Կհամալրվեն ոստիկանության կրտսեր խմբի թափուր պաշտոնները
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ ոստիկանությունում մատնադրոշմային քարտադարանի կազմակերպման և գործունեության կարգը, որով կանոնակարգվում են վերցված մատնադրոշմը և դեպքի վայրից վերցված ձեռքի հետքը մատնադրոշմային քարտարան մուտքագրելու, հաշվառելու, մատնադրոշմային տեղեկություն տրամադրելու, պահպանելու, հաշվառումից հանելու հետ կապված հարաբերությունները: Մատնադրոշմային քարտադարանը ոստիկանության կողմից վարվող տվյալների պահոց է, որտեղ հավաքվում, ծածկագրվում, համակարգվում և պահպանվում են մատնադրոշմային տեղեկությունները:
Նախնական մասնագիտական կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացումն իրականացվում է ուսուցման առկա ձևով, որի համար ուսումնառության ժամկետ է սահմանված վեց ամիսը: Նկատի առնելով կրտսեր խմբի թափուր պաշտոնների արագ համալրման անհրաժեշտությունը, կառավարությունը մինչև 2016թ. հունվարի 1-ը ուսուցման ժամկետը կրճատել է երեք ամսով, որպեսզի սահմանված կարգով համալրվեն շուրջ 1500 հաստիքները:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ