Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարի ավարտին մնում է ընդամենը երեք տուր:
Երեկ կայացած 11-րդ տուրը միակը եղավ, որում բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Հետեւաբար, մրցաշարային աղյուսակում տեղերի վերադասավորություն չարձանագրվեց:
1. Վիշվանաթան Անանդ՝ 7,0
2. Լեւոն Արոնյան՝ 6,0
3. Պյոտր Սվիդլեր՝ 5,5
4. Շախրիյար Մամեդյարով՝ 5,5
5. Սերգեյ Կարյակին՝ 5,5
6. Վլադիմիր Կրամնիկ՝ 5,0
7. Դմիտրի Անդրեյկին՝ 5,0
8. Վեսելին Տոպալով՝ 4,5
Աշխարհի նախկին չեմպիոնը վստահորեն պահպանում է միանձնյա առաջատարի դիրքը եւ այս պահի դրությամբ Մագնուս Կարլսենին ձեռնոց նետելու իրավունքի ամենահավանական թեկնածուն է, եթե նրանից մեկ միավոր պակաս վաստակած Լեւոն Արոնյանը վճռական «ճեղքում» չկատարի: Թեեւ պիտի խոստովանել, որ դրա համար Լեւոնին ժամանակ գրեթե չի մնում: Եթե հնդիկ գրոսմայստերը մնացած երեք տուրերում միայն ոչ-ոքիներ անի, այդ դեպքում Արոնյանը պարտավոր է լինելու երեք մրցակիցներին էլ անպայման հաղթել՝ սկսած Վլադիմիր Կրամնիկից, որի հետ խաղում է այսօր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ