարուբերվում է աշխարհաքաղաքական բաց ծովում:
Ուկրաինայում եւ նրա շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների հետեւանքով դիմակայություն է առաջացել ոչ միայն գերտերությունների, միջազգային հանրության մեջ. ռուս-ուկրաինական ճգնաժամը եռակի պառակտել է միջազգային հանրությունից աստիճանաբար դուրս մղվող Հայաստանի Հանրապետության հասարակությանը:
1.
Ո՜վ, հա՛յ ժողովուրդ,
քո փրկությունը քո միասնական ուժի մեջ չէ
2013թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայի նախաձեռնած Մաքսային միությանը միանալու՝ Երեւանի հայտարարությունից հետո Հայաստանի հասարակության ներսում առաջացած փոքր խզումը հայ-ռուսական հարաբերությունների, ավելի որոշակի՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի ճակատագիրը Ռուսաստանի հետ կապելու շուրջ աստիճանաբար մեծացավ՝ Կիեւի Մայդանում տեղի ունեցող փոթորկալից իրադարձությունների, Մոսկվայի կողմից Ղրիմի բռնակցման եւ աշխարհաքաղաքական զարգացումների հետեւանքով: Յոթ ամիսների ընթացքում այդ խզումը խորացավ-ընդլայնվեց՝ ի ցույց դնելով ներհասարակական տարաձայնությունները, ի վերջո՝ հանգեցնելով նաեւ Հայաստանի հանրության փաստացի պառակտման:

Հայաստանի հասարակական-քաղաքական ընկալումներին ներաճած ռուսական գործոնի կրիչը տարիներ շարունակ հեռացրել-մեկուսացրել էր սթափության, ողջամտության՝ մանրէազերծող ծրագրերը: 2013թ. սեպտեմբերից նոյեմբերի ընթացքում, Մոսկվայից Վիլնյուս ճանապարհին ներհայաստանյան զարգացումներում առաջ եկած հարցադրումը՝ «Հայաստանի ճանապարհը. Մաքսային միությո՞ւն, թե՞ Եվրամիություն», Կիեւի Մայդանի իրադարձություններից, դրանց Մոսկվայի կոպիտ միջամտությունից հետո վերաձեւակերպվեց՝ Ռուսաստանի հե՞տ, թե՞ առանց նրա:

Սեպտեմբերից մարտ ժամանակահատվածում, Հայաստանում ներքաղաքական պայքարի փաստացի բացակայության պայմաններում, առաջացած ներհասարակական բանավեճը Հայաստանի Հանրապետության քաղաքական ճանապարհի ընտրության շուրջ հասարակությանը բաժանեց երեք հատվածի. 1. Հայաստանի քաղաքական ճակատագիրը Ռուսաստանով պայմանավորողներ. ռուսական ուղղություն, 2. Հայաստանի ճակատագիրը Եվրոպայով պայմանավորողներ. արեւմտյան ուղղություն, 3. Հայաստանի ճակատագրում այլ պետության մասնակցությունը եւ ինտեգրացիան մերժողներ. բացառող ուղղություն:
Ռուսական եւ արեւմտյան ուղղությունների կողմնակիցների՝ սկզբում աննկատ, ապա՝ անթաքույց, ի վերջո՝ կոշտ հակադրությունը խլացրել էր ինտեգրացիան բացառողների ձայնը, թեպետ նրանք հակադրվելու ցանկություն հանդես չէին բերում: Ներհասարակական բանավեճը Հայաստանում ներգրավել էր ԶԼՄ-ները, սոցիալական ցանցերը, աշխատավայրերը, հանրային քննարկման ազատ ամբիոնները: Բանավեճն ու կարծիքների հակադրությունն ամենուր էր: Միակարծություն էր տիրում միայն Ազատության հրապարակում, Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքում եւ Բաղրամյան 26 հասցեում:

Այս բանավեճին ՀՀ իշխանությունը չէր մասնակցում. նա արդեն ընտրել էր ռուսական ուղղությունը, սակայն վերահսկվող ԶԼՄ-ներով եւ այլ միջոցներով աջակցություն էր ցուցաբերում ռուսական ուղղության կողմնակիցներին՝ արհեստականորեն մեծացնելով նրանց ազդեցությունը հասարակական-քաղաքական գործընթացների վրա: Այդ աջակցությունն այնքան ազդեցիկ էր եւ անթաքույց, որ թվում էր, թե Մաքսային միության լծակներն էին գործի դրվել:

Ռուսական ուղղության աջակից էր նաեւ ավանդական ընդդիմությունը՝ Հայ ազգային կոնգրեսը՝ Ազատության հրապարակում առաջինը բարձրացնելով «Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն անշրջելի է», «Եվրաինտեգրումը տեսանելի ապագայում անհնարին է» ցուցապաստառները: Ռուսական հպատակությունը չընդունողներին որակելով որպես «սին պատրանքներով եւ կեղծ օրակարգերով» առաջնորդվող արկածախնդիրների՝ ՀԱԿԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը այն հրապարակում, որտեղ քսանհինգ տարի առաջ բարձրացել էր որպես ազատության, անկախության, Մոսկվայի ենթակայությունը մերժող քաղաքական առաջնորդ, 2014 թ. մարտի 1-ին նույն հարթակից ժողովուրդների պայքարն ազատության համար որակում էր որպես «քաղաքացիական պատերազմի ճոխություն»: Քսանհինգ տարի առաջ Ազատության հրապարակում ծածանվող ազատության, անկախության, միասնության հայկական դրոշները վայր էին իջեցվում:

Հայաստանի հասարակությունը թերեւս առաջին անգամ պառակտվել էր ոչ թե իշխանություն-ընդդիմության ճամբարների, այլ Ռուսաստանի հպատակությունն ընդունողների եւ մերժողների: Ավանդական ընդդիմությունը՝ ի դեմս ՀԱԿԿ-ի ու նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ իշխանությունը՝ ի դեմս ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի, հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստանի քաղաքական ներկան եւ ապագան Ռուսաստանով պայմանավորելու վարքագծով երբեմնի հակառակորդներից վերածվել էին գործընկերների, որոնք մրցակցում էին միայն Մոսկվայի ուշադրությանն արժանանալու համար:

Ներհասարակական բանավեճի մեջ ներգրավված կողմերն այլեւս չէին ծեքծեքում «եւ՛, եւ՛»-ի շուրջպարում, մանավանդ որ «կա՛մ, կա՛մ»-ի մարտահրավերը ջնջել էր սահմանները, տարբերություններն ու տարաձայնությունները քաղաքական ընդդիմության եւ իշխանության միջեւ՝ աստիճանաբար նրանց դուրս մղելով հասարակական գործընթացներից:

Իրադարձությունների այս շրջապտույտում հայ ժողովրդից միասնություն եւ հավաքականություն սպասելը ոչ միայն անօգուտ էր, այլեւ՝ վտանգավոր: Անհնար էր միասնություն եւ հավաքականություն սպասել այն ճանապարհին, որտեղ ճամփաբաժանին դրված ազատության, անկախության արժեքների եւ Հայաստանի Հանրապետության ապագայի հետ մեկտեղ կային նաեւ այլ ընտրություն կատարողներ՝ անազատության, հնազանդության եւ Հայաստանը հանձնելու միջեւ: Հասարակական պառակտումը ոչ միայն արդարացված էր, այլեւ՝ հուսադրող: Հայ ժողովրդի փրկությունը նրա հավաքական ուժի մեջ տեսնող չարենցյան պատգամն առաջին անգամ հարկ էր անտեսել. հայ ժողովրդի փրկությունը նրա հավաքական ուժի մեջ չէր:

«Ռուսական գործոնի» կրիչը Հայաստանի մարմնից դուրս հանելու բարդ, ցավագին գործընթացը կարող էր փրկել Հայաստանի Հանրապետությունը վերահաս փոթորկից, որն արագորեն մոտենում էր Հայաստանին:

2.
Քո բարեկամի
թշնամին դեռեւս
քո ստույգ թշնամին չէ

Ուկրաինայում եւ նրա շուրջ աշխարհաքաղաքական իրադարձությունների սրընթաց զարգացումն ավելի ընդգծեց այն սպառնալիքներն ու վտանգները, որոնք առաջացել էին կամ կարող էին առաջանալ նախկին ԽՍՀՄ հանրապետությունները «վերահավաքելու»՝ Մոսկվայի ձգտումների եւ գործողությունների հետեւանքով: Մաքսային միության անդամակցությունն ընդունած-հռչակած պետությունների գլխին կախվեց մի կողմից՝ ինքնիշխանության եւ անկախության, մյուս կողմից՝ տարածքային կորստի դամոկլյան սուրը: Նախկին Խորհրդային Միության տարածքում բոլորը դա հասկացան, բացի պաշտոնական Երեւանից:

Հագնելով «Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգության երաշխավորի» զրահաբաճկոնը՝ պաշտոնական Երեւանը, ի դեմս Սերժ Սարգսյանի, իրականում անմռունչ Մոսկվային էր հանձնում Հայաստանն ու Ղարաբաղը՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, քաղաքական հեռանկարի եւ աշխարհաքաղաքական մրցունակության դիմաց փորձելով պահպանել իր իշխանությունը:

Աշխարհաքաղաքական սրընթաց զարգացումների հորձանուտում, աշխարհից արագորեն մեկուսացող Մոսկվան մեկառմեկ հաշվում էր սեփական դաշնակիցներին, նրանցից պահանջելով ոչ այնքան դաշնակցություն, որքան՝ հնազանդություն: Այդ հնազանդության տենդագին ձգտման արդյունքում Մոսկվան մինչեւ անգամ Պուտին-Սարգսյան հեռախոսազրույցների մասին հաղորդագրությունն էր գրաքննում: «Զրուցակիցներն անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին եւ արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը: Հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ»,- Մոսկվայի պահանջով այսպիսի տեքստ էր փոխանցում Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքը :

Թվում էր, թե Մոսկվան նույն տեքստն էր պահանջել նաեւ Հայաստանի ընդդիմությունից եւ այն ստացել ՀԱԿԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի միջոցով. «…անկախ այն պայմաններից, որոնցում անցել է Ղրիմի ճակատագիրը որոշող հանրաքվեն, տեղի է ունեցել Ղրիմի ժողովրդի հստակ կամարտահայտություն, որի արդյունքները պիտի հաշվի առնվեն ցանկացած լուծման պարագայում»:

Կիեւի արձագանքը զրկեց Երեւանին աշխարհաքաղաքական ծովում ռուսական նավին համընթաց տարուբերվելու հնարքից. Կիեւը նոտա հղեց Երեւանին՝ խորհրդակցության նպատակով ետ կանչելով իր դեսպանին՝: Երեւանում չգիտեին, որ քո բարեկամի թշնամին դեռեւս քո ստույգ թշնամին չէր: Մինչդեռ Հայաստանի բարեկամ հռչակված Ռուսաստանի թշնամիներն աճում էին, որոնք կարող էին դառնալ նաեւ Հայաստանի թշնամիները:
Եվ թեպետ Հայաստանի իշխանության եւ ընդդմության միջեւ միակարծություն էր տիրում Ղրիմի հանրաքվեի առումով, սակայն հանրության մյուս հատվածներում բաժանումն ակնհայտ էր: Ղրիմի հանրաքվեն երկրորդ անգամ պառակտեց Հայաստանի հասարակությանը՝ 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո դառնալով ներհայաստանյան պառակտման երկրորդ պատճառը:

3.
Ղրիմը Կարսը չէ, Արդահանը չէ, Վանը չէ. այն անգամ Ղարաբաղը չէ

Ներհայաստանյան նոր բանավեճի՝ Ղրիմի հանրաքվեի թեման զգայուն էր եւ կարող էր խայծ ծառայել Ադրբեջանից հանրաքվեով անջատված-ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի համար: Հայաստանի հասարակության մի հատվածն անկեղծորեն հավատում էր, որ Ղրիմի՝ թեկուզեւ ուժային մեթոդներով անցկացված հանրաքվեն առնվազն Ռուսաստանի կողմից Ղարաբաղի ճանաչման հնարավորության դուռ է բացում: Հանրության այս հատվածում հրճվանքն այնքան մեծ էր, որ թվում էր, թե Մոսկվան Թուրքիայից գրավել էր Վանը, Կարսը, Արդահանը եւ դրանք նվիրաբերել Հայաստանին: Հանրության երկրորդ հատվածը գիտակցում էր Ղրիմի հանրաքվեի աշխարհաքաղաքական անդառնալի բարդ հետեւանքները՝ նախկին ԽՍՀՄ հանրապետությունները կրնկի տակ պահելու ռուսական սպառնալիքը: Հանրության այս հատվածը դեմ էր Ղրիմի հանրաքվեին: Ներհայաստանյան կյանքում առավել վտանգավոր էր հանրության այն հատվածը, որ Ղարաբաղի եւ Ղրիմի հանրաքվեների միջեւ զուգահեռներ էր մատնացույց անում Մոսկվայի թելադրանքով: Ռուսաստանի իրական կամ ազդեցության գործակալներն այնքան հեռուն գնացին Մոսկվային ինքնանվիրման մեջ, որ այս վտանգավոր խնդրի շուրջ պառակտեցին ոչ միայն Հայաստանի, այլեւ Ղարաբաղի հասարակություններին: Ղարաբաղը Ռուսաստանի կազմ հրելու՝ ռուսական ձգտմանը հետամուտ Ստեփանակերտում անցկացված պաշտոնական տոնահանդեսով Ղրիմի հանրաքվեին ցուցաբերած աջակցությամբ Հայաստանի եւ Ղարաբաղի պառակտման սկիզբը դրեց: Այն, ինչ չէր հաջողվել անել անգամ Հայաստանը ղեկավարող ղարաբաղյան ծագմամբ գործիչներին Հայաստանում իրենց անփառունակ կառավարման տասնմեկ տարիների ընթացքում, հաջողվեց Մոսկվային: Ստեփանակերտում անցկացված տոնահանդեսը եւ Ռուսաստանի կազմ մտնելու ձգտումները երրորդ անգամ պառակտեցին Հայաստանի հանրությանը՝ վիրավորանք եւ անվստահություն արթնացնելով Ղարաբաղի հանդեպ:

«Ամեն ինչը պետք է գնահատել արդյունքներով»,-ՀՀ ԱԳՆ-ում հանդիպման ժամանակ հայտարարեց Սերժ Սարգսյանը: Արդյունքները, ավելի ճիշտ՝ հետեւանքներն անհնար էր չտեսնել. յոթ ամիսների ընթացքում իր քաղաքական ուղեգծի հետեւանքով Հայաստանի հանրությունը եռակի պառակտվել էր:

Այս տարվա մարտի 19-ին ՄԱԿ-ի ԱԽ նիստում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը նետել էր ՌԴ ներկայացուցչի երեսին. «Ռուսաստանը կարծես թե որոշել է խմբագրել իր սահմանները, բայց նրան չի հաջողվի խմբագրել փաստերը: Գողը կարող է գողանալ ուրիշի սեփականությունը, բայց ոչ՝ սեփականության իրավունքը»:
Փաուերն անկեղծ էր, սակայն՝ դյուրահավատ. Ռուսաստանն ուժով սրբագրում էր սահմանները, արհամարհում՝ փաստերը, ներխուժում այլ սեփականության տարածք ու հաստատվում այնտեղ եւ պառակտում հասարակություններին:

Պարզապես երբեմն փոքր խզումը կարող է մեծ ճեղք դառնալ, եւ անգամ մեծ Ռուսաստանը կարող է վայր ընկնել՝ չնկատելով այն ճեղքը, որն ինքն է բացել:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31