Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, ինչ կարելի է Ուկրաինային, չի կարելի Հայաստանին

Մարտ 27,2014 10:17

Ուկրաինայի հետ Եվրոպական միության ասոցացման համաձայնագրի մասնակի ստորագրումը կարո՞ղ է նախադեպ դառնալ ԵՄ մյուս գործընկեր երկրների հետ նմանատիպ համաձայնագրերի կնքման համար: Այս հարցը տարբեր ձեւակերպումներով հնչում էր Արեւելյան գործընկերության էստոնական կենտրոնի եւ Երեւանում Եվրոպական միության կենտրոնի համատեղ նախաձեռնության շնորհիվ Էստոնիա ժամանած հայ լրագրողների գրեթե բոլոր քաղաքական հանդիպումների ընթացքում՝ այն համատեքստում, թե միասնական մոտեցում չի ցուցաբերվում Արեւելյան գործընկերության անդամ պետությունների նկատմամբ:

Էստոնիայի քաղաքական հարցերով փոխարտգործնախարար տիկին Կուլլիկե Սիլլաստե-Էլլինգի (լուսանկարում) հետ հանդիպման ընթացքում «Առավոտը» ուղղեց նույն հարցը՝ հիշեցնելով, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջերս կարծիք էր հայտնել, որ ԵՄ-ի որոշումը՝ Ուկրաինայի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, հնարավորությունների դուռ է բացում նաեւ Հայաստանի համար:

Էստոնիայի փոխարտգործնախարարն ի պատասխան ասաց. «Կարծում եմ, պետք է նախ դիտարկենք Արեւելյան գործընկերության անդամ բոլոր երկրների հետ հարաբերություններն առանձին-առանձին: Ուկրաինայի դեպքում չկա համաձայնագրի տարանջատում: Ուղղակի նախ ստորագրվել է համաձայնագրի քաղաքական մասը, որը ներառված է Խորը եւ համապարփակ առեւտրի համաձայնագրում»:

Նկատեցինք, թե մինչ Հայաստանի նախագահը սեպտեմբերի 3-ին կհայտարարեր Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին՝ արդեն իսկ եվրոպացի պաշտոնյաների կողմից բազմիցս հնչում էին հավաստիացումներ, թե Ասոցացման ու խորը և համապարփակ առևտրի համաձայնագրերը մեկ փաթեթ են կազմում ու հնարավոր չէ դրանք տարանջատել: Հիմա փաստորեն Ուկրաինայի համար արվեց բացառություն. ինչո՞ւ չի կարող այդ բացառությունը լինել նաեւ ԱԼԳ այլ երկրների համար՝ «Առավոտի» այս հարցին էլ Կուլլիկե Սիլլաստե-Էլլինգը պատասխանեց. «Ինչպես արդեն բացատրեցի՝ խորը եւ համապարփակ առեւտրի համաձայնագիրը դեռ պետք է ստորագրվի Ուկրաինայի կողմից: Իսկ Հայաստանի դեպքում, որքան հասկանում եմ՝ առաջարկվում է Ասոցացման համաձայնագիրն առանձնացնել Խորը եւ համապարփակ առեւտրի համաձայնագրից: Քանի որ անդամակցում եք Մաքսային միությանը՝ չեք կարող ստորագրել առեւտրի այդ համաձայնագիրը: Իսկ Ուկրաինան կարող է եւ ուզում է»:

Ի պատասխան «Արմենպրեսի» թղթակցի հարցի, թե արդյոք այս առումով չե՞ն դրսեւորվում կրկնակի չափանիշներ՝ Էստոնիայի փոխարտգործնախարարը ժխտական պատասխան տվեց, ու հավելեց. «Ըստ էության, տարբեր երկրների հետ աշխատանքում առաջարկվում են տարբեր լուծումներ, եւ ես կարող եմ օրինակ բերել, որ Վիլնյուսի գագաթաժողովում Հայաստանն էր ԱԼԳ անդամ այն միակ երկիրը, որի հետ ստորագրվեց համատեղ հռչակագիր: Այն դեպքում, երբ մյուս երկրների հետ նման ոչ մի բան չարվեց: Այսինքն` լինում են տարբեր մոտեցումներ, եւ Ուկրաինայի պարագայում ներկա դրությամբ որոշվեց, թե, այո, աջակցող կլինի այն քայլը, եթե ստորագրվի այդ հատվածը, եւ հետո լինի շարունակություն, հատկապես որ փաստաթուղթը համաձայնեցվել է տարիներ առաջ»:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Տալլին

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. bzjackal says:

    ԵՄ դիվանագետների ու պաշտոնյաների համար երևանյան խորտկարանները պետք է հատուկ սահմանափակումներ մտցնեն: Եթե նրանք ցանկություն ունեն, օրինակ, «թփով տոլմա» ուտելու, ապա նրանց պետք է առաջարկել միայն տերևները, քանի որ նրանք չեն կարող նույն միսն ուտել միաժամանակ եվրոպական ու հայկական կերակրատեսակներում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31