Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորները Քեսաբ են մեկնել իրենց նախաձեռնությամբ. «Ժողովուրդ»

Մարտ 27,2014 11:20

Նախօրեին Ազգային ժողովը պաշտոնապես տեղեկություն տարածեց, որ մարտի 24-ի երեկոյան ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Նաիրա Կարապետյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Արման Սահակյանը, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն ու անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մեկնել են Սիրիա՝ տեղում ծանոթանալու Քեսաբ քաղաքում եւ հարակից բնակավայրերում ծավալվող վերջին իրադարձություններին։ Վերադառնալուց հետո նրանք Ազգային ժողովին կներկայացնեն իրավիճակը։ Այս տեղեկությունը ԱԺ մյուս խմբակցությունների համար անակնկալ էր, քանի որ վերջիններս տեղյակ չէին, որ ԱԺ պատգամավորների պատվիրակությունը Քեսաբ է մեկնելու։ ԱԺ ՀՅԴ եւ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները հայտարարեցին, թե անհասկանալի է, որ իրենցից «թաքուն» է պահվել նման լուրջ իրադարձությունը եւ տարակուսելի է, թե ինչու է նման կազմով պատվիրակությունը ձեւավորվել, երբ կարելի էր ԱԺ բոլոր խմբակցություններից գոնե մեկ ներկայացուցիչ ուղարկել Քեսաբ։ Առավել եւս, որ անտեսվել է նաեւ ՀՅԴ խմբակցությունը, որը Սիրիայում բավականին մեծ կառույց ունի եւ որի ներկայացուցիչները սիրիահայերին օգնելու համար կազմակերպել էին «Օգնիր եղբորդ» լայնածավալ նախաձեռնությունը։ Երեկ այս հարցերի պատասխանը «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից։

– Պարոն Սահակյան, ինչո՞ւ եք գաղտնի, առանց ԱԺ մյուս խմբակցություններին տեղեկացնելու պատվիրակություն ուղարկել Սիրիա։ Պատգամավորների մեծ մասն անակնկալի է եկել Ձեր քայլից։

– Դա պատվիրակություն չէ, սեփական նախաձեռնություն է, պատգամավորները դիմել են Ազգային ժողովի նախագահին, իսկ ԱԺ նախագահն էլ աջակցել է։ Սա նշանակում է, որ ԱԺ նիստերից բացակայությունը կհամարվի հարգելի։

– Այսինքն՝ երիտասարդ պատգամավորնե՞րն են նախաձեռնել, այլ ոչ թե Ձեր խմբակցությունն է պատգամավորներին գործուղել Սիրիա։

– Այո, անձնական նախաձեռնություն է եղել, եւ կարծում եմ՝ այն գնահատելի նախաձեռնություն է։ Պատգամավորները գործուղված չեն, եթե դա լիներ ԱԺ խնդիր, կարծում եմ, որ ավելի ներկայացուցչական պատվիրակություն կգնար։ Դա իրենց նախաձեռնությունն է։

– Դուք, որպես ՀՀԿ խմբակցության ղեկավար, տեղյա՞կ եք, թե պատգամավորներն այնտեղ ինչ պետք է անեն, խմբակցությունում քննարկվե՞լ է Քեսաբում նրանց անելիքների հարցը։

– Միակ դեպքն է, որ քննարկման խնդիր չի եղել։ Այն, ինչը վերաբերվում է հայ ժողովրդին, բոլորը կկարողանան իրենց նախաձեռնությամբ հանդես գալ։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31