Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նախագահ Սարգսյանն իսկապե՞ս Ղրիմում կամարտահայտությունը համարում է ազատ»

Մարտ 27,2014 14:40

Ըստ «Կարնեգի» հիմնադրամի (Վաշինգտոն) առաջատար աշխատակից
Լիլյա Շեւցովայի` այդ դեպքում նա «պարզապես ապատեղեկացված է»

– Պաշտոնական Կիեւը, ինչպես նաեւ արեւմտյան երկրները, միջազգային կազմակերպությունները Ղրիմի հանրաքվեն հակասահմանադրական գնահատեցին: Տիկին Շեւցովա, նախ` ինչի՞ հասավ Ռուսաստանը, ՌԴ-ն ցանկանո՞ւմ է պատերազմել Ուկրաինայի հետ: Եվ վերջին իրադարձությունների համատեքստում կարելի՞ է ՌԴ-ի կողմից հետխորհրդային տարածքում քաղաքականության կոշտացում սպասել:

– Ղրիմի հանրաքվեն իսկապես հակասահմանադրական էր` Ուկրաինայի Սահմանադրության տեսակետից: Բացի այդ, հանրաքվեի անցկացումը «հրացանի փողի» տակ, այսինքն` Ղրիմի բռնակցման պայմաններում՝ «անհայտ» զինված ուժերի կողմից անգամ հնարավորություն չէր տալիս հանրաքվեի արդյունքները լեգիտիմ համարել, որի վերաբերյալ կա Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունը: Ռուսաստանի հետագա գործողությունները` Ղրիմը ՌԴ-ին միավորելու ուղղությամբ, միջազգային մի շարք պայմանագրերի խախտումներ էին` ներառյալ 1994թ. Բուդապեշտի համաձայնագիրը եւ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ինչպես նաեւ Հելսինկյան համաձայնագիրը եւ ԵԱՀԿ-ի կանոնադրությունը: Բացի այդ, ճակատագրի հեգնանքով Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը հակասում է ՌԴ-ի օրենսդրության ոգուն եւ նորմերին: Ռուսաստանի Քրեական օրենսգրքում միամտաբար փոփոխություն է մտցվել, համաձայն որի` նույնիսկ կոչերը՝ ուղղված Ռուսաստանի տարածքային ամբողջականության որոշման արդյունքում ենթակա են պատժի` ազատազրկմամբ: Բնական է, որ Ղրիմի բռնակցումը չի ճանաչվի միջազգային հանրության կողմից:
Ֆորմալ առումով Կրեմլը Ուկրաինայի հետ պատերազմական վիճակի մասին պաշտոնապես չի հայտարարել: Ուկրաինան չի դիմադրում Կրեմլի գործողություններին: Բայց Ռուսաստանի գործողությունները համընկնում են ուկրաինական տարածքների մի մասի բռնազավթման նշաններին: Նախադեպ է ստեղծվում, երբ Ռուսաստանը կարող է փորձել «պաշտպանել ռուսալեզու բնակչության շահերը» այլ չճանաչված պետություններում: Բայց որքան ես հասկանում եմ, Հայաստանին նման սցենար չի սպառնում…

– Շախմատի աշխարհի չեմպիոն եւ ռուսաստանցի ընդդիմադիր Գարի Կասպարովը վերջերս The Washington Post-ում քննադատեց արեւմտյան քաղաքական գործիչներին Վլադիմիր Պուտինին դիմադրելու անվճռականության մեջ՝ նշելով, որ Պուտինն իր գործողություններով Ղրիմում հերքեց այն կանխատեսումները, թե ներխուժումը հակասում է ՌԴ շահերին. «Վաղուց ժամանակն է դադարել լսել պրոֆեսորներին իրենց դասախոսություններով այն մասին, թե Պուտինը երբեք ինչ չի անի, եւ ժամանակն է արձագանքել նրան, ինչ նա արդեն անում է, քանի դեռ նա նորից չի սկսել դա անել… Եվրոպական երկրների ղեկավարները եւ «Ությակը» գտնվում են «կամավոր կաթվածի» վիճակում»,- գրել էր Կասպարովը: Տիկին Շեւցովա, Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ առճակատումը կխորանա՞, թե՞ Արեւմուտքի կողմից կառուցողական մոտեցում կցուցաբերվի:

– Ես որեւէ հակափաստարկ չունեմ, որով կարող եմ հակազդել Գարի Կասպարովին: Ես համաձայն եմ Արեւմուտքի` «կաթվածի» վիճակի եզրակացության հետ: Դա դրսեւորվում է թեկուզ նրանում, որ Արեւմուտքը չգիտի՝ ինչպես արձագանքել ներկա աշխարհակարգի փլուզմանը եւ հետպատերազմյան` սահմանների անխախտելիության հիմնարար սկզբունքի խախտմանը:

Ռուսաստանի նկատմամբ ժողովրդավարական մոտեցումների առումով հիմա վերաբերմունքն անամպ չի լինի: Կարելի՞ է խոսել անխուսափելի առճակատման մասին… Կարծում եմ՝ առայժմ վաղ է նման եզրակացություն անել: Բայց հարաբերությունների միջեւ սառը աշունն արդեն իսկ վրա է հասել: Այն ցուրտ ձմռան կանցնի` կապրենք, կտեսնենք: Հարցնում եք` «կառուցողական մոտեցումների» հնարավորության մասին Արեւմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ: Ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս եք այդ մոտեցումը հասկանում` Արեւմուտքը պետք է ճանաչի՞ Ռուսաստանի կողմից բռնակցումը: Կամ` Արեւմուտքը պետք է Ռուսաստանին ստիպի դուրս գա՞լ Ղրիմից… Ոչ մեկը, ոչ մյուսը մոտ ապագայում տեղի չի ունենա:

– Վերջերս Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ հեռախոսազրույց էր տեղի ունեցել: Նախագահները մտքեր էին փոխանակել ուկրաինական ճգնաժամի թեմայի եւ դրանից ելքեր գտնելու շուրջ: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել էին Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին եւ արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը, միաժամանակ ընդգծվել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը նվիրվածությունը: Տիկին Շեւցովա, ի՞նչ եք կարծում՝ Հայաստանի իշխանությունները կարո՞ղ էին այլ մոտեցում ցուցաբերել:

– Եթե երկու նախագահները իսկապես եկել են նման եզրահանգման, որի մասին դուք նշում եք, ապա դա նշանակում է, որ նրանք հաստատել են, որ չեն ընդունում միջազգային նորմերը: Մի երկրի կողմից մեկ այլ երկրի տարածքի գրավումից հետո տեղի ունեցածն արդյոք կարելի՞ է «ազատ» կամարտահայտություն համարել: Եվ ի՞նչ է, նախագահ Սարգսյանն իսկապե՞ս Ղրիմում կամարտահայտությունը համարում է ազատ: Այդ դեպքում նա պարզապես ապատեղեկացված է: Ինչ վերաբերում է երկու նախագահների պատրաստակամությանը` հետեւել միջազգային օրենքներին եւ ՄԱԿ-ի կանոնադրությանը, դա գովելի է: Բայց նրանցից մեկն արդեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը: Դժվարանում եմ ասել, թե Հայաստանի իշխանությունները կարո՞ղ էին այլ մոտեցում ցուցաբերել նման իրավիճակում, որում գտնվում է Հայաստանը:

– Կարծիքներ են հնչում, թե մոտ ապագայում Ռուսաստանը այնքան զբաղված է լինելու Ուկրաինայով, որ ակտիվ գործողությունների չի դիմի Ղազախստանում, Բելառուսում եւ, հատկապես՝ Հայաստանում: Համամի՞տ եք:

– Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե որ ուղղությամբ կարող են տարածվել ռուսական շոշափուկները: Երկու հանգամանք է կարեւոր: Առաջինը` Մոսկվան այսուհետեւ Ռուսաստանին կպարտադրի միլիտարիստական, ռազմական պարադիգմա, որը նշանակում է էքսպանսիոնիզմ եւ թշնամու փնտրտուք: Երկրորդը` պետությունները, որոնք գտնվում են ռուսական ուղեծրում (եւ դուք ինքներդ կարող եք որոշել, թե ինչպիսին է այն որպես պետություն), ստիպված են լինելու վճարել տնտեսական լոյալության եւ ռուսական աջակցության համար: Այնքան էլ հարմարավետ պայմաններ չեն գոյատեւման համար:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31