Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձություններ ԵԽ ԽՎ նստաշրջանում. «168 ժամ»

Մարտ 27,2014 11:45

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի՝ ապրիլի 7-ին մեկնարկող գարնանային նստաշրջանում քվեարկության է դրվելու եվրոպացի
պատգամավորների կողմից ներկայացված բանաձև, որով առաջարկվում է Ռուսաստանի Դաշնության ազգային պատվիրակությանը զրկել քվեարկության, ձայնի իրավունքից և կասեցնել պատվիրակության լիազորությունները։

ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկատվությունը՝ նշելով, որ Ռուսաստանի պատվիրակության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին առաջարկն արվել է եվրոպացի պատգամավորների կողմից։ Մեր տեղեկություններով՝ հայաստանյան պատվիրակության անդամները դեռ չեն հանդիպել միմյանց և չեն քննարկել բանաձևի մանրամասները, թեև պատվիրակության հանդիպումները չեն ենթադրում միասնական դիրքորոշման ձևավորում, յուրաքանչյուր պատգամավոր քվեարկում է ազատ։ Ուստի պատվիրակության հիմնական չորս անդամներից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս են քվեարկելու նրանք ՌԴ պատվիրակության նկատմամբ սանկցիաներ կիրառելու բանաձևին։
Մեզ հետ զրույցում Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ ինքը դեմ է քվեարկելու ՌԴ-ի նկատմամբ սանկցիաներ կիրառելու բանաձևին՝ նշելով, որ դրանք որևէ դրական լիցք իրենց մեջ չեն պարունակում։ «Անձամբ ես քվեարկելու եմ դեմ, որովհետև համարում եմ, որ նման սանկցիաները օգտակար ոչինչ իրենց մեջ չեն պարունակում։ Նման սանկցիաները, բացի նեգատիվից, որևէ պոզիտիվ լիցք իրենց մեջ չունեն, դրական արդյունքի չեն հանգեցնում։ Իրականում սա այն կառույցն է, որը պետք է աշխատեր, լուրջ աշխատեր, պետք է երկխոսություններ լինեին, իսկ կառույցը կատարեց կոպիտ սխալներ՝ նույն Ուկրաինայի հետ կապված հարցերում։ Ես համենայնդեպս չեմ համարում, որ սանկցիաները որևէ դրական արդյունք կունենան»,- ասաց Դ. Հարությունյանը։

Նա նշեց, որ իր համար նման որոշում կայացնելը դժվար չի եղել, որովհետև ինքը միշտ դեմ է արտահայտվել որևէ մեկի նկատմամբ սանկցիաներ կիրառելու երևույթին։ «Ես համարում եմ, որ ԵԽ ԽՎ-ն այն կառույցն է, որտեղ որևէ մեկի հանդեպ սանկցիաներ պետք է չկիրառվեն, այլ պետք է լինի երկխոսություն»,- հավելեց ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը։ Մեր հարցին, թե չե՞ք կարծում, որ «դեմ» քվեարկելը կդիտարկվի որպես Ռուսաստանին պաշտպանելու, Ռուսաստանին դեմ չգնալու փորձ, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, թե ինքը գիտի՝ կլինեն տարբեր մեկնաբանություններ, բայց դա չի նշանակում, որ «այդ պատճառով չեն կատարելու այն քայլը, որը ճիշտ են համարում»։

Հետաքրքրվեցինք նաև, թե, այդուհանդերձ, «դեմ» քվեարկելու որոշման վրա չի՞ ազդում ՌԴ-ի գործոնը։ Մեր հարցին Դավիթ Հարությունյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով. «Իհարկե հաշվի ես առնում հարաբերությունները, ամեն ինչ հաշվի ես առնում, անհեթեթություն կլիներ ասելը, որ նման դեպքերում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հաշվի չես առնում, բայց դա չի նշանակում, որ այդ քայլը կատարելիս ղեկավարվում ես միայն դրանով»։ Դավիթ Հարությունյանի համոզմամբ՝ ԵԽ ԽՎ-ն չի փոխի իր վերաբերմունքը հայաստանյան պատվիրակության վերաբերյալ, եթե պատվիրակության անդամները դեմ քվեարկեն բանաձևին:

Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31